Մադրիդի «Ռեալի» ավագ Դանել Կարվախալը ծանր վնասվածք է ստացել «Վիլյառեալի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 9-րդ տուրի խաղում (2-0): Իսպանացի պաշտպանը սոցցանցերում հայտնել է, որ ախտորոշվել է ծնկի առջևի խաչաձև կապանների պատռվածք։
«Ծնկի խաչաձև կապանների ծանր վնասվածք։ Ստիպված եմ վիրահատվել ու մի քանի ամիս բացակայել խաղադաշտից։ Անհամբերությամբ եմ սպասում վերականգնողական փուլը սկսելուն ու շարք վերադառնալուն։
Բոլորին շնորհակալ եմ հաղորդագրությունների համար։ Զգում եմ, որ ինձ շատ են սիրում»,- սոցցանցերում գրել է Եվրոպայի չեմպիոնը։
«Վիլյառեալի» դեմ հանդիպման վերջնամասում Կարվախալին խաղադաշտից դուրս են բերել պատգարակի օգնությամբ։ Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում անցկացրել է 11 հանդիպում, դարձել մեկական գոլի ու գոլային փոխման հեղինակ։