Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբում երրորդ խաղն անցկացրեց՝ հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվելով Հունգարիայի թիմին:
Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում» կայացած հանդիպման հաշիվը 56-րդ րոպեին բացեց հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» հարձակվող Դանիել Լուկաշը, որը երկրորդ խաղն էր անցկացնում Հունգարիայի հավաքականի կազմում:
Հիմնական ժամանակին ավելացված չորրորդ րոպեին էլ հունգարացիների հակագրոհը գոլով եզրափակեց «Ֆերենցվարոշի» հարձակվող Ժոմբոր Գրուբերը, որը բացեց իր գոլերի հաշիվն ազգային հավաքականում:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն ամբողջ խաղի ընթացքում կատարեցին 8 հարված, 2-ը` դիպուկ: Խաղի սկզբնամասում արգենտինական «Բելգրանոյի» հարձակվող Լուկաս Սելարայանը հարվածեց դարպասին, սակայն մրցակցի դարպասապահն առանց խնդիրների հեռացրեց գնդակը, նույնն արեց նաև Բրատիսլավայի «Սլովանի» վինգեր Տիգրան Բարսեղյանի հարվածից հետո: Բաց թողած գոլից հետո Հայաստանի հավաքականի ավագը երկու անգամ մոտ տարածությունից սպառնաց մրցակցի դարպասին: Խաղի վերջնամասում էլ Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մրցակցի տուգանային հրապարակում ստացավ գնդակը, սակայն հարված չկատարեց:
Իտալացի Մարկո Ռոսիի գլխավորած Հունգարիայի հավաքականը 4 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, Հայաստանի հավաքականը 3 միավորով նահանջեց երրորդ տեղ: Երևանի ժամանակով 22:45-ից կմրցեն խմբի առաջատար Պորտուգալիան և հետնապահ Իռլանդիան: Պորտուգալիան 6 միավոր ունի, Իռլանդիան` 1:
Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 14-ին Դուբլինի «Ավիվա» ստադիոնում կհյուրընկալվի Իռլանդիայի թիմին: Հունգարացիներն այդ օրը հյուր կգնան Պորտուգալիային:
ԱԱ-2026, եվրոպական գոտու ընտրական մրցաշար
F խումբ
Հունգարիա - Հայաստան` 2-0
Դանիել Լուկաշ, 56, Ժոմբոր Գրուբեր, 90+4
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև`
- ԱԱ-2026-ի որակավորում. Հայաստանի հավաքականն առաջին խաղակեսից հետո ոչ-ոքի է գրանցում Հունգարիայի դեմ մրցավեճում
- Մելիքյան. «Կարևորը` հավատ և նվիրվածություն ունենք, նպատակը լավ արդյունքի հասնելն է»
- Ռոսի. «Պետք է հաղթենք. արդարացում չէ այն, որ 2 հարձակվող բացակայում է»
- Լավ տրամադրությամբ՝ ծանր քննություններին ընդառաջ. սպասելիքները Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերից


