Հունգարիայի ազգային թիմի իտալացի գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին Հայաստանի հավաքականի դեմ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հերթական տուրում կայանալիք տնային խաղում ակնկալում է միայն հաղթանակ:
«Ամբողջ շաբաթվա ընթացքում ինտենսիվ մարզվել ենք: Հայաստանի հավաքականի դեմ խաղում պետք է անպայման հաղթենք, որ հասնենք մեր նպատակներին: Պետք է հաղթենք. արդարացում չէ այն, որ 2 հարձակվող բացակայում է:
Պետք է թելադրենք խաղի ռիթմը։ Չպետք է շտապենք. շաբաթ օրը համբերությունը կարող է մեծ նշանակություն ունենալ, կարևոր է չնյարդայնանալ։ Հնարավոր է, որ խաղադաշտում ամեն ինչ այնպես չընթանա, ինչպես մենք ծրագրել ենք։ Մենք պատրաստ ենք բախմանը, շատ աշխատանք ենք կատարել, և եթե խաղացողները հետևեն հրահանգներին, ապա մենք կհաջողենք։ Մենք որակով ավելի լավն ենք, քան Հայաստանի հավաքականը»,- ասել է իտալացի մասնագետը:
Հունգարիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում», Երևանի ժամանակով 19:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: Հայաստանի հավաքականն այս խաղից երեք օր անց էլ կհյուրընկալվի Իռլանդիայի ազգային թիմին, որին նախորդ ամիս Երևանում հաղթել էր 2-1 հաշվով:
Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբում երկու տուրից հետո Պորտուգալիան 6 միավորով առաջատարն է, Հայաստանը՝ երեք միավորով երկրորդը, Հունգարիան և Իռլանդիան մեկական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը:
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև`


