Logo

Հին աշխարհամասի խաղերի խաղը․ ամենը, որ պետք է իմանալ Եվրո-2024-ի եզրափակիչից առաջ

Հեղինակ
Արամ Սահակյան
12:06 / 13.07.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

Եվրոպայի ֆուտբոլային ուժեղագույն երկրի հավաքականին բացահայտելու համար 51 խաղերից 50-ն արդեն անցյալում է: Առջևում խաղերի խաղն է՝ Եվրոյի եզրափակիչը Գերմանիայի քաղաքամայր Բեռլինի Օլիմպիական ստադիոնում: Ուղիղ մեկ ամիս առաջ հենց այստեղ տիտղոսի հետևից իր մառաթոնը սկսեց Իսպանիայի հավաքականը, հետո անցավ Գելզենկիրխենով, Դյուսելդորֆով, Քյոլնով, Մյունխենով ու հիմա վերադառնում է Բեռլին:

Իսկ Անգլիան օտար հողի վրա խոշոր մրցաշարի իր առաջին եզրափակիչին հասնելու համար ճանապարհորդեց Գելզենկիրխենից Ֆրանկֆուրտ, Քյոլնից՝ Դյուսելդորֆ, ու վերջապես Դորտմունդում «գնեց» Բեռլինի տոմսերը:

FastNews-ը հին աշխարհամասի գլխավոր հանդիպմանն ընդառաջ գնահատել է կողմերի հնարավորությունները:

5-րդ խաղը խոշոր մրցաշարերում ու առաջին եզրափակիչը

Սա առաջին դեպքն է, երբ Իսպանիայի ու Անգլիայի հավաքականները հանդիպում են Եվրոպայի առաջնության կամ աշխարհի առաջնության եզրափակիչում: Նախկինում խոշոր մրցաշարերի չորս հանդիպում է կայացել այս երկրների թիմերի միջև:

Առաջինը 1950 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլում էր, որտեղ Իսպանիան հաղթել է 1-0 հաշվով: 1980 թվականին Իտալիայում կայացած Եվրոյում այս թիմերը դարձյալ նույն խմբում էին: Այս անգամ հաղթեց Անգլիան 2-1 հաշվով:

1982 թվականի Մունդիալում այս թիմերը նորից խմբում միասին էին: Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում կայացած խաղն ավարտվեց 0-0: Խոշոր մրցաշարերում այս թիմերի նախորդ խաղը եղել է Եվրո-1996-ի քառորդ եզրափակիչում: Դա միակ հանդիպումն է Անգլիայի և Իսպանիայի միջև, որը կայացել է խոշոր մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում: Բրիտանական թիմն առավելության հասավ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով: Դե կռահե՛ք, թե ով է այդ օրն ամբողջական հանդիպում անցկացրել «Երեք առյուծների» կազմում. իհարկե՝ Գարեթ Սաութգեյթը:

Թիմերի բարդ արահետը մինչև եզրափակիչ

Եթե հիշում եք, Եվրոյի խմբային փուլից հետո երկրպագուներն ու փորձագետները ցանցի երկու հատվածներին տվել էին «ուժեղ» ու «թույլ» որակումները: Սակայն Անգլիան հենց այդ թվացյալ «թույլ» հատվածով եզրափակիչ հասավ վիթխարի դժվարություններով: Սլովակիայի հետ խաղում նրանց վայրկյաններ էր բաժանում դուրս մնալուց, սակայն Ջուդ Բելինգեմի անհավանական գոլը պահեց նրանց մրցաշարում: Քառորդ եզրափակիչում Անգլիայի հավաքականը նորից մրցակցի հարցերը լուծել չկարողացավ հիմնական ժամանակում: Շվեյցարիային նրանք պայքարից դուրս թողեցին հետխաղյա հարվածաշարով: Ու միայն Նիդերլանդներին հաղթեցին հիմնական ժամանակում ու հասան եզրափակիչ: Ի դեպ, Անգլիան պատմության մեջ միակ թիմն է, որը, պարտվելիս լինելով փլեյ-օֆֆ փուլի բոլոր խաղերում, հասնում է Եվրոյի եզրափակիչ: «Բնավորություն». հենց այս բառով Գարեթ Սաութգեյթը բնութագրեց իր թիմին՝ ակնարկելով նաև վերջին րոպեներին գոլեր խփելու կարողությունը:

Իսպանիայի հավաքականը փլեյ-օֆֆում պայքարից դուրս թողեց մեծ մրցաշարերում տպավորիչ նորամուտով աղմկած Վրաստանին և Եվրոյի գլխավոր ֆավորիտներից Գերմանիային ու Ֆրանսիային: Նշված խաղերից միայն տանտերերի հետ նրանք չկարողացան ավարտել հանդիպումը հիմնական ժամանակում: Այս հանգամանքը կարող է որոշակի դեր ունենալ եզրափակիչում: «Ֆուրի Ռոխան» ավելի քիչ է խաղացել, քան Անգլիան: Իսպանիան մեկ օր ավելի է հանգստացել ու նախապատրաստվել եզրափակիչին, քան Անգլիան:

Գարեթ Սաութգեյթը ևս այս թեման աչքաթող չարեց. «Նրանք մեկ օր ավելի են ունենալու խաղին նախապատրաստվելու համար: Սա, իհարկե, խնդիր է: Մենք ժամանակ չունենք մարզվելու, ու ավելի շատ թիմային հանդիպումների ու քննարկումների միջոցով կնախապատրաստվենք խաղին: Ի դեպ, Նիդերլանդների դեմ խաղից առաջ մենք նույնպես արել ենք այդպես»,- ասաց «Երեք առյուծների» գլխավոր մարզիչը:

Ի՞նչ պետք է անել հաղթելու համար

Գարեթ Սաութգեյթի ու Լուիս դե լա Ֆուենտեի ուղեղում հիմա բազմաթիվ գաղափարներ կան: Մենք դրանք իմանալ չենք կարող, համենայնդեպս՝ մինչև եզրափակիչի մեկնարկը: Բայց կարող ենք ինքներս մեզ հարց տալ ու փորձել գտնել դրա պատասխանը. ի՞նչ պետք է անեն թիմերը հաղթելու համար:

Անգլիա

Առանձնակի ճնշում Ունայ Սիմոնի վրա

Անգլիայի հավաքականը պետք է ուշադրություն դարձնի Իսպանիայի հավաքականի դարպասապահ Ունայ Սիմոնի վրա: Բիլբաոյի «Աթլետիկի» դարպասապահը երբեմն սխալվում է: Հիշե՛ք նախորդ Եվրոյում նրա բացթողումը Խորվաթիայի դեմ խաղում, հիշե՛ք նրա սխալն այս Եվրոյում նորից Խորվաթիայի դեմ խաղում, որը հանգեցրեց 11-մետրանոցի, որը նա հետո փրկեց: Սիմոնի համար սա քննություն է լինելու: Այս սխալները պետք է հիշել:

Յամալն աննկարագրելի է, բայց պետք է փակել Ռոդրիի «օդերը»

Լամին Յամալի մասին խոսելն իսկապես հաճելի է: «Բարսելոնայի» ծագող աստղը երիտասարդ է, նա անհավանական ֆուտբոլ է խաղում, նա մեծ սրություն է բերում մրցակցի դարպասի մոտ, բայց Իսպանիայում լավագույնը Ռոդրին է: «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանի գերիշխանությունն ու անսխալ խաղը դաշտի կենտրոնում ուղղակի ապշեցուցիչ է: Անգլիան պետք է զրկի Ռոդրիին «օդից», որքան էլ որ դա հեքիաթի ժանրից է թվում: Դա անելու համար նրանք ունեն Դեկլան Ռայս ու Քոբի Մեյնու: Երկուսն էլ Ռոդրիի հետ խաղալու փորձ ունեն Անգլիայի Պրեմիեր լիգայում: Եթե ուզում ես հաղթել Իսպանիային, պետք է Ռոդրիին «լռեցնես»: Դա ամենաբարդ առաջադրանքներից է հիմա:

Հավատալ փոխարինումներին

Փլեյ-օֆֆի ընթացքում մենք հասկացանք, որ անգլիացի ցանկացած խաղացող կարող է որոշիչ դեր ունենալ նույնիսկ պահեստային նստարանից դաշտ դուրս գալուց հետո: Այվան Թոնին անվրեպ իրացրեց հետխաղյա 11-մետրանոցը Շվեյցարիայի հետ խաղում, Էզրի Կոնսան փայլուն փոխարինեց Մարկ Գեհիին, Քոուլ Փալմերն ու Օլի Ուոտկինսը կերտեցին անգլիացիների գոլը Նիդերլանդների հետ դիմակայությունում: Այստեղից պետք է անել հետևություն. հավատալ նաև այն տղաներին, ովքեր դաշտ կարող են դուրս գալ պահեստային նստարանից ու սպասել նրանցից անհավանականը:

Անհատների դերն ու Պիկֆորդի «հուշող» ջրի շիշը

Ջուդ Բելինգեմ, Հարի Քեյն, Ֆիլ Ֆոդեն. վառ անհատներ ու հզոր խաղացողներ: Այսպիսիք ունեն նաև իսպանացիները: Թե որ անհատն է փայլելու, բարդ է ասելը: Սա եզրափակիչ է, ու բոլորն իրենց «անձնական» պատճառներն ունեն այս օրը պատմություն դարձնելու: Քեյնը երբեք տիտղոս չի նվաճել, Բելինգեմը ցույց է տվել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, թե ինչերի է ընդունակ: Նույնն էլ Ֆոդենն ու մյուսները: Եթե վերոնշյալ կետերից ոչ մեկը օգնության չեկավ, վերջում կարող է որոշիչ դառնալ Ջորդան Պիկֆորդն իր «հուշող» ջրի շշով, որի վրա գրված է լինում, թե հետխաղյա հարվածաշարի ժամանակ որ ֆուտբոլիստն ուր է հարվածելու և ուր պետք է ցատկի դարպասապահը:

Իսպանիա

Վայելել խաղը իսպանական ոճով

Իսպանիայի հավաքականին առաջին հերթին պետք է մոռանալ խաղի մեծության մասին ու փորձել անել այն, ինչ արել են մինչև հիմա: Իսպանացիները Ֆրանսիայի դեմ կիսաեզրափակիչի վերջին րոպեներին վարպետորեն գնդակ էին պահում: Դա նրանց մոտ հիասքանչ է ստացվում: Կազմի կորիզը երիտասարդներն են, որոնց համար սա կարիերայի ամենամեծ խաղն է լինելու մինչև այս պահը: Ճնշումը պետք է դնել մի կողմ ու վայելել խաղն ամբողջությամբ: Այդ դեպքում նրանց մոտ շատ բան է ստացվելու, հավատացե՛ք:

Արագ լինել գնդակի տեղափոխման գործում

Այդ խաղի վայելքի, գնդակ պահելու ու գեղեցիկ փոխանցումներ կատարելու համատեքստում իսպանացիները պետք է բավականաչափ արագ լինեն պաշտպանությունից գնդակի՝ գրոհի փուլ տեղափոխման հարցում: Անգլիան այս առաջնությունում երբեմն տվել է մրցակցին ազատ տարածություններ ու պատժվել: Դա եղել է թե՛ Սլովակիայի, թե՛ Շվեյցարիայի դեմ խաղերում:

Իսպանիան դրանից կարող է ամենալավն օգտվել: Կենտրոնում նրանք ունեն Ռոդրի, որը գնդակն իր ուզած կողմ կարող է հասցնել մեծ արագությամբ: Եզրերում գերարագ ու երիտասարդ Լամին Յամալն ու Նիկո Ուիլյամսը դեմ հանդիման են դուրս գալու Կիրան Տրիպիերի ու Քայլ Ուոքերի հետ: Ահա, թե որտեղ կարող է Իսպանիան տարբերություն ստեղծել:

Լսե՛լ կազմում գրեթե ամեն ինչ հաղթածներին

Ֆրանսիայի դեմ կիսաեզրափակիչի խաղի մեկնարկային սուլիչից վայրկյաններ անց Իսպանիայի հավաքականի խաղացողները շրջան էին կազմել ու վերջին ոգևորիչ խոսքերն էին ասում միմյանց: Ըստ ձեզ՝ ո՞վ էր թիմակիցներին մոտիվացնում իր ճառով: Ո՛չ Ռոդրին չէր, ո՛չ էլ թիմի ավագ Ալվարո Մորատան: Չկար նաև Դանի Կարվախալը որակազրկման պատճառով: Այդ ֆուտբոլիստը Նաչոն էր:

Այո՛, Իսպանիայի հավաքականի խաղացողներն այսպիսի խաղից առաջ պետք է լսեն իրենց փորձառու թիմակիցներին, ովքեր գրեթե ամեն ինչ են հաղթել իրենց կարիերայում: Դանի Կարվախալի, Նաչոյի ու Ռոդրիի ֆուտբոլային թանգարանում կպակասի միայն Մունդիալի գավաթը, եթե կիրակի երեկոյան նրանք հաղթեն Եվրոն: Նաչոն խոշոր մրցաշարերում ավելի քիչ հանդիպում է անցկացրել (5), քան հաղթել է Չեմպիոնների լիգան (6): Հավատացե՛ք ֆուտբոլում ամեն ինչ տեսած այս խաղացողներն այսպիսի խաղերից առաջ շատ ավելի որոշիչ դեր կարող են ունենալ իրենց խորհուրդներով, քան տակտիկական գաղափարները:

Չվախենալ հետխաղյա հարվածաշարից

Լուիս դե լա Ֆուենտեի հետ Իսպանիայի հավաքականն արդեն մեկ տիտղոս նվաճել է: Դա տեղի է ունեցել 2023 թվականի Ազգերի լիգայում: Եզրափակիչում իսպանացիները հաղթեցին Խորվաթիայի հավաքականին հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում:

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների վստահ հարվածները Շվեյցարիայի դեմ խաղում ստիպել են նրանց երկրպագուներին հավատալ, որ եթե բանը հասնի դրան, նրանք հաղթելու են մրցաշարը: Բայց Իսպանիան ևս ունի ուժեղ դարպասապահ ու հիանալի իրացնողներ: Երբեք չես իմանա, թե այդ պահին ունեցած ճնշման ու մտքերի մեջ ով ուր է հարվածելու:

Խոսույթը պատրաստ է, հաղթողը՝ ոչ

Թե՛ Իսպանիայի, թե՛ Անգլիայի դեպքում Եվրոն պատմական կլինի: Անգլիան կարող է առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն դառնալ: Մարզիչը Գարեթ Սաութգեյթն է, այն նույն Սաութգեյթը, որ Եվրո-1996-ի կիսաեզրափակիչում վրիպեց 11-մետրանոցից: Միայն ֆուտբոլը կարող էր այսպիսի սցենար գրել: Հարի Քեյնը առաջին տիտղոսը կնվաճի ու այդպես շարունակ:

Իսկ իսպանական խոսույթն այլ տեղ է տանում. նրանք կարող են Եվրոպա մայրցամաքի գլխավոր մրցաշարի ամենահաջողակ թիմը դառնալ չորս տիտղոսով, եթե հաղթեն կիրակնօրյա եզրափակիչը: Լուիս դե լա Ֆուենտեն կապացուցի, որ հավաքականի լավ մարզիչ լինելու համար պետք չէ հնչեղ անուն ունենալ, պետք է ուղղակի իմանալ ու ճանաչել թիմին:

Խոսույթը պատրաստ է, հաղթողը՝ ոչ: «Ֆուտբոլը տուն կվերադառնա», կամ էլ կգնա նորից այնտեղ, որտեղ իրեն սիրում են անսահման ու փորձում խաղալ ամենագեղեցիկ ոճով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ