Logo

Փարիզ-2024. Սլավիկ Գալատյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

15:33 / 07.08.2024Ըմբշամարտ
null

Փարիզում շարունակվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը (67 կգ) տարավ երկրորդ հաղթանակը և դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր, Եվրոպայի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր Գալստյանը երկրորդ գոտեմարտում 3-2 հաշվով հաղթեց ֆրանսիացի Մամադասա Սիլային։

1/8 եզրափակիչում հայ ըմբիշը մեկնարկել էր էկվադորցի Անդրես Ռոբերտո Մոնտանյո Արոյոյի նկատմամբ 3-2 հաշվով հաղթանակով։

Երեկոյան մրցահերթում 27-ամյա Գալստյանը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի իրանցի Սաեդ Էսմաելի Լեիվեսիի հետ, որը քառորդ եզրափակիչում 9-0 հաշվով հաղթեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն, կուբացի Լուիս Օրտային։

Հիշեցնենք, որ Փարիզ-2024-ի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչներ Մալխաս Ամոյանը (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ) պայքարի մեջ էին մտել օգոստոսի 6-ին: Օլիմպիական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի 7-ակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը երրորդ անգամ անընդմեջ դուրս էր եկել Օլիմպիական խաղերի եզրափակիչ, իսկ Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Ամոյանը երկու հաղթանակ տանելուց հետո պարտվել էր կիսաեզրափակիչում ու բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի օգոստոսի 7-ին: Ալեքսանյանի մրցակիցը կլինի իրանցի Մոհամադհադի Սարավին, իսկ Ամոյանը բրոնզե մեդալը կվիճարկի Ուզբեկստանը ներկայացնող հայ ըմբիշ Արամ Վարդանյանի հետ, որն այսօր սփոփիչ գոտեմարտում ժամկետից շուտ 11-0 հաշվով հաղթել է ալժիրցի Էլկրիմ Ուակալին։

Փարիզ-2024․ Հայաստանի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ