Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը սոցցանցերում կոչով դիմել ՄՕԿ նախագահ Թոմաս Բախին ու միջազգային օլիմպիական շարժման գործընկերներին.
«ՄՕԿ նախագահ Թոմաս Բախին և միջազգային օլիմպիական շարժման գործընկերներին,
Փարիզ-2024-ի Օլիմպիական խաղերն անցկացվում են աշխարհի համար անհանգիստ և լարված ժամանակաշրջանում, պատերազմական բախումների և թափվող արյան մի ծանր փուլում։ Մենք՝ միջազգային օլիմպիական շարժման ներկայացուցիչներս, մարզական պարտականություններից բացի, ունենք կարևորագույն առաքելություն՝ նպաստել աշխարհում լարվածության թուլացմանը, խաղաղության հաստատմանը։ Մեր այս պարտականության գիտակցումն ամեն անգամ օգնում է բազմաթիվ լարված կետերում առնվազն ժամանակավոր զինադադարների հաստատմանը, հիմք է դնում երկարատև խաղաղության գործընթացների և փրկում հազարավոր կյանքեր։
Իմ երկիրը՝ Հայաստանը, վերջին տարիներին անցավ արյունալի և անարդար, ծանր պատերազմների միջով։ Այսօր, պատերազմական գործողությունների դադարի և բանակցությունների շրջանում, Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ, պետական և հանրային գործիչներ դեռևս շարունակում են պահվել Ադրբեջանում գերության մեջ՝ փաստացի լինելով կենդանի պատանդներ։
Որպես Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ՝ ես իմ կոչն ու հորդորն եմ ուղղում իմ միջազգային գործընկերներին և Միջազգային օլիմպիական շարժման բոլոր ջատագովներին։ Ես կոչ եմ անում՝ գործադրել Ձեր խաղաղ դիվանագիտական խողովակները և Ձեր հեղինակությունը՝ Փարիզի Օլիմպիական խաղերի շրջանում, որպես երկարատև և աներկբա խաղաղության հաստատման ժեստ՝ Բաքվի բանտերից ազատ արձակելու կամայականորեն պահվող ՀՀ քաղաքացիներին և այդպիսով խորացնելու վստահությունը՝ մեր տարածաշրջանում խաղաղության հեռանկարի հանդեպ։
Օլիմպիական շարժումը խաղաղության և մարդասիրության վեհ գաղափարների մարմնավորումն է սպորտի միջոցով։ Սա արդարության և համակեցության համաշխարհային շարժում է, և մենք այս քայլով կարող ենք մեր շարժման ընդհանուր հաղթանակը գումարել նախորդ մի քանի տասնյակ Օլիմպիական խաղերի ընթացքում փրկած կյանքերի և ճակատագրերի թանկ գանձանակին։
Մեծ հույսով և հավատով դեպի մեր ընդհանուր ապագան»,- նշված է կոչում։
Հիշեցնենք, որ Հայաստանը քառամյակի մարզական գլխավոր իրադարձությանը ներկայացել է 15 մարզիկով (երեքը՝ սպիտակ քարտով)։ Պայքարն արդեն ավարտել են լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, որոնք չէին կարողացել հաղթահարել որակավորման փուլը, իսկ մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ) և Վահագն Դավթյանը (օղակների վարժություն) դուրս են եկել առանձին գործիքների եզրափակիչ ու օգոստոսի 4-ին պայքարելու են մեդալների համար։ Այսօր` հուլիսի 29-ին, ռինգ է դուրս գալու բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը (+92 կգ)։ Առաջիկա օրերին մրցասպարեզ դուրս կգան նաև ըմբիշներ Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճ, 67 կգ), Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ոճ, 77 կգ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճ, 97 կգ), Արսեն Հարությունյանը (ազատ ոճ, 57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+102 կգ), լողորդ Արթուր Բարսեղյանը (ազատ ոճ, 100մ) և աթլետ Երվանդ Մկրտչյանը (800մ վազք)։


