Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն և աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը չկարողացավ մեդալ նվաճել Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության օղակների վարժությունում: 35-ամյա մարմնամարզիկը եզրափակիչում վաստակեց 14,866 միավոր և գրավեց 6-րդ տեղը:
Օլիմպիական չեմպիոն դարձավ չինացի Լյուն, որը հավաքեց 15,300 միավոր: Երկրորդ տեղը գրավեց նրա հայրենակից Ջի Զուն (15,233), բրոնզե մեդալակիր դարձավ հույն Էլեֆթերիոս Պետրունիասը (15,100):
Վահագն Դավթյանն իր համար առաջին Օլիմպիական խաղերի որակավորման փուլում վաստակել էր 14,733 միավոր և գրավել 7-րդ տեղը: Նա Փարիզ-2024-ի ավագագույն մարմնամարզիկն է տղամարդկանց պայքարում:
Երևանի ժամանակով 18:24-ից հենացատկի եզրափակիչում հանդես կգա 2021թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Դավթյանը:
31-ամյա Դավթյանը որակավորման փուլում երկու ցատկերի հանրագումարում վաստակել էր 14,666 միավոր և գրավել 7-րդ տեղը:
Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ պայքարն ավարտել են նաև լողորդներ Վարսենիկ Մանուչարյանը, Արթուր Բարսեղյանը, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, որոնք չէին կարողացել հաղթահարել որակավորման փուլը, իսկ բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո պարտվել էր քառորդ եզրափակիչում:


