Փարիզում կայացել է 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 67 կգ քաշային կարգի վիճակահանությունը:
Այդ քաշային կարգում Հայաստանը ներկայացնելու է աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր, Եվրոպայի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը, որն իմացել է առաջին մրցակցին։ Առաջին գոտեմարտում հայ ըմբիշը կմրցի էկվադորցի Անդրես Ռոբերտո Մոնտանյո Արոյոյի դեմ։ Այդ գոտեմարտի հաղթողը քառորդ եզրափակիչում ուժերը կչափի կամ թունիսցի Սուլեյման Նասրի, կամ ֆրանսիացի Մամադասա Սիլայի հետ:
27-ամյա Գալստյանը պայքարը կսկսի օգոստոսի 7-ին, իսկ առաջին գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 13:00-ին։

Հիշեցնենք, որ Փարիզ-2024-ի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչներ Մալխաս Ամոյանը (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ) պայքարի մեջ էին մտել օգոստոսի 6-ին: Օլիմպիական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի 7-ակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը երրորդ անգամ անընդմեջ դուրս էր եկել Օլիմպիական խաղերի եզրափակիչ, իսկ Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Ամոյանը երկու հաղթանակ տանելուց հետո պարտվել էր կիսաեզրափակիչում ու բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի օգոստոսի 7-ին:
Փարիզ-2024․ Հայաստանի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը


