Logo

Փարիզ-2024. Սլավիկ Գալստյանը պարտվեց կիսաեզրափակիչում

20:50 / 07.08.2024Ըմբշամարտ
null

Սլավիկ Գալստյանը (67 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Փարիզում շարունակվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում։

Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը գոտեմարտեց իրանցի Սաեդ Էսմաելի Լեիվեսիի դեմ և պարտվեց 4-10 հաշվով։ Գոտեմարտն անցավ լարված պայքարում։ Առաջին մրցափուլի ընթացքում Սլավիկ Գլաստյանը տուշեով հաղթանակ գրանցեց, սակայն իրանցիները չելենջ գցեցին: Մրցավարները բավարարեցին բողոքարկումը և տուշեն չեղյալ հայտարարվեց:

Եվրոպայի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր Գալստյանն օգոստոսի 8-ին կպայքարի բրոնզե մեդալի համար։ Նրա մրցակիցը կլինի կամ ալժիրցի Իշակ Ղաիուն, կամ Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն, կուբացի Լուիս Օրտան։

27-ամյա Գալստյանը Փարիզ-2024-ում մեկնարկել էր 1/8 եզրափակիչից և 3-2 հաշվով հաղթել էկվադորցի Անդրես Ռոբերտո Մոնտանյո Արոյոյին, իսկ երկրորդ գոտեմարտում նույն հաշվով ուժեղ էր գտնվել Ֆրանսիայի ներկայացուցիչ Մամադասա Սիլայից։

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչներ Մալխաս Ամոյանը (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ) քիչ անց անցկացնելու են մեդալային գոտեմարտեր։ Օլիմպիական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի 7-ակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը երրորդ անգամ անընդմեջ դուրս էր եկել Օլիմպիական խաղերի եզրափակիչ, իսկ Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Ամոյանը երկու հաղթանակ տանելուց հետո պարտվել էր կիսաեզրափակիչում ու բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի օգոստոսի 7-ին: Ալեքսանյանի մրցակիցը կլինի իրանցի Մոհամադհադի Սարավին, իսկ Ամոյանը բրոնզե մեդալը կվիճարկի Ուզբեկստանը ներկայացնող հայ ըմբիշ Արամ Վարդանյանի հետ, որն այսօր սփոփիչ գոտեմարտում ժամկետից շուտ 11-0 հաշվով հաղթել է ալժիրցի Էլկրիմ Ուակալին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ