Logo

Վարազդատ Լալայանը` օլիմպիական փոխչեմպիոն, Գոռ Մինասյանը` բրոնզե մեդալակիր

00:31 / 11.08.2024Ծանրամարտ
null

Փարիզում ավարտին մոտեցող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի վերջին ներկայացուցիչը` ծանրորդ Վարազդատ Լալայանը (+102 կգ) դարձավ փոխչեմպիոն:

Եվրոպայի գործող չեմպիոնը գերծանր քաշային կարգի երկամարտում գրանցեց 467 կգ (215+252) արդյունք և նվաճեց Հայաստանի չորրորդ ու վերջին մեդալը Փարիզ-2024-ում:

Թե՛ պոկում, թե՛ հրում վարժությունում 25-ամյա Լալայանը հաջող կատարեց առաջին ու երկրորդ մոտեցումները, իսկ երրորդ փորձերը ձախողեց։ Մրցման վերջնամասում հենց հայ ծանրորդն էր չեմպիոնական պայքար մղում աշխարհի ռեկորդակիր Լաշա Տալախաձեի հետ, որն ավելի ուժեղ գտնվեց ու դարձավ եռակի օլիմպիական չեմպիոն։

Աշխարհի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն 30-ամյա վրացի ծանրորդը երկամարտում 3 կգ գերազանցեց Վարազդատ Լալայանին՝ գրանցելով 470 կգ (215+255) արդյունք:

Բրոնզե մեդալի արժանացավ Բահրեյնը ներկայացնող հայ ծանրորդ Գոռ Մինասյանը` երկամարտի 461 կգ (216+245) արդյունքով: 2016 թվականին Ռիոյում կայացած Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշի ներքո արծաթե մեդալակիր դարձած 29-ամյա Մինասյանը պոկում վարժությունից հետո առաջատարն էր, սակայն չկարողացավ զարգացնել հաջողությունը։

Հայաստանը քառամյակի գլխավոր մարզական իրադարձությանը մասնակցում էր 15 մարզիկով և ելույթն ավարտեց երեք արծաթե և մեկ բրոնզե մեդալով։

Հայաստանի թիմի առաջին մեդալը նվաճել էր Արթուր Դավթյանը, որն օգոստոսի 4-ին երկրորդ տեղն էր գրավել սպորտային մարմնամարզության հենացատկի վարժությունում։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Արթուր Ալեքսանյանն (97 կգ) օգոստոսի 7-ին դարձել է կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն, իսկ Մալխաս Ամոյանն (77 կգ) Օլիմպիական խաղերում նորամուտը նշել էր բրոնզե մեդալով։

Այս պահի դրությամբ Հայաստանը մեդալային հաշվարկում 66-րդն է: Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 11-ին:

Հիշեցնենք, որ 2021թ․ Տոկիոյում կայացած նախորդ Օլիմպիական խաղերին Հայաստանը մասնակցել էր 17 մարզիկով, նվաճել էր երկուական արծաթե ու բրոնզե մեդալ և 69-րդ տեղը գրավել մեդալային հաշվարկում։ Արթուր Ալեքսանյանն օլիմպիական ոսկե ու արծաթե մեդալներին ավելացրել էր նաև արծաթը, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ անգամ դարձել էր օլիմպիական փոխչեմպիոն, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն արժանացել էին բրոնզե մեդալի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ