Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) օլիմպիական մեդալների հավաքածունին ավելացրեց ևս մեկը՝ արծաթե մեդալ։
Փարիզում շարունակվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի եզրափակիչում 32-ամյա գյումրեցի ըմբիշը գոտեմարտեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, իրանցի Մոհամադհադի Սարավիի դեմ և պարտվեց 1-4 հաշվով։
Առաջին մրցափուլում Արթուր Ալեքսանյանն ավելի ակտիվ էր և ստացավ պարտերում վերևից աշխատելու հնարավորություն, սակայն չկարողացավ գլորում կատարել ու բավարարվեց մեկ միավորով։ Առաջին մրցափուլն ավարտվեց 1-0 հաշվով։
Երկրորդում արդեն իրանցի ըմբիշը ստացավ պարտերի հնարավորություն, բայց չկարողացավ գլորել Ալեքսանյանին։ 1-1 հաշիվը պահպանվում էր մինչև երկրորդ մրցափուլի միջնամասը, երբ Սարավին հրեց օլիմպիական չեմպիոնին և երկու միավորանոց հնարք գրանցեց: Հայաստանի թիմի մարզիչները չելենջ պահանջեցին, սակայն մրցավարները չբարարարեցին բողոքարկումը: Հաշիվը դարձավ 1-4 ու գոտեմարտն այդպես էլ ավարտվեց։
Ալեքսանյանը և Սարավին նախկինում հանդիպել էին երեք անգամ, բոլոր գոտեմարտերում հաղթել էր հայ ըմբիշը։
Փարիզ-2024-ում Արթուր Ալեքսանյանը մեկնարկել էր հարավկորեացի Սինջուն Կիմի նկատմամբ վստահ հաղթանակով (9-0), երկրորդ գոտեմարտում լարված պայքարում 9-5 հաշվով հաղթել էր 40-ամյա ուզբեկ Ռուստամ Ասակալովին, իսկ կիսաեզրափակիչում 5-3 հաշվով ռևանշի էր հասել աշխարհի գործող չեմպիոն, կուբացի Գաբրիել Ռոսիլյոյի նկատմամբ։
Հիշեցնենք, որ նախորդ երեք Օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանը նվաճել էր ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ, նա նաև աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն է։ Փարիզ-2024-ի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Մալխաս Ամոյանն (77 կգ) օգոստոսի 7-ին դարձել էր բրոնզե մեդալակիր, իսկ Սլավիկ Գալստյանը (67 կգ) երկու հաղթանակ տանելուց հետո պարտվել էր կիսաեզրափակիչում ու բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի օգոստոսի 8-ին։


