Logo

Հայաստանում խաղացած լեգեոնականների հետքերով. Մաս 2

Հեղինակ
Սուրեն Մելիքսեթյան
16:02 / 11.09.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

Հայաստանի առաջնություններում երբեք լեգեոնականների պակաս չի զգացվել: Ցավոք, հարյուրավոր արտասահմանցի ֆուտբոլիստներից շատերը Հայաստանից հեռանալուց հետո անհետացել են տեսադաշտից և կարիերայում առաջխաղացում չեն ունեցել: Դա ինչ-որ տեղ խոսում է նախկինում Հայաստան եկած լեգեոնականների ոչ այնքան բարձրակարգ լինելու մասին:

FastNews-ը շարունակում է նոր շարքը, որտեղ անդրադառնում է Հայաստանում խաղացած այն լեգեոնականներին, որոնք հեռանալուց հետո կարիերայում քայլ առաջ են ունեցել և խաղացել կամ խաղում են համեմատաբար ավելի ուժեղ առաջնություններում և ակումբներում:

Ռոմերսիո Պերեիրա, տրանսֆերային արժեքը՝ 350 հազար եվրո

Ռոմերսիոն, որն ամբողջ կարիերան անցկացրել էր Բրազիլիայում, 2022 թվականին տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»՝ հայկական ակումբում անցկացնելով 1 տարի: Որակապես բավականին ուժեղ կենտրոնական պաշտպանն «Արարատ-Արմենիայում» մասնակցեց 31 խաղի, խփեց 2 գոլ և կատարեց 3 գոլային փոխանցում: 2023 թվականի հունվարին 27-ամյա ֆուտբոլիստն ընտանեկան պատճառներով որոշեց վերադառնալ հայրենիք, իսկ այժմ խաղում է Բրազիլիայի C սերիան ներկայացնող «Բոտաֆոգոյում»:

Յայա Սանոգո, տրանսֆերային արժեքը՝ 250 հազար եվրո

Յայա Սանոգոյի մասին երկար գրելու կարիք չկա: Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվողը Հայաստանի առաջնությունում խաղացած ամենաաստղային ֆուտբոլիստներից մեկն է, եթե ոչ գլխավորը: Ֆրանսիացին «Ուրարտուի» կազմում 1 տարի անցկացրեց, բայց վնասվածքների պատճառով մասնակցեց ընդամենը 17 խաղի, դարձավ 6 գոլի հեղինակ: Հայաստանից հեռանալով՝ հարձակվողը տեղափոխվեց Չինաստանի Երկրորդ լիգան ներկայացնող «Ցինդաո Ռեդ Լայոնս», որի կազմում անցկացրած 15 խաղում խփել է 6 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում:

Ադամս Ֆրայդեյ, տրանսֆերային արժեքը՝ 300 հազար եվրո

Նիգերիացին Գելենջիկի «Վիստայի» սան է: 2022 թվականին Ադամսը տեղափոխվեց «Նոա», որտեղ 1 տարվա ընթացքում մասնակցեց 35 խաղի, խփեց 2 գոլ և կատարեց 1 ասիստ: 2023 թվականի ամռանը Ֆրայդեյը պայմանագիր կնքեց Ռումինիայի Սուպերլիգան ներկայացնող «Բոտոշանիի» հետ, որի կազմում մինչև օրս անցկացրել է 27 խաղ, դարձել 1 գոլի հեղինակ և կատարել 2 արդյունավետ փոխանցում:

Գերման Պենկով, տրանսֆերային արժեքը՝ 400 հազար եվրո

Ուկրաինացի դարպասապահը կարիերայի ընթացքում խաղացել է արտասահմանյան 1 ակումբում, և այդ ակումբը Երևանի «Փյունիկն» էր: 2021 թվականին Պենկովը Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմում կես տարի անցկացրեց՝ մասնակցելով 8 հանդիպման, որոնցից երեքում սեփական դարպասը պահեց անառիկ: Այժմ 30-ամյա դարպասապահը խաղում է Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող «ԼՆԶ Չերկասիում», որտեղ նրա թիմակիցն է Արթուր Ավագիմյանը:

Հիլարի Գոնգ, տրանսֆերային արժեքը՝ 350 հազար եվրո
 

25-ամյա հարձակվողը նախորդ տարվա ընթացքում կես մրցաշրջան անցկացրեց «Արարատ-Արմենիայում», իսկ մինչև այդ ներկայացրել էր հոլանդական «Վիտեսը»: Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ Գոնգը հայկական ակումբում մասնակցեց 10 խաղի, բայց աչքի չընկավ արդյունավետ գործողություններով: 2023 թվականի ամռանն աջ վինգերը վերադարձավ նախկին ակումբներից մեկը՝ Սլովակիայի «Տրենչին», որտեղից էլ այս տարվա հուլիսին տեղափոխվեց Լեհաստանի Էքստրակլասան ներկայացնող «Վիձև Լոձ», որի կազմում անցկացրած 7 խաղում դեռևս գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ չի դարձել:

Վլատկո Դրոբարով, տրանսֆերային արժեքը՝ 500 հազար եվրո

Փորձառու կենտրոնական պաշտպանը 2015-2017 թվականներին «Բանանցում» անցկացրած 64 խաղում 1 գոլ է խփել: Հայաստանից հեռանալուց հետո մակեդոնացին տարբեր երկրներում է խաղացել, իսկ այժմ ներկայացնում է Բուլղարիայի Բարձրագույն խմբում հանդես եկող «Չեռնո Մորեն», որի կազմում մասնակցել է 104 հանդիպման և խփել 8 գոլ:

Կուասի Սիբո, տրանսֆերային արժեքը՝ 500 հազար եվրո

Գանացի կենտրոնական կիսապաշտպանի կարիերայում առաջին եվրոպական ակումբը «Բանանցն» էր, որտեղ Սիբոն 2017-2018 թվականներին մասնակցեց 26 խաղի և դարձավ 3-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Հայկական ակումբից Սիբոն տեղափոխվեց անգլիական «Ուոթֆորդ», բայց հեղինակավոր ակումբը կիսապաշտպանին վարձավճարով ուղարկեց ալբանական «Շկենդերբեու»: 2019 թվականից Կուասի Սիբոն խաղում է իսպանական Սեգունդան և Երրորդ լիգան ներկայացնող ակումբներում: «Ռեալ Օվյեդոյի» ֆուտբոլիստն Իսպանիայի ուժեղությամբ երկրորդ լիգայում անցկացրել է 42 խաղ և խփել 1 գոլ:

Վիլյամ Պոտկեր, տրանսֆերային արժեքը՝ 900 հազար եվրո

Բրազիլացի հարձակվողին հայ ֆուտբոլասերներից քչերը կհիշեն: Պոտկերը 2013 թվականին «Գանձասարում» անցկացրած 13 խաղում 3 գոլ է խփել: Հայաստանից հեռանալուց հետո Վիլյամը խաղացել է պորտուգալական «Բրագայի» երկրորդ թիմում, Ճապոնիայում, ԱՄԷ-ում և բրազիլական բազմաթիվ ակումբներում: 2019 թվականին ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում էր 3,5 միլիոն եվրո: Այժմ հարձակվողը խաղում է Բրազիլիայի B Սերիան ներկայացնող «Ավաի» ակումբում, սակայն A Սերիայում Պոտկերը նախորդ տարիների ընթացքում մասնակցել է 117 հանդիպման և խփել 26 գոլ:

Լուբամբո Մուսոնդա, տրանսֆերային արժեքը՝ 500 հազար եվրո

«Ուլիսի» և «Գանձասար-Կապանի» նախկին խաղացողը ևս Հայաստանում խաղացած ամենաուժեղ լեգեոնականներից մեկն է: Զաբիայի ազգային հավաքականում 48 խաղ անցկացրած կիսապաշտպանն այժմ նաև իր երկրի ազգային թիմի ավագն է: Հայաստանից հեռանալուց հետո Մուսոնդան տեղափոխվեց լեհական «Շլյոնսկ», իսկ նախորդ 3 տարիներին խաղում էր Դանիայի Սուպերլիգան ներկայացնող «Սիլկեբորգում» և «Հորսենսում»: 29-ամյա Մուսոնդան ամռանը պայմանագիր կնքեց Գերմանիայի Երկրորդ Բունդեսլիգայի ներկայացուցիչ «Մագդեբուրգի» հետ, որի կազմում անցկացրած 5 խաղում կատարել է 3 գոլային փոխանցում:

Օլեգ Կոժուշկո, տրանսֆերային արժեքը՝ 1,2 միլիոն եվրո

Ուկրաինացի կենտրոնական հարձակվողը 2020/21 մրցաշրջանի երկրորդ հատվածում 14 հանդիպում անցկացրեց «Փյունիկում», խփեց 2 գոլ և կատարեց 1 ասիստ: Կոժուշկոյի համար էլ «Փյունիկը» մինչև այս պահը միակ արտասահմանյան ակումբն է: Հայաստանից հեռանալուց հետո 26-ամյա ֆուտբոլիստը խաղացել է հայրենիքում՝ «Ալեքսանդրիայում» և «Կրիվբասում»: Ուկրաինայի Պրեմիեր լիգայում Կոժուշկոն մասնակցել է 100 հանդիպման, խփել 12 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում:

Հայաստանում խաղացած լեգեոնականների հետքերով. Մաս 1

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ