Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (77 կգ) Օլիմպիական խաղերում նորամուտը նշեց բրոնզե մեդալով։
Փարիզ-2024-ում 25-ամյա ըմբիշը դարձավ բրոնզե մեդալակիր՝ նվաճելով Հայաստանը երկրորդ մեդալը։
Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջանության ոսկե մեդալակիր Ամոյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 6-5 հաշվով հաղթեց Ուզբեկստանը ներկայացնող հայ ըմբիշ Արամ Վարդանյանին։
Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Մալխաս Ամոյանն օգոստոսի 6-ին մեկնարկել էր 1/8 եզրափակիչից և 8-0 հաշվով վստահ հաղթանակի հասել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Յոնի Սարկինենի նկատմամբ, իսկ երկրորդ գոտեմարտում ուժեղ էր գտնվել իրանցի Ամին Կավիյանինեժադիից՝ 3-0։ Կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 1-3 հաշվով պարտվել էր 2023թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Ասիայի գործող չեմպիոն, 23-ամյա ճապոնացի Նաո Կուսակային, որը քառորդ եզրափակիչում Արամ Վարդանյանին հաղթել էր 12-2 հաշվով։
Հիշեցնենք, որ օլիմպիական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի 7-ակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) երրորդ անգամ անընդմեջ դուրս է եկել Օլիմպիական խաղերի եզրափակիչ և այսօր տիտղոսը կվիճարկի իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ: Սլավիկ Գալստյանն (67 կգ) էլ երկու հաղթանակ տանելուց հետո պարտվել է կիսաեզրափակիչում և բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի օգոստոսի 8-ին։


