Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը կարող է որակազրկվել 10 խաղով, հաղորդում է Sport24-ը` հղում անելով Ռուսաստանի ֆուտբոլի միության կանոնադրությանը:
«Ֆուտբոլիստի կամ ակումբի պաշտոնյայի կողմից ատելություն կամ թշնամանք հրահրելուն ուղղված, նաև անհատի կամ անձանց խմբի արժանապատվությունը նվաստացնող գործողությունները՝ հիմնված սեռի, ռասայի, ազգության, լեզվի, ծագման, կրոնական պատկանելության կամ որոշակի սոցիալական խմբի պատկանելության վրա, որոնք կատարվել են հրապարակայնորեն, այդ թվում՝ զանգվածային լրատվամիջոցների կամ տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանցերի, այդ թվում՝ համացանցի օգտագործման միջոցով, պատժվում են օրենքը խախտող խաղացողի կամ ակումբի պաշտոնյայի որակազրկմամբ մինչև 10 խաղով և տուգանքով՝ համաձայն այս կանոնակարգի 1-ին հավելվածի 44-րդ կետի»,- նշված է կանոնակարգում:
Հիշեցնենք, որ «Ախմատի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի տնային խաղի 85-րդ րոպեին մրցակցի պաշտպան Ուսման Նդոնգը Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա կիսապաշտպանի ծնոտին հարվածելու համար կարմիր քարտ էր ստացել և հեռացվել խաղադաշտից: Խաղից հետո սենեգալցին Սպերցյանին մեղադրել էր իր նկատմամբ ռասիստական վերաբերմունքի համար:
Գռոզնիի թիմի խաղացողը տվյալ միջադեպի վերաբերյալ ասել էր.
«Խաղային միջադեպ տեղի ունեցավ, ոչ մի խախտում։ Ես մոտեցա նրան, որ օգնեմ վեր կենա։ Այդ պահն արդեն անցել էր, նա մոտեցավ ինձ, հրեց և ասաց` «Փակի՛ր բերանդ, սևամորթ»։ Ես այնքան խելագար չեմ, որ նրան հարվածեմ։ Ինչո՞ւ պետք է ինչ-որ բան հորինեմ, եթե նա դա է ասել։ Պորտուգալերեն վիրավորեց ինձ: Ես չկարողացա զսպել ինձ, քանի որ վիրավորվեցի:
Մրցավարը չլսեց։ Նրան պատմում էի, բայց նա չլսեց։ Մրցավարը VAR-ով դիտում էր բախման դրվագը»:
Հիշեցնենք, որ մրցավարը տեսակրկնապատկերը դիտելուց հետո Նդոնգին կարմիր քարտ էր ցույց տվել, իսկ Սպերցյանին` դեղին: Պաշտպանը հեռացվել էր խաղադաշտից` հայ ֆուտբոլիստին հարվածելու համար, իսկ Սպերցյանը դեղին քարտ էր ստացել վիճելու համար:
Սպերցյանը ևս խոսել էր այս միջադեպի մասին.
«Ես նրան չեմ վիրավորել: Նա ամբողջ խաղի ընթացքում ինձ սադրել է։ Ես մի փոքր իսպաներեն գիտեմ, նա նոր է ՌՊԼ-ում, ինձ չի ճանաչում, չգիտի մեր լիգան։ Ես լսեցի, թե ինչպես է նա ասում` «La concha tu madre»։ Բոլորը գիտեն թարգմանությունը, ես պատասխանեցի` «Cala boca»։ Դա նշանակում է՝ «լռի՛ր»։
Մի քանի անգամ հրեց, հետո հարվածեց: Չգիտեմ, թե ինչու նա դա արեց։ Նա հիասթափեցրեց թիմին և հիմա փորձում է առաջ մղել մի բան, որը երբեք տեղի չի ունեցել։ Ես պետք է ատամներս բուժեմ, վերին շարքի ատամներիցս մի քանիսը կոտրված են»:
Չեմպիոնը հաղթել էր 2-0 հաշվով, Սպերցյանն այդ խաղում կատարել էր գոլային փոխանցում:

