Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը պատմության մեջ ռեկորդային՝ չորրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Գերմանիայում ավարտված Եվրոպայի 17-րդ առաջնության եզրափակիչում իսպանացիները 2-1 հաշվով հաղթեցին Անգլիայի հավաքականին։
Բեռլինի Օլիմպիական ստադիոնում կայացած հանդիպման առաջին խաղակեսն ուշագրավ իրադարձություններով հարուստ չէր և ավարտվեց 0-0 հաշվով։ Հավաքականները զգուշավոր և հետախուզական ֆուտբոլ էին ցուցադրում, իսկ առաջին դիպուկ հարվածը եղավ միայն խաղակեսի ավելացված առաջին րոպեին, սակայն «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի վինգեր Ֆիլ Ֆոդենը վրիպեց նպաստավոր դիրքից։
Ընդմիջման ժամանակ վնասվածքի պատճառով փոխարինվեց անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին, սակայն դա Իսպանիայի հավաքականին չխանգարեց արագորեն բացել հաշիվը:
Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում` 47-րդ րոպեին, կատալոնական «Բարսելոնայի» 17-ամյա վինգեր Լամին Յամալի` հարձակման աջ եզրով տպավորիչ անցումից ու փոխանցումից հետո աչքի ընկավ Բիլբաոյի «Աթլետիկի» ֆուտբոլիստ Նիկո Ուիլյամսը՝ առաջ մղելով իսպանացիներին։
Խփած գոլից հետո էլ «Ֆուրիա ռոխան» տիրում էր նախաձեռնությանը և ունեցավ հաշիվը կրկնապատկելու հիանալի հնարավորություններ, բայց գերմանական «Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն ու Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան նպաստավոր դիրքերից շեղ հարվածեցին։
66-րդ րոպեին իսպանացիները նետվեցին կայծակնային հակագրոհի, որը եզրափակած Յամալի հարվածից հետո փայլեց Անգլիայի հավաքականի դարպասապահ Ջորդան Պիկֆորդը և հեռացրեց գնդակը։
73-րդ րոպեին անգլիացիները Քոուլ Պալմերի ջանքերով կարողացան խփել պատասխան գոլը։ Լոնդոնի «Չելսիի» 22-ամյա կիսապաշտպանը դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը Եվրոպայի առաջնության եզրափակիչում գոլ խփեց փոխարինման դուրս գալուց հետո: Գոլից հետո «Երեք առյուծները» սկսեցին ավելի վստահ գործել, սակայն մրցակցի դարպասին սպառնալ չէր հաջողվում։
Թվում էր` հանդիպումը շարունակվելու է լրացուցիչ ժամանակում, սակայն 86-րդ րոպեին Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսիեդադի» հարձակվող Միկել Օյարսաբալը, եզրափակելով «Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելյայի փոխանցումը, խփեց Իսպանիայի հավաքականի չեմպիոնական գոլը։ Օյարսաբալը փոխարինման էր մտել 68-րդ րոպեին:
Անգլիայի հավաքականն առաջին թիմն է, որը երկրորդ անգամ անընդմեջ պարտվում է Եվրոպայի առաջնության եզրափակիչում։ Եվրո-2020-ի վճռորոշ խաղում բրիտանական թիմը հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել էր Իտալիայի հավաքականին։ Գարեթ Սաութգեյթն էլ առաջին մարզիչն է, որը երկրորդ անգամ անընդմեջ պարտություն է կրում Եվրոպայի առաջնության եզրափակիչում:
Իսպանիայի հավաքականը Եվրոպայի չեմպիոն դարձել էր նաև 1964, 2008, 2012 թվականներին ու բացարձակ ռեկորդակիր դարձավ եվրոպական տիտղոսների ցուցանիշով՝ գերազանցելով Գերմանիային, որը 3 անգամ է հաղթել Հին աշխարհամասի առաջնությունում: Իտալիան ու Ֆրանսիան ունեն 2-ական տիտղոս:
Իսպանիան առաջին հավաքականն է, որը հաղթում է Եվրոպայի առաջնության բոլոր խաղերում: Իսպանացիները ռեկորդ սահմանեցին նաև մեկ Եվրոյում գոլերի ցուցանիշով՝ խփելով 15 գոլ: Նախորդ ռեկորդը պատկանում էր Ֆրանսիային, որը Եվրո-1984-ում 14 անգամ էր գրավել մրցակիցների դարպասները:
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականը Եվրո-2024-ում պայքարը սկսել էր B խմբում։ Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմը հաղթել էր խմբի բոլոր երեք խաղերում` առավելության հասնելով Խորվաթիայի (3-0), Իտալիայի (1-0), Ալբանիայի (1-0) նկատմամբ։ Փլեյ-օֆֆում էլ «Ֆուրիա ռոխան» պայքարից դուրս էր թողել Վրաստանի (4-1), Գերմանիայի (2-1) և Ֆրանսիայի (2-1) հավաքականներին։
Եվրո-2024, եզրափակիչ
Իսպանիա - Անգլիա` 2-1 (տեսանյութ)
Նիկո Ուիլյամս, 47, Միկել Օյարսաբալ - Քոուլ Պալմեր, 73
Հին աշխարհամասի խաղերի խաղը․ ամենը, որ պետք է իմանալ Եվրո-2024-ի եզրափակիչից առաջ


