Հայաստանի ազգային հավաքականում 30 հանդիպման մասնակցած, նախկին դարպասապահ Գևորգ Կասպարովը սոցիալական ցանցերում անդրադարձել է աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի Իռլանդիա - Հայաստան (1-0) խաղին:
«Հենրին իսկապես 2 անգամ փրկեց մեզ վերահաս գոլից։ Չնայած բաց թողած գոլին՝ նա կարող էր արագ կողմնորոշվել և ելքով չեզոքացնել վտանգը, սակայն պետք է ընդունել, որ այս դեպքում նաև մեր պաշտպանները թերացան։
Իռլանդիայի հավաքականն այն թիմը չէր, որին պիտի պարտվեինք։ Մենք լիովին ունակ էինք հաղթելու, և համոզված եմ՝ եթե չլիներ կարմիր քարտը, այդպես էլ կլիներ։
Խնդիրը, այնուամենայնիվ, ավելի խորն է։ Մեր պատանեկան ու երիտասարդական հավաքականների արդյունքները պարզապես ահազանգ են։ Ապագան մշուշոտ է դառնում, եթե այսօր վերլուծություն չանենք և համապատասխան քայլեր չձեռնարկենք։
Ժամանակն է միասնական լինելու, ոչ թե քննադատելու, այլ օգնելու, փրկելու, կառուցելու հայկական ֆուտբոլի ապագան։
Աչքերը պետք չէ փակել. պետք է գործել»,- գրել է Կասպարովը:
Հայաստանի հավաքականն Իռլանդիայի դեմ հանդիպման 52-րդ րոպեին՝ Տիգրան Բարսեղյանի կարմիր քարտից հետո, մնացել էր 10 ֆուտբոլիստով. ազգային թիմի ավագը գլխով հարվածել էր մրցակցի ֆուտբոլիստ Ֆին Ազազի դեմքին։ Դրանից հետո՝ 70-րդ րոպեին, Իռլանդիայի հավաքականը կարողացել էր բացել հանդիպման հաշիվը. դարպասի գրավմամբ էր աչքի ընկել Էվան Ֆերգյուսոնը, որի գոլը դարձել էր հաղթական:
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 3 միավորով չորրորդ տեղում է ընտրական մրցաշարի F խմբում։ Խմբի առաջատար Պորտուգալիան ունի 10, Հունգարիան` 5, Իռլանդիան` 4 միավոր։
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 13-ին` սեփական դաշտում մրցելով Հունգարիայի թիմի դեմ։
Կարդացեք նաև՝
- Մելիքյան. «Կարմիր քարտը կոտրեց մեր խաղը»
- Հալգրիմսոն. «Երբ հայերը մնացին 10 ֆուտբոլիստով, սկսեցին ավելի համարձակ խաղալ»
- Հավաքականների ընտրական փուլ՝ Չեմպիոնների լիգայի ձևաչափով. լուրջ փոփոխություն է քննարկվում
- Հայաստանի հավաքականի 3 ֆուտբոլիստ «անփոխարինելի» է
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


