Logo

Փարիզ-2024. Էլմիրա Կարապետյանը մոտ էր եզրափակիչ դուրս գալուն

16:21 / 27.07.2024Հրաձգություն
null

Փարիզում մեկնարկած 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում պայքարի մեջ է մտել Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, որը մոտ էր եզրափակիչի ուղեգիր նվաճելուն։

30-ամյա մարզուհին մասնակցել է 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևի կանանց որակավորման փուլին և 43 մարզուհիների պայքարում 576 միավորով գրավել է 9-րդ տեղը։ Կարապետյանին ընդամենը մեկ միավոր չի բավականացրել եզրափակիչ դուրս գալու համար։ Եզրափակիչ են անցել 8 լավագույն հրաձիգները։

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Հայաստանի օլիմպիական թիմից պայքարն ավարտել է նաև 21-ամյա լողորդ Վարսենիկ Մանուչարյանը, որը չի կարողացել հաղթահարել բաթերֆլայ ոճի 100 մետր մրցատարածության որակավորման փուլը։ 21-ամյա Մանուչարյանը 1:01:24 րոպե արդյունքով գրավել է 26-րդ տեղը, իսկ եզրափակիչ են անցել 16 լավագույն լողորդները։

Հուլիսի 27-ին պայքարի մեջ են մտնելու Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ։ Երևանի ժամանակով 17:30-ից մեկնարկելու է մարմնամարզության գործիքների որակավորման փուլը։

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր, Եվրոպական խաղերի հաղթող, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը մասնակցելու է հենացատկ վարժության որակավորման փուլին։

Պայքարի մեջ է մտնելու նաև Հայաստանի թիմի ամենատարեց անդամը` Եվրոպայի կրկանկի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, մարմնամարզիկ Վահագն Դավթյանը։ 35-ամյա մարզիկը մասնակցելու է օղակներ վարժության որակավորման փուլին։

Փարիզ-2024․ Հայաստանի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ