Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է «Վեստ Արմենիայի», «Վանի», «Արարատի» ու «Ալաշկերտի» դիրքորոշումները ֆեդերացիայի կողմից ներկայացված առաջարկների վերաբերյալ, որոնք վերաբերում էին Fastex Պրեմիեր լիգայի ձևաչափին, ՀՀ-ում մարզված ֆուտբոլիստների հարցին, ԲԿՄԱ-ին, մրցավարությանը և այլն:
FastNews-ը դիրքորոշումները ներկայացնում է առանց խմբագրման.
«ՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱ»
«Վեստ Արմենիա Ֆուտբոլային ակումբը կողմ է, որպեսզի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունը կայանա 10 թիմով:
Վեստ Արմենիա Ֆուտբոլային ակումբը համաձայն է, որ ՀՊԼ առաջնության 10-րդ տեղը զբաղեցրած թիմը լքի ՀՊԼ-ն ԱԽ-ում, իսկ փոխարենը ԱԽ-ի չեմպիոնը իրավունք ստանա հանդես գալու ՀՊԼ-ում, իսկ ՀՊԼ-ում նախավերջին տեղը զբաղեցրած թիմը անցումային հանդիպում անցկացնի ԱԽ-ի երկրորդ տեղը զբաղեցրած թիմի դեմ:
Վեստ Արմենիա Ֆուտբոլային ակումբը առաջարկում է` ՀՊԼ-ում ՀՀ-ում մարզված կամ Հայաստանի ազգային տարբեր տարիքային հավաքականների անդամների քանակի սահմանափակումը մնա անփոփոխ»:
«ՎԱՆ»
««Վան» ֆուտբոլայի ակումբը համաձայն է ՀՖՖ առաջարկի Բ տարբերակի հետ, նպատակահարմար է գտնում, որպեսզի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունը կայանա 10 թիմով, շրջանների քանակը՝ 3 (135 խաղ), իսկ մրցափուլերը 27 տուրով: Ըստ այս տարբերակի Մրցումների բաժինը ունենում է 27 խաղային շաբաթ, որը հնարավորություն է տալիս ՀՊԼ խաղերը նշանակել ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին, իսկ Հայաստանի գավաթի խաղերը երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին:
«Վան» ֆուտբոլայի ակումբը համաձայն է, որ ՀՊԼ առաջնության վերջին 10-րդ տեղը զբաղեցրած թիմը լքի ՀՊԼ-ն և հանդես գա ԱԽ-ում, փոխարենը ԱԽ-ի չեմպիոնը իրավունք ստանա հանդես գալու ՀՊԼ-ում, իսկ Պրեմիեր լիգայում նախավերջին տեղը գրաված թիմը անցումային հանդիպում անցկացնի առաջին խմբում 2-րդ տեղը գրաված թիմի հետ:
«Վան» ՖԱ-ն առաջարկում է ՀՊԼ-ում ՀՀ-ում մարզված կամ Հայաստանի ազգային տարբեր տարիքային հավաքականների անդամների քանակի սահմանափակումը մնա անփոփոխ:
ԲԿՄԱ-ի հետ կապված այն տարբերակները, որ առաջարկել է ՀՖՖ-ն, մենք համաձայն ենք՝ ԲԿՄԱ-ն հանդես գա Պրեմիեր լիգայում հաշվարկից դուրս՝ առանց միավորներ խաղարկվելու տարբերակի»:
«ԱՐԱՐԱՏ»
«Մեզ համար առաջարկված տարբերակներից առավել ընդունելի է Բ տարբերակը, քանի որ մենք կողմնակից ենք հնարավորինս շատ թիմերի ընդգրկմանը Բարձրագույն խմբում։ Մեր դիրքորոշման հիմքում այն համոզմունքն է, որ ավելի մեծ թվով թիմերի մասնակցությունն առաջին հերթին կնպաստի առաջնության բազմազանությանն ու մրցակցային միջավայրի ամրապնդմանը:
Մենք կցանկանայինք տեսնել 12 թիմով կազմավորված Պրեմիեր լիգա, ինչը մի շարք դրական հետևանքներ կունենա՝
Թիմերի միջև հանդիպումների քանակի օպտիմալացում՝ նվազեցնելով նույն մրցակիցների հաճախակի հանդիպումները,
Առանց ակումբների վրա լրացուցիչ պարտավորություններ դնելու, ավելի լայն հնարավորություն կստեղծվի հայ ֆուտբոլիստների մասնակցության քանակը մեծացնելու համար,
Առաջնության մրցակցային մակարդակի բարձրացում՝ ավելի մեծ թվով թիմերի ներգրավմամբ։
Հայաստանում մարզված համարվող ֆուտբոլիստներ
Ներկայիս իրավիճակում մենք նպատակահարմար չենք համարում ակումբներում Հայաստանում մարզված համարվող ֆուտբոլիստների քանակի արհեստական ավելացումը և կցանկանայինք, որպեսզի այդ ֆուտբոլիստների պարտադիր քանակը մեկնարկային կազմում լիներ երկու ֆուտբոլիստ։ Մենք այս հարցի լուծումը տեսնում ենք միայն վերը նշված առաջարկի միջոցով՝ առաջնությունում թիմերի թվի ավելացմամբ, այլ ոչ թե ակումբներին խիստ սահմանափակումներ պարտադրելու ճանապարհով։
Ավելին, մենք գտնում ենք, որ արհեստական քվոտաները ոչ միայն չեն նպաստի տեղացի ֆուտբոլիստների զարգացմանը, այլև կարող են նվազեցնել ընդհանուր մրցակցային մակարդակը, քանի որ առաջնային պետք է լինի ֆուտբոլիստի պրոֆեսիոնալիզմն ու մարզավիճակը։
ԲԿՄԱ-ի հարցը
Մենք կարծում ենք, որ ԲԿՄԱ-ի ներկայությունը հայկական ֆուտբոլում արհեստական մրցակցային անհավասարակշռություն է ստեղծում, խոչընդոտելով ակումբներին՝ 18-20 տարեկան հայ ֆուտբոլիստների հետ աշխատելու հնարավորության հարցում։ Շատ խոստումնալից խաղացողներ մերժում են մեր առաջարկները և նախընտրում են ԲԿՄԱ-ն՝ զինվորական ծառայության հարցի վերջնական լուծման և երիտասարդական հավաքականին մոտ լինելու հնարավորության պատճառով, ինչը սահմանափակում է նրանց հետ աշխատելու հնարավորությունը: Մինչդեռ մենք արդեն հաջող փորձ ունենք արտասահմանցի երիտասարդ ֆուտբոլիստներին զարգացնելու և եվրոպական ակումբներ տեղափոխելու հարցում և ցանկանում ենք նման հնարավորություն ստեղծել նաև հայ խաղացողների համար։
ԲԿՄԱ-ի մոդելը հակասում է ՀՖՖ-ի՝ ակումբներում հայ ֆուտբոլիստների թվի ավելացման քաղաքականությանը, քանի որ կենտրոնացնում է լավագույն տեղացի երիտասարդ խաղացողներին մեկ թիմում: Ավելի արդյունավետ կլինի, եթե զինվորական ծառայության հարցում արտոնություններ ստացած ֆուտբոլիստները մրցակցեն ակումբներում՝ փորձառու տեղացի և արտասահմանցի խաղացողների հետ, ինչը կապահովի նրանց պրոֆեսիոնալ աճը: Մեր ակումբի նպատակներից է օգտագործել մեր կապերն ու ռեսուրսները հայ տաղանդավոր ֆուտբոլիստների միջազգային կարիերայի համար ուղի բացելու համար, և մենք պատրաստ ենք նրանց տրամադրել այս հնարավորությունը, սակայն վերը նշված պատճառներով անհնար է մրցակցել ԲԿՄԱ-ի հետ հայ երիտասարդ ֆուտբոլիստներին ներգրավելու հարցում»։
«ԱԼԱՇԿԵՐՏ»
«Ալաշկերտ ՖԱ-ն կողմ չէ առաջարկվող Ա և Բ տարբերակներին, քանի որ համարում ենք, որ առաջիկա տարիների համար հարկ է ընտրել Պրեմիեր Լիգայի ակումբների թվաքանակի ոչ թե նվազեցման, այլ ավելացման ռազմավարություն և ձգտել այն հասցնել 12-ի:
բ/ Առաջարկում ենք ԲԿՄԱ-ի կարգավիճակը թողնել նույնը:
գ/ Վիճելի պահերի քննարկման առաջարկված ձևաչափը, այն է՝ կազմակերպել քննարկում ՀՖՖ-ում Ակումբի ներկայացուցչի մասնակցությամբ, ընդունելի ենք համարում»: