Փարիզում շարունակվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 2-ին ռինգ դուրս կգա բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը` 2021 թ. աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (+92 կգ), որը կանցկացնի երկրորդ մենամարտը։
Գյումրեցի բռնցքամարտիկի 1/8 եզրափակիչում ուժերը կչափի Եվրոպայի գործող չեմպիոն, Իսպանիայի ներկայացուցիչ Այուբ Ղադֆա Դրիսելի հետ։ Մենամարտը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին։ Հաղթողը կապահովի առնվազն բրոնզե մեդալ։
Առաջին մենամարտում 26-ամյա Չալոյանը լարված պայքարում հաղթել էր բրիտանացի Օլի Դելիշիուսին։
Հիշեցնենք, որ Դավիթ Չալոյանը Փարիզ-2024-ի բացման արարողության ժամանակ եղել է Հայաստանի դրոշակակիրը։
Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարն արդեն ավարտել են լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, որոնք չէին կարողացել հաղթահարել որակավորման փուլը, իսկ մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ) և Վահագն Դավթյանը (օղակների վարժություն) դուրս են եկել առանձին գործիքների եզրափակիչ ու օգոստոսի 4-ին պայքարելու են մեդալների համար։
Փարիզ-2024․ Հայաստանի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը



