Հայաստանի առաջնություններում երբեք լեգեոնականների պակաս չի զգացվել: Ցավոք, հարյուրավոր արտասահմանցի ֆուտբոլիստներից շատերը Հայաստանից հեռանալուց հետո անհետացել են տեսադաշտից և կարիերայում առաջխաղացում չեն ունեցել: Դա ինչ-որ տեղ խոսում է նախկինում Հայաստան եկած լեգեոնականների ոչ այնքան բարձրակարգ լինելու մասին:
FastNews-ը շարունակում է նոր շարքը, որտեղ անդրադառնում է Հայաստանում խաղացած այն լեգեոնականներին, որոնք հեռանալուց հետո կարիերայում քայլ առաջ են ունեցել և խաղացել կամ խաղում են համեմատաբար ավելի ուժեղ առաջնություններում և ակումբներում:
Վադիմ Պաիրելի, տրանսֆերային արժեքը՝ 200 հազար եվրո

Մոլդովացի աջ վինգերի արտասահմանյան միակ ակումբը եղել է «Նոան»: 2021-2022 թվականներին Պաիրելին հայկական ակումբում անցկացրած 22 խաղում խփել է 4 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: Հայաստանից հեռանալուց հետո 28-ամյա ֆուտբոլիստը խաղացել է «Սֆինտուլ Գեորգեում» և «Միլսամիում», իսկ այժմ ներկայացնում է Մոլդովայի առաջնության ամենահեղինակավոր ակումբը՝ Տիրասպոլի «Շերիֆը», որտեղ խաղացել էր նաև մինչև Հայաստան տեղափոխվելը:
Լուիս Օգանա, տրանսֆերային արժեքը՝ 300 հազար եվրո

Նիգերիացի հարձակվողը 2019-2021 թվականներին «Արարատ-Արմենիայում» անցկացրած 55 խաղում դարձել է 19 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: 28-ամյա ֆուտբոլիստը Հայաստանից հեռանալուց հետո հաստատվել է Հնդկաստանի առաջնությունում, որտեղ մասնակցել է 53 խաղի, խփել 16 գոլ և կատարել 2 ասիստ: Օգանան «Արարատ-Արմենիայի» պատմության 6-րդ լավագույն ռմբարկուն է:
Տեմուր Ջիկիա, տրանսֆերային արժեքը՝ 225 հազար եվրո

Ռուս հարձակվողը «Ուրարտուի» կազմում անցկացրած 1,5 տարվա ընթացքում մասնակցեց 43 խաղի, խփեց 15 գոլ և կատարեց 2 գոլային փոխանցում: Այժմ Ջիկիան խաղում է Բելառուսի ամենահեղինակավոր ակումբներից մեկում՝ ԲԱՏԷ-ում, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում խփել է 2 գոլ: Տեմուր Ջիկիան «Ուրարտուի» պատմության 12-րդ լավագույն ռմբարկուն է:
Արտյոմ Գաբելոկ, տրանսֆերային արժեքը՝ 500 հազար եվրո

Ուկրաինացի կիսապաշտպանը 2020/2021 մրցաշրջանի առաջին կեսն անցկացրեց «Փյունիկում»: Երևանյան ակումբում 29-ամյա ֆուտբոլիստը մասնակցեց 8 հանդիպման, սակայն աչքի չընկավ արդյունավետ գործողություններով: Նախորդ 3,5 տարվա ընթացքում Գաբելոկը խաղում էր «Մետալիստ 1925» ակումբում, իսկ նախորդ ամռանը պայմանագիր կնքեց «Չեռնոմորեցի» հետ: Ուկրաինայի Պրեմիեր լիգայում կիսապաշտպանը մասնակցել է 100-ից ավելի հանդիպման և գրանցել 10 արդյունավետ գործողություն:
Կոստա Ալեքսիչ, տրանսֆերային արժեքը՝ 600 հազար եվրո

Սերբ հարձակվողը, որն ամբողջ կարիերան անցկացրել էր հայրենիքում, 2021 թվականի ամռանը տեղափոխվեց «Սևան», որտեղ կես մրցաշրջանում մասնակցեց 6 խաղի և խփեց 1 գոլ: Հայաստանից հեռանալուց հետո 26-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել հունական «Իրակլիսում» և «Պանսերաիկոսում»: Հունաստանի Երկրորդ լիգայում Ալեքսիչը 47 խաղում խփել է 23 գոլ և կատարել 7 ասիստ, իսկ Սուպերլիգայում մասնակցել է 24 հանդիպման և դարձել է 5 գոլի հեղինակ: Օգոստոսին Կոստա Ալեքսիչը տեղափոխվեց Թուրքիայի Երկրորդ լիգան ներկայացնող «Իգդիր», որի կազմում 4 խաղում խփել է 1 գոլ:
Ալեքսանդր Գոնսալես, տրանսֆերային արժեքը՝ 700

Վենեսուելայի հավաքականի աջ պաշտպանը նախկինում խաղացել է շվեյցարական «Յանգ Բոյզում», իսպանական «Էլչեում» և «Մալագայում»: 2022-2023 թվականներին Ալեքսը «Փյունիկում» անցկացրեց 33 խաղ և կատարեց 8 գոլային փոխանցում: Հայաստանից հեռանալուց հետո 32-ամյա ֆուտբոլիստը վերադարձավ հայրենիք, իսկ այժմ խաղում է Էկվադորի «Էմելեկում» և կրկին պարբերաբար հրավեր է ստանում իր երկրի ազգային հավաքականից:
Նանա Անտվի, տրանսֆերային արժեքը՝ 350 հազար եվրո

Նիգերիացի աջ պաշտպանը հաջողությամբ խաղացել է «Լոռիում» և «Ուրարտուում»՝ ընդհանուր առմամբ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում անցկացնելով 116 հանդիպում: Այդ ընթացքում Անտվին վարձավճարով հանդես եկավ նաև ֆրանսիական «Լիլի» երկրորդ թիմում: 2024 թվականի ձմռանը ռումինական «Ստյաուան» «Ուրարտուից» գնեց պաշտպանի տրանսֆերային իրավունքը: Հեղինակավոր ակումբի մեկնարկային կազմում ամրապնդվել Անտվիին դեռևս չի հաջողվել: Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում 24-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվեց ռումինական մեկ այլ ակումբ՝ «Հերմանշտադտ», որի կազմում հասցրել է մասնակցել Սուպերլիգայի 5 հանդիպման:
Ռադե Դուգալիչ, տրանսֆերային արժեքը՝ 700 հազար եվրո

Բարձրահասակ կենտրոնական պաշտպանը 2014-2015 մրցաշրջանում «Ուլիսի» կազմում մասնակցել է 29 հանդիպման և խփել 2 գոլ: Հայաստանից հեռանալուց հետո 31-ամյա սերբ ֆուտբոլիստը խաղացել է ռուսական «Տորպեդոյում», «Տոսնոյում» և «Ենիսեյում», 3 տարի անցկացրել է ղազախական «Կայրաթում», իսկ 2022 թվականից հանդես է գալիս Չինաստանի առաջնությունում: Չինական Սուպերլիգայում Ռադե Դուգալիչը մասնակցել է 80 հանդիպման և դարձել 8 գոլի հեղինակ:
Կուասի Էբուե, տրանսֆերային արժեքը՝ 1 միլիոն եվրո

Կոտդիվուարցի կիսապաշտպանը 2014 թվականին հայտնվեց «Շիրակում», երբ ընդամենը 16 տարեկան էր: Փաստաթղթային խնդիրների պատճառով Էբուեն այդպես էլ պաշտոնական խաղ չանցկացրեց գյումրեցիների կազմում՝ չնայած մասնացկեց «Լոս Անջելես Գալաքսիի» դեմ ԱՄՆ-ում կայացած ընկերական խաղին: Այնուհետև 26-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր կնքեց ռուսական «Կրասնոդարի» հետ, որի գլխավոր թիմում 19 հանդիպում անցկացրեց, իսկ 2017 թվականին 3,5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց շոտլանդական «Սելթիկ»: Հետագայում Կուասի Էբուեն խաղացել է նաև բելգիական «Գենկում», իսկ այժմ ներկայացնում է Պորտուգալիայի Բարձրագույն լիգայում հանդես եկող «Արոկան»:
Գուստավո Սաուեր, տրանսֆերային արժեքը՝ 1,4 միլիոն եվրո

Եզրային հարձակվողը 2014 թվականին կես մրցաշրջան անցկացրել է Կապանի «Գանձասարում», որի կազմում անցկացրած մի քանի խաղում աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով: Հայաստանից հեռանալուց հետո Սաուերը խաղացել է Հարավային Կորեայում, ԱՄԷ-ում, Բուլղարիայում, պորտուգալական «Բոավիշտայում», Թուրքիայի Սուպերլիգան ներկայացնող «Ռիզեսփորում», բրազիլական «Բոտաֆոգոյում», իսկ այժմ վարձավճարով հանդես է գալիս Բրազիլիայի Ա Սերիան ներկայացնող «Կույաբայում»:


