Logo

Եղիշե Մելիքյան. «Վաղը կտեսնենք «պատերազմ»»

21:15 / 13.10.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և «Ուրարտուի» պաշտպան Էրիկ Փիլոյանը խոսել են Իռլանդիայի թիմի դեմ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբում կայանալիք արտագնա խաղի մասին:

Էրիկ Փիլոյան. «Ամեն ինչ կանենք, որ հաղթենք: Կփորձենք ավելին անել, քան արել ենք երևանյան մրցավեճում: Ինձ համար շատ մեծ պատիվ է ազգային հավաքականում խաղալը: Երկրպագուները հավատում են մեզ, սպասում են դրական արդյունքի: Հաճելի է, երբ արտագնա խաղերում ստադիոնի տրիբունաներում Հայաստանի եռագույնով երկրպագուներ են լինում:

Իհարկե, այլ Իռլանդիայի հավաքական կտեսնենք, նրանք տանն են խաղալու: Միաժամանակ, մենք ևս ավելի լավ կխաղանք»:

Եղիշե Մելիքյան. «Հայաստանի հավաքականը խաղում է հայերի համար: Արտագնա մրցավեճերում էլ փորձում ենք այնպես խաղալ, որ սփյուռքի հայերը հպարտանան: Նրանց աջակցությունը, ներկայությունը ստադիոններում մոտիվացնում են մեզ:

Հոգեբանորեն լավ պատրաստվել ենք, գիտենք, որ այստեղ շատ դժվար է լինելու: Առաջիկա խաղը շատ է տարբերվելու երևանյան մրցավեճից: Երբ մենք Երևանում հաղթեցինք, ես այդ խաղից հետո ասացի, որ Իռլանդիայում ամբողջովին այլ խաղ է լինելու:

Երկու հավաքականներն էլ ցավալի պարտություններով են մոտենում այս խաղին, առաջիկա հանդիպմանը 3 միավոր վաստակելը չափազանց կարևոր է լինելու կողմերի համար: Շատ կարևոր խաղ է սպասում: Վաղը կտեսնենք «պատերազմ»»:

Իռլանդիա - Հայաստան խաղը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Դուբլինի «Ավիվա» ստադիոնում, Երևանի ժամանակով 22:30-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո նույնքան միավորով երրորդն է խմբում, Իռլանդիան մեկ միավոր ունի և չորրորդն է: Առաջատար Պորտուգալիան, որը 9 միավոր ունի, հոկտեմբերի 14-ին կընդունի Հունգարիային, որը 4 միավորով երկրորդն է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 2-1 հաշվով հաղթել էր Իռլանդիայի թիմին:

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ