Logo

Փարիզ-2024. Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալը կվիճարկի Արամ Վարդանյանի հետ

13:16 / 07.08.2024Ըմբշամարտ
null

Փարիզում շարունակվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալը կվիճարկեն Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանը և Ուզբեկստանը ներկայացնող հայ ըմբիշ Արամ Վարդանյանը։

Սփոփիչ գոտեմարտում Վարդանյանը ժամկետից շուտ 11-0 հաշվով վստահ հաղթանակի հասավ ալժիրցի Էլկրիմ Ուակալիի նկատմամբ և հնարավորություն ստացավ երեկոյան մրցահերթում պայքարել բրոնզե մեդալի համար։

25-ամյա Մալխաս Ամոյանն օգոստոսի 6-ին Օլիմպիական խաղերում նորամուտը նշել էր 1/8 եզրափակիչից և 8-0 հաշվով վստահ հաղթանակի հասել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Յոնի Սարկինենի նկատմամբ, իսկ երկրորդ գոտեմարտում ուժեղ էր գտնվել իրանցի Ամին Կավիյանինեժադիից՝ 3-0։ Կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 1-3 հաշվով պարտվել էր 2023թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Ասիայի գործող չեմպիոն, 23-ամյա ճապոնացի Նաո Կուսակային, որը քառորդ եզրափակիչում Արամ Վարդանյանին հաղթել էր 12-2 հաշվով։

Հիշեցնենք, որ օլիմպիական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի 7-ակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) երրորդ անգամ անընդմեջ դուրս է   եկել Օլիմպիական խաղերի եզրափակիչ և այսօր տիտղոսը կվիճարկի իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ:

Օգոստոսի 7-ին պայքարը կսկսի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր, Եվրոպայի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը (67 կգ), որն առաջին գոտեմարտում կմրցի էկվադորցի Անդրես Ռոբերտո Մոնտանյո Արոյոյի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ