Փարիզում շարունակվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հուլիսի 30-ին պայքարի մեջ մտավ Հայաստանի առաջատար լողորդ Արթուր Բարսեղյանը։
22-ամյա մարզիկը մասնակցեց 100 մետր ազատ ոճի որակավորման փուլին և գրանցեց 51.54 վայրկյան արդյունք: 5-րդ մրցահերթում Բարսեղյանը 8 մասնակիցների մեջ 7-րդն էր: Նա չկարողացավ նվաճել եզրափակիչի ուղեգիր։ 79 լողորդների պայքարում Արթուրը գրավեց 53-րդ տեղը։
Արթուր Բարսեղյանը մասնակցել էր նաև նախորդ Օլիմպիական խաղերին: Տոկիո-2020-ում հայ լողորդը 50 մետր ազատ ոճում 43-րդն էր (23.14 վայրկյան), իսկ 100 մետր ազատ ոճում՝ 38-րդը (49.78 վայրկյան):
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարն ավարտել են նաև լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, որոնք չէին կարողացել հաղթահարել որակավորման փուլը, իսկ մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ) և Վահագն Դավթյանը (օղակների վարժություն) դուրս են եկել առանձին գործիքների եզրափակիչ ու օգոստոսի 4-ին կպայքարեն մեդալների համար։
Բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը (+92 կգ) հուլիսի 30-ին մեկնարկել էր հաղթանակով և դուրս եկել քառորդ եզրափակիչ: Օգոստոսի 2-ին 26-ամյա գյումրեցի բռնցքամարտիկը կմենամարտի Իսպանիան ներկայացնող Այուբ Գարֆայի հետ և հաղթելու դեպքում կապահովի առնվազն բրոնզե մեդալ:
Փարիզ-2024․ Հայաստանի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը


