Logo

Հայաստանում խաղացած լեգեոնականների հետքերով. Մաս 1

Հեղինակ
Սուրեն Մելիքսեթյան
10:08 / 03.09.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

Հայաստանի առաջնություններում երբեք լեգեոնականների պակաս չի զգացվել: Ցավոք, հարյուրավոր արտասահմանցի ֆուտբոլիստներից շատերը Հայաստանից հեռանալուց հետո անհետացել են տեսադաշտից և կարիերայում առաջխաղացում չեն ունեցել: Դա ինչ-որ տեղ խոսում է նախկինում Հայաստան եկած լեգեոնականների ոչ այնքան բարձրակարգ լինելու մասին:

FastNews-ը սկսում է նոր շարք, որտեղ անդրադառնալու է Հայաստանում խաղացած այն լեգեոնականներին, որոնք հեռանալուց հետո կարիերայում քայլ առաջ են ունեցել և խաղացել կամ խաղում են համեմատաբար ավելի ուժեղ առաջնություններում և ակումբներում:

Թաոֆիք Ջիբրիլ, տրանսֆերային արժեքը՝ 125 հազար եվրո

Նիգերիացի հարձակվողը Հայաստանի Պրեմիեր լիգա տեղափոխվեց 2023 թվականի ձմռանը, իսկ մինչև այդ խաղացել էր Պորտուգալիան և Սլովակիան ներկայացնող ակումբներում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը և Ջիբրիլը ժամանակին թիմակցներ են եղել «Ժիլինայում», և նաև Վահանի խորհրդով «Արարատ-Արմենիայի» այն ժամանակվա գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հրավիրել էր հարձակվողին: 26-ամյա ֆուտբոլիստն «Արարատ-Արմենիայում» անցկացրած 15 խաղում դարձավ 4 գոլի հեղինակ և տեղափոխվեց «Փյունիկ», որտեղ 18 խաղում գոլ չխփեց, սակայն կատարեց 4 գոլային փոխանցում: Ջիբրիլը նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածում էլ խաղում էր «Վեստ Արմենիայում», բայց ընդամենը 3 խաղի մասնակցեց և աչքի չընկավ արդյունավետ գործողություններով: Հայկական 3 ակումբում խաղալուց հետո հարձակվողն այս ամռանը տեղափոխվեց Սլովակիայի Բարձրագույն խումբը ներկայացնող «Սկալիցա», որտեղ մասնակցել է 3 հանդիպման և դեռևս գոլ չի խփել:

Անիսե Օուրա, տրանսֆերային արժեքը՝ 550 հազար եվրո

Կոտ դ՛ Իվուարը ներկայացնող եզրային հարձակվողը 2019 թվականի ձմռանը «Աֆրիկա Սպորտս» ակադեմիայից տեղափոխվեց «Լոռի», որի կազմում մասնակցեց 14 հանդիպմա, բայց արդյունավետ գործողություններով աչքի չընկավ: 2020 թվականին Օուրան վարձավճարով հանդես եկավ Առաջին խմբի ներկայացուցիչ «Մասիսում», որի կազմում խփեց 4 գոլ: 24-ամյա ֆուտբոլիստը 2021 թվական ձմռանը տեղափոխվեց հայրենիք, իսկ նախորդ տարվա օգոստոսին պայմանագիր կնքեց Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող «Ստելենբոս» ակումբի հետ, որտեղ խաղում են աֆրիկացի բավականին ուժեղ ֆուտբոլիստներ: «Ստելենբոսում» անցկացրած 37 խաղում Օուրան խփել է 8 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: Ձախ վինգերը 2022 թվականին 2 հանդիպում է անցկացրել Կոտ դ՛ Իվուարի ազգային հավաքականում:

Սուլեյմանե Կոնե, տրանսֆերային արժեքը՝ 50 հազար եվրո

Կոտդիվուարցի կենտրոնական պաշտպանը 2015 թվականին տեղափոխվեց «Արարատ», իսկ մինչև այդ խաղացել էր հայրենիքում և Սոֆիայի ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմում: Կոնեն երևանյան ակումբում մասնակցեց 42 հանդիպման և խփեց 1 գոլ: Հետագայում 28-ամյա ֆուտբոլիստը ներկայացրել է շվեդական «Յուրգորդենը», Սլովակիայի «Դունայսկա Ստրեդան», բելգիական «Վեսթերլոն», լեհական «Վիսլան» և ավստրիական «Սանկտ-Պյոլտենը»: Այժմ Կոնեն ունի ազատ գործակալի կարգավիճակ:

Սանա Գոմեշ, տրանսֆերային արժեքը՝ 200 հազար եվրո

Գվինեա-Բիսաուն ներկայացնող ձախ պաշտպանը 2020 թվականին տեղափոխվեց «Նոա», իսկ նախկինում խաղացել էր պորտուգալական «Բրագայի» երիտասարդական թիմում: Գոմեշը հայկական ակումբում անցկացրեց 52 խաղ, խփեց 2 գոլ և կատարեց 7 գոլային փոխանցում: «Նոայից» հեռանալուց հետո 24-ամյա ֆուտբոլիստը խաղացել է հունգարական «Դեբրեցենում», բուլղարական «Բերոեում», պորտուգալական «Բելենենսեշում» և «Անադիայում», իսկ այժմ Կիպրոսի Բարձրագույն խումբը ներկայացնող «Օմոնիա Արադիպուի» ֆուտբոլիստ է: Սանա Գոմեշը 6 խաղ է անցկացրել իր երկրի ազգային հավաքականում:

Դրամանե Սալու, տրանսֆերային արժեքը՝ 250 հազար եվրո

Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքականի կիսապաշտպանը հանդես է եկել «Փյունիկում», «Նոայում» և «Ուրարտուում», իսկ մինչև Հայաստան տեղափոխվելը Սալուն խաղացել էր Բելգրադի «Պարտիզանում»: Հայաստանի Պրեմիեր լիգայում 26-ամյա կիսապաշտպանն անցկացրել է 92 խաղ, խփել 6 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում: Այս ամռանը Սալուն պայմանագիր կնքեց Իսրայելի Բարձրագույն խումբը ներկայացնող Հայֆայի «Հապոելի» հետ:

Մաքս Դզիով, տրանսֆերային արժեքը՝ 250 հազար եվրո

Կենտրոնական պաշտպանը նախքան Հայաստան տեղափոխվելը խաղացել էր ռուսական ցածր լիգաներ ներկայացնող ակումբներում: Դզիովը 2022 թվականին տեղափոխվեց «Վեստ Արմենիա», որտեղ մեկուկես տարում մասնակցեց 45 հանդիպման և խփեց 2 գոլ: Հայաստանից հեռանալուց հետո 23-ամյա ռուս պաշտպանը տեղափոխվեց Բրեստի «Դինամո», իսկ այս տարվա ամռանը 80 հազար եվրոյի դիմաց՝ Վորոնեժի «Ֆակել»: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Դզիովը մասնակցել է 5 հանդիպման:

Էդեդեմ Էսիեն, տրանսֆերային արժեքը՝ 350 հազար եվրո

Նիգերիացի ֆուտբոլիստի համար Չարենցավանի «Վանը» թերևս առաջին պրոֆեսիոնալ ակումբն է եղել: 2 տարի անցկացնելով հայկական ակումբում՝ Էսիենը մասնակցել է 53 հանդիպման և դարձել 4 գոլային փոխանցման հեղինակ: «Վանից» հեռանալուց հետո հենակետային կիսապաշտպանը «Նիժնի Նովգորոդի» կազմում խաղաց Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ այս տարվա հունվարին 70 հազար եվրոյի դիմաց տեղափոխվեց ղազախական «Տոբոլ»:

Ալեքսանդր Յուշին, տրանսֆերային արժեքը՝ 800 հազար եվրո

Ռուս եզրային հարձակվողը Հայաստանում խաղացել է, երբ 20 տարեկան էր: 2015 թվականին Յուշինը «Ուլիսում» անցկացրած 7 խաղում 1 գոլ է խփել: Հայաստանից հեռանալուց հետո 29-ամյա ֆուտբոլիստը տարբեր ակումբներ է ներկայացրել, իսկ 2022 թվականին 120 հազար եվրոյի դիմաց տեղափոխվել է «Ուրալ», որի կազմում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում 45 խաղ է անցկացրել և աչքի ընկել 10 արդյունավետ գործողությամբ: 2023 թվականին Ալեքսանդր Յուշինը նորամուտն է նշել Ռուսաստանի ազգային հավաքականում:

Մաքսիմ Զադերակա, տրանսֆերային արժեքը՝ 900 հազար եվրո

Ուկրաինացի ֆուտբոլիստի կարիերայում միակ արտասահմանյան ակումբը եղել է Երևանի «Արարատը», որտեղ Զադերական 2021 թվականին անցկացրած 14 խաղում խփել է 3 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում: 2022 թվականից մինչև այս պահը եզրային հարձակվողը ներկայացնում է «Կրիվբասը»: 29-ամյա Մաքսիմ Զադերական Ուկրաինայի Պրեմիեր լիգայում մասնակցել է 141 հանդիպման, խփել 9 գոլ և կատարել նույնքան գոլային փոխանցում:

Էբեր Արաուժո, տրանսֆերային արժեքը՝ 700 հազար եվրո

Բրազիլացի հարձակվողը Հայաստանի առաջնությունում երբևէ խաղացած լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: 2015/16 մրցաշրջանում Էբերն «Ալաշկերտում» անցկացրած 34 խաղում խփեց 20 գոլ և կատարեց 8 գոլային փոխանցում: Հայկական ակումբում Արաուժոյի առաջին գոլը գրանցվեց Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում, որտեղ հայկական ակումբը 2-1 հաշվով հաղթեց բավականին ուժեղ կազմ ունեցող ղազախական «Կայրաթին»:

Հայաստանից հեռանալուց հետո հարձակվողը փայլուն ելույթներ ունեցավ Խորվաթիայի առաջնությունում՝ 68 խաղում կատարելով 49 արդյունավետ գործողություն: 2019 թվականին ամերիկյան «Նյու Յորք Սիթին» 2,5 միլիոն եվրոյով Էբերի տրանսֆերը գնեց խորվաթական «Ռիեկայից»: MLS-ում բրազիլացին խաղաց նաև «Սիեթլի» կազմում: Ընդհանուր առմամբ՝ լիգայում 90 խաղ, 30 գոլ, իսկ այս տարվա փետրվարին Էբերն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվեց Չինաստանի Սուպերլիգան ներկայացնող «Ցանչժու»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ