«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը պարզաբանել է, թե ինչ է տեղի ունեցել «Ախմատի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի տնային խաղի 85-րդ րոպեին, հաղորդում է «Матч ТВ»-ն:
Մրցակցի պաշտպան Ուսման Նդոնգը Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա կիսապաշտպանի ծնոտին հարվածելու համար կարմիր քարտ էր ստացել և հեռացվել խաղադաշտից:
«Ես նրան չեմ վիրավորել: Նա ամբողջ խաղի ընթացքում ինձ սադրել է։ Ես մի փոքր իսպաներեն գիտեմ, նա նոր է ՌՊԼ-ում, ինձ չի ճանաչում, չգիտի մեր լիգան։ Ես լսեցի, թե ինչպես է նա ասում` «La concha tu madre»։ Բոլորը գիտեն թարգմանությունը, ես պատասխանեցի` «Cala boca»։ Դա նշանակում է՝ «լռի՛ր»։
Մի քանի անգամ հրեց, հետո հարվածեց: Չգիտեմ, թե ինչու նա դա արեց։ Նա հիասթափեցրեց թիմին և հիմա փորձում է առաջ մղել մի բան, որը երբեք տեղի չի ունեցել։ Ես պետք է ատամներս բուժեմ, վերին շարքի ատամներիցս մի քանիսը կոտրված են»,- ասել է հայ ֆուտբոլիստը:
Ավելի վաղ Գռոզնիի թիմի խաղացողը տվյալ միջադեպի վերաբերյալ ասել է.
«Խաղային միջադեպ տեղի ունեցավ, ոչ մի խախտում։ Ես մոտեցա նրան, որ օգնեմ վեր կենա։ Այդ պահն արդեն անցել էր, նա մոտեցավ ինձ, հրեց և ասաց` «Փակի՛ր բերանդ, սևամորթ»։ Ես այնքան խելագար չեմ, որ նրան հարվածեմ։ Ինչո՞ւ պետք է ինչ-որ բան հորինեմ, եթե նա դա է ասել։ Պորտուգալերեն վիրավորեց ինձ: Ես չկարողացա զսպել ինձ, քանի որ վիրավորվեցի:
Մրցավարը չլսեց։ Նրան պատմում էի, բայց նա չլսեց։ Մրցավարը VAR-ով դիտում էր բախման դրվագը»:
Հիշեցնենք, որ մրցավարը տեսակրկնապատկերը դիտելուց հետո Նդոնգին կարմիր քարտ էր ցույց տվել, իսկ Սպերցյանին` դեղին: Պաշտպանը հեռացվել էր խաղադաշտից հայ ֆուտբոլիստին հարվածելու, իսկ Սպերցյանը դեղին քարտ էր ստացել վիճելու համար:
Չեմպիոնը հաղթել էր 2-0 հաշվով, Սպերցյանն այդ խաղում կատարել էր գոլային փոխանցում:


