Հայաստանի երկրորդ թիմը դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ:
Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում ևս հաղթեց մոլդովական «Զիմբրուին»: Վարդան Մինասյանի գլխավորած թիմն Ավանի ակադեմիայում կայացած հանդիպումն ավարտեց 3-1 հաշվով:
Առաջին խաղակեսում հայկական թիմն ունեցավ մեծ առավելություն և մի շարք գոլային պահեր, սակայն մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասը, աչքի ընկավ նիգերիացի կիսապաշտպան Տենտոն Յենեն:
Երկրորդ խաղակեսում՝ 62-րդ րոպեին, դիմակայությունում «Զիմբրուի» առաջին գոլը խփեց նիգերիացի հարձակվող Ջասթիս Օհաջունուան և հավասարեցրեց հաշիվը՝ 1-1:
5 րոպե անց «Արարատ-Արմենիան» արագ գրոհ ձեռնարկեց, մոլդովական թիմի դարպասապահ Նիկոլայ Չեբոտանին տուգանային հրապարակում խախտեց կանոնները գանացի հարձակվող Էրիկ Օկանսիի նկատմամբ: Մրցավարը նշանակեց 11-մետրանոց, որը դիպուկ իրացրեց Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Արթուր Սերոբյանը, որը նշակետից գոլ էր խփել նաև առաջին խաղում:
88-րդ րոպեին «Արարատ-Արմենիան» դրեց խաղի վերջակետը։ Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները գոլային գրոհ կազմակերպեցին՝ արգենտինացի Ալեքսիս Ռոդրիգեսի փոխանցումից հետո դարպասի գրավմամբ աչքի ընկավ կոլումբացի Ջոնաթան Դուարտեն:
«Արարատ-Արմենիան» առաջին խաղում հյուրընկալվելիս առավելության էր հասել 3-0 հաշվով:
Որակավորման երրորդ փուլում Հայաստանի կրկնակի չեմպիոնը երկու հանդիպում կանցկացնի հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» դեմ: Առաջին խաղը տեղի կունենա օգոստոսի 8-ին Ավանի ակադեմիայում, պատասխան հանդիպումը՝ մեկ շաբաթ անց Հունգարիայում: Հունգարիայի ուժեղագույն թիմերից մեկը որակավորման երկրորդ փուլի արգելքը հաղթահարել է առանց պայքարի, քանի որ մրցակիցը՝ ուկրաինական «Դնեպր-1»-ը, հեռացվել էր եվրագավաթներից:
Երևանի «Ուրարտուն» էլ չեխական «Բանիկ Օստրավային» պարտվեց նաև տանը: Պատասխան խաղում չեխական ակումբը հաղթեց 2-0 հաշվով, առաջին մրցավեճում առավելության էր հասել 5-1:
Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի դիմակայությունում պարտվեց 1-7 հաշվով և դուրս մնաց պայքարից:
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի արգելքը հաղթահարել էր նաև Հայաստանի չեմպիոն «Փյունիկը»:
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան խաղեր
«Արարատ-Արմենիա» (Հայաստան) - «Զիմբրու» (Մոլդովա)՝ 3-1 (առաջին խաղը՝ 3-0)
Տենտոն Յենե, 29, Արթուր Սերոբյան, 68 (11մ), Ջոնաթան Դուարտե, 88 - Ջասթիս Օհաջունուա, 62
«Ուրարտու» (Հայաստան) - «Բանիկ Օստրավա» (Չեխիա) ՝ 0-2 (առաջին խաղը՝ 1-5)
Էվերտոն, 22, Մատեյ Չալուշ, 51


