«Ուրարտուն» Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ներկայացրել է իր առաջարկները Fastex Պրեմիեր լիգայի ձևաչափը փոխելու վերաբերյալ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ակումբի առաջարկների փաթեթը
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը՝ ծանոթանալով Հայաստանի Պրեմիեր լիգայի ձևաչափի փոփոխության վերաբերյալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) առաջարկներին, ներկայացնում է իր առաջարկները Պրեմիեր լիգայի, Առաջին և Երկրորդ լիգաների կառուցվածքի բարեփոխման, Հայաստանի գավաթի խաղարկության, ինչպես նաև մրցավարության, լեգեոներների և ԲԿՄԱ ՖԱ-ի կարգավիճակի վերաբերյալ:
Բացի այդ, «Ուրարտու» ՖԱ-ն անհրաժեշտ է համարում և պահանջում, որպեսզի ֆուտբոլային ակումբների բոլոր առաջարկները պաշտոնապես հրապարակվեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (այսուհետ՝ ՀՖՖ) պաշտոնական կայքում։
Այս գործողությունը կապահովի քննարկման գործընթացի թափանցիկությունը, բոլոր շահագրգիռ կողմերի իրավահավասարությունը և բաց երկխոսության հնարավորությունը՝ ուղղված ամբողջ հայկական ֆուտբոլի զարգացմանը։
Գլուխ 1․ Հայաստանի Պրեմիեր լիգայի ձևաչափի փոփոխություն
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը, ուսումնասիրելով ՀՖՖ-ի առաջարկած բոլոր տարբերակները, հանգել է ողջամիտ եզրակացության, որ կողմ է Հայաստանի Պրեմիեր լիգայի ձևաչափի փոփոխության «Բ» տարբերակին՝ այն համարելով ամենաընդունելին և ազգային ֆուտբոլի զարգացման շահերին համահունչ, սակայն որոշակի փոփոխություններով, վերանայումներով և առաջարկներով, որոնք ներկայացված են ստորև։
«Բ» տարբերակի ներածություն
Առաջարկվող ձևաչափի համաձայն՝ 2026/2027 մրցաշրջանից սկսած և հաջորդ մրցաշրջաններում (2026/2027, 2027/2028, 2028/2029) Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցի ոչ ավելի, քան 8 թիմ։
Անցումային շրջան.
- 2025/2026 մրցաշրջանի ավարտին 1-7-րդ տեղերը զբաղեցրած թիմերը պահպանում են իրենց տեղը Հայաստանի Բարձրագույն խմբում։
- Նրանց է միանում Հայաստանի Առաջին խմբի հաղթողը։
- Պրեմիեր լիգայից դուրս մնացած թիմը տեղափոխվում է Առաջին խումբ:
- Պրեմիեր լիգայում հանդես եկող բոլոր ակումբները պարտավոր են ունենալ պահեստայինների թիմ, որը հանդես կգա պրոֆեսիոնալ պահեստային առաջնությունում: Այս պահանջը պետք է պարտադիր կերպով գրանցվի ՀՖՖ-ի համապատասխան կանոնակարգում:
Մրցույթի ձևաչափը 2026/2027 մրցաշրջանից
Հայաստանի Պրեմիեր լիգա (ՀՊԼ)
- Թիմերի քանակը՝ 8
- Մրցաշարի ձևաչափը՝ 4 շրջան
- Յուրաքանչյուր թիմի խաղերի քանակը՝ 28 հանդիպում + Հայաստանի գավաթի հանդիպումներ
Հայաստանի Առաջին Լիգա (ՀԱԼ)
- Թիմերի քանակ՝ 10
- Մրցաշարի ձևաչափ՝ 4 շրջան, 36 տուր
Հայաստանի Երկրորդ Խումբ
«Ուրարտու» ՖԱ-ն կտրականապես համաձայն չէ Երկրորդ լիգայի ստեղծման առաջարկին. Առաջարկում ենք Երկրորդ լիգան փոխարինել պահեստային առաջնությունով, ինչպես նշվեց վերևում։ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության յուրաքանչյուր թիմ պետք է ունենա պահեստային թիմ, որը կմասնակցի պրոֆեսիոնալ պահեստայինների առաջնությանը։ Ֆուտբոլիստների տարիքային շեմը 14-ից 18 տարեկան է։
2026/2027 մրցաշրջանից առաջխաղացման և անկման համակարգ
- Պրեմիեր լիգայում 8-րդ տեղը զբաղեցրած թիմը լքում է առաջնությունը և տեղափոխվում Առաջին լիգա։
- Առաջին լիգայի չեմպիոնն իրավունք է ստանում մասնակցելու ՀՊԼ-ին։
Այս ձևաչափն ուղղված է Հայաստանում առաջնության մրցունակության ապահովմանը, մրցակցության մակարդակի բարձրացմանն ու պրոֆեսիոնալ ֆուտբոլի արդյունավետ զարգացմանը։
Գլուխ 2․ Հայաստանի Գավաթի վերաբերյալ հարցը
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբն աջակցում է Հայաստանի գավաթի հանդիպումները երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին անցկացնելու առաջարկին՝ մրցումների օրացույցի կազմակերպման տեսակետից օպտիմալ համարելով այս ժամանակացույցը։
Բացի այդ, «Ուրարտու» ՖԱ-ն համաձայն է Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ և 1/4 եզրափակիչ փուլերում երկու հանդիպում անցկացնելու առաջարկին, ինչը կապահովի արդյունքների ավելի արդար և մրցունակ բաշխում։
Գլուխ III. Փոփոխություններ Ֆուտբոլի պրոֆեսիոնալ մրցումների անցկացման մասին ՀՖՖ կանոնակարգի 20.6-րդ հոդվածում
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբն առաջարկում է փոփոխել պրոֆեսիոնալ ֆուտբոլային մրցումների անցկացման մասին ՀՖՖ կանոնակարգի 20.6-րդ հոդվածը, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության մարզված համարվող ֆուտբոլիստների սահմանմանը։
Հոդված 20.6-ի գործող տարբերակում Հայաստանում մարզված են համարվում այն ֆուտբոլիստները, ովքեր 15-ից 21 տարեկան, անկախ իրենց ազգությունից, գրանցված են եղել Հայաստանում գրանցված ակումբում առնվազն երեք մրցաշրջան (կամ 36 ամիս անընդմեջ կամ ընդմիջումներով):
«Ուրարտու» ՖԱ-ն անհրաժեշտ է համարում լրացնել և պարզաբանել այս կետը, այն է.
- Բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստները լեգեոներ չեն ճանաչվում։
- Երկքաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստները նույնպես Հայաստանում լեգեոներ չեն համարվում, եթե առաջին անգամ են հրավիրվել ու ընտրել Հայաստանի հավաքականը։
- Լեգեոներ չպետք է համարվեն նաև այն ֆուտբոլիստները, ովքեր, անկախ քաղաքացիությունից, 15-ից 21 տարեկան առնվազն 36 ամիս անցկացրել են Հայաստանի ակումբային համակարգում և իրավունք չունեն հանդես գալ այլ երկրների հավաքականներում։
Այս փոփոխությունները կապահովեն հայկական ֆուտբոլում լեգեոներների կարգավիճակի ավելի արդար հաշվառումը, կաջակցեն երիտասարդ տաղանդների զարգացմանը և կպարզեցնեն հայկական արմատներով խաղացողների ներգրավումն ազգային առաջնություններում։
Բացի վերը նշվածից, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն առաջարկում է մի ձևաչափ, որով խաղադաշտում պետք է լինեն միաժամանակ առնվազն 4 ֆուտբոլիստներ, ովքեր մարզվել են Հայաստանի Հանրապետությունում կամ հանդիսանում են Հայաստանի հավաքականի/տարբեր տարիքային խմբերի անդամ։
Գլուխ IV. ԲԿՄԱ ՖԱ-ի կարգավիճակը
Տարբերակ առաջին
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը կարծում է, որ ԲԿՄԱ ՖԱ-ն պետք է անկախ կարգավիճակ ձեռք բերի Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության կազմում կամ ՀՖՖ-ի հետ կապ չունեցող այլ հովանավորներով։
Ֆինանսական և վարչական անկախություն ձեռք չբերելու դեպքում «Ուրարտու» ՖԱ-ն առաջարկում է ԲԿՄԱ-ի մասնակցությունը սահմանափակել բացառապես Հայաստանի Առաջին լիգայով՝ առանց Պրեմիեր լիգա մտնելու իրավունքի։
Տարբերակ երկրորդ
Եթե առաջին տարբերակը չի կիրառվում, ապա ԲԿՄԱ ՖԱ-ն կասեցնում է իր գործունեությունը ՀՊԼ-ում և ԱՊԼ-ում: Զինապարտ ֆուտբոլիստները, ովքեր ընդգրկված են Պրեմիեր լիգայի թիմային հայտացուցակում և մասնակցում են Պրեմիեր լիգային, ազատվում են զինծառայությունից կամ ստանում են անորոշ ժամկետով տարկետում (այդ ժամկետը կախված կլինի խաղերում ֆուտբոլիստի մարզական ակտիվությունից):
Գլուխ V. Ֆեդերացիան պարտավոր է սահմանափակել ընդհանուր թիմային հայտը 28-ից ոչ ավելի ֆուտբոլիստներով:
Գլուխ VI. Մրցավարության հարցը
«Ուրարտու» ՖԱ-ն չի պաշտպանում դիրքորոշումը (ՀՖՖ) մրցավարական որոշումների բողոքարկման գործընթացում փոփոխությունների վերաբերյալ։
Ավելին, մենք կարծում ենք, որ ՀՖՖ-ում մրցավարական համակարգի բարեփոխումներին վերաբերող ցանկացած փոփոխություն (այդ թվում՝ բողոքարկման գործընթացը, բողոքարկումները) ենթակա են ՀՖՖ-ի, այլ ոչ թե ՈՒԵՖԱ-ի բացառիկ իրավասությանը։ Ելնելով դրանից՝ ՀՖՖ-ն պետք է բոլոր որոշումները կայացնի ինքնուրույն։
Առաջարկ՝
ՀՖՖ մրցավարական կոմիտե դիմելու համար սահմանված վճարի չափը գործողի փոխարեն պետք է լինի առնվազն 250.000 ՀՀ դրամ։
Մրցավարական կոմիտեի յուրաքանչյուր որոշում պետք է հրապարակվի ՀՖՖ պաշտոնական կայքում կամ այլ պաշտոնական ռեսուրսում։
«Նոայի» դիրքորոշումը ՀՖՖ կողմից ներկայացված առաջարկների վերաբերյալ