ԱՄՆ-ում շարունակվող աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում բրազիլական «Ֆլումինենսեն» F խմբում 4-2 հաշվով հաղթել է հարավկորեական «Ուլսան Հյունդայ» թիմին:
Բրազիլական թիմը մինչև 66-րդ րոպեն պարտվելիս է եղել 1-2 հաշվով, սակայն հանդիպման վերջնամասում երեք գոլ է խփել:
Խմբի մյուս խաղում Դորտմունդի «Բորուսիան» 4-3 հաշվով հաղթել էր Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող «Մամելոդի Սանդաունսին»:
Երկու տուրից հետո «Ֆլումինենսեն» և «Բորուսիան» չորսական միավոր են վաստակել, համապատասխանաբար 1-2-րդ տեղերում են: «Մամելոդին» երեք միավորով երրորդն է, իսկ «Ուլսանը» միավոր չունի և կորցրեց փլեյ-օֆֆում հայտնվելու հնարավորությունը:
E խմբի երկրորդ տուրի երկրորդ խաղում էլ արգենտինական «Ռիվեր Փլեյթն» ու մեքսիկական «Մոնտերեյը» գոլ չեն խփել` 0-0:
Խմբի մյուս խաղում ժամեր առաջ Միլանի «Ինտերը» 2-1 հաշվով հաղթել էր ճապոնական «Ուրավա Ռեդ Դայմոնդսին»:
«Ռիվեր Փլեյթն» ու «Ինտերը» չորսական միավոր ունեն, համապատասխանաբար 1-2-րդ տեղերում են: «Մոնտերեյն» ունի 2 միավոր, «Ուրավան» միավոր չունի և կորցրեց փլեյ-օֆֆում հայտնվելու շանսերը:
Աշխարհի ակումբային առաջնություն, խմբային փուլ, երկրորդ տուր
E խումբ
«Ռիվեր Փլեյթ» (Արգենտինա) - «Մոնտերեյ» (Մեքսիկա)` 0-0
Հեռացում` Կևին Կաստանյո, 90+1 («Ռիվեր Փլեյթ»)
F խումբ
«Ֆլումինենսե» (Բրազիլիա) - «Ուլսան Հյունդայ» (Հարավային Կորեա)` 4-2
Ջոն Արիաս, 27, Նոնատո, 66, Խուան Ֆրեյտես, 83, Կենո, 90+2 - Ջին Լե Հյուն, 37, Վոն Ում Սեն, 45+3


