Logo

Հենրիխ Մխիթարյանին ամենաշատը հանդիպած ակումբների տասնյակը

Հեղինակ
Սուրեն Մելիքսեթյան
17:05 / 28.01.2025Ֆուտբոլ
null

FastNews-ը վերջերս հրապարակել էր այն ֆուտբոլիստների տասնյակը, որոնց դեմ Հայաստանի ազգային հավաքականի պատմության գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանն ամենաշատն է խաղացել: Այժմ ներկայացնում ենք կիսապաշտպանի կարիերայում ամենաշատը հանդիպած ակումբների ցանկը:

10. «Մետալիստ», «Վերոնա», «Ֆիորենտինա», «Լեչե», «Լացիո», «Ուդինեզե», «Տորինո»

Այս բոլոր ակումբների դեմ Մխիթարյանը 9 խաղ է անցկացրել: Լավագույն ցուցանիշն ունի «Լեչեի» դեմ, որին հաղթել է բոլոր 9 խաղերում: Ամենաբարդը եղել է «Մետալիստի» դեմ, որին Մխիթարյանը պարտվել է 4 անգամ, տարել է նույնքան հաղթանակ:

9. «Տոտենհեմ»

Լոնդոնյան ակումբի դեմ 10 խաղում Հենրիխը տարել է 5 հաղթանակ, կրել 3 պարտություն, խփել է 1 գոլ: Հայ ֆուտբոլասերը լավ կհիշի 2016/17 մրցաշրջանի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Տոտենհեմ» խաղը, որտեղ Մխիթարյանը խփեց միակ և հաղթական գոլը, իսկ րոպեներ անց ցավալի վնասվածք ստացավ ու փոխարինվեց:

8. «Բոլոնիա»

«Բոլոնիայի» դեմ 10 խաղից 5-ը Հենոն և թիմակիցները հաղթել են, սակայն 4 խաղում էլ պարտություն են կրել: Մխիթարյանը «Ռոմայում» խաղալիս «Բոլոնիային» 2 գոլ է խփել:

7. «Տավրիա»

«Տավրիայի» դեմ 10 խաղից 6-ը Մխիթարյանը հաղթել է, այդ խաղերում խփել է 5 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում: Ավելին՝ «Շախտյոր» տեղափոխվելուց հետո կիսապաշտպանն առաջին գոլը խփել է հենց «Տավրիայի» դեմ խաղում, որը «Հանքափորները» հաղթեցին 4-1 հաշվով:

6. «Ատալանտա»

Բերգամոյի թիմի դեմ 12 խաղում Մխիթարյանը և թիմակիցները գրանցել են 8 հաղթանակ, 1 ոչ-ոքի և 3 պարտություն: Հենրիխն «Ատալանտային» գոլ չի խփել, բայց Գասպերինիի գլխավորած թիմի դեմ խաղերում կատարել է 4 արդյունավետ փոխանցում:

5. «Բավարիա»

Մյունխենցիների դեմ 12 խաղում էլ Հենրիխը 1 ոչ-ոքի ունի, սակայն ի տարբերություն «Ատալանտայի» դեմ խաղերի՝ «Բավարիային» պարտվել է 8 անգամ և տարել է 3 հաղթանակ: Մյունխենյան գրանդի դեմ խաղերում Հենոն 2 գոլ է խփել, որոնցից 1-ը՝ Գերմանիայի Սուպերգավաթում, որտեղ Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց 2-0 հաշվով:  

4. «Նոպոլի»

Նեապոլյան ակումբի դեմ 13 խաղում 36-ամյա ֆուտբոլիստի վիճակագրությունը հետևյալն է՝ 6 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 3 պարտություն: Ա Սերիայի 2019/20 մրցաշրջանում Հենրիխը «Ռոմայի» կազմում գրավեց «Նապոլիի» դարպասը, սակայն այդ խաղում «Գայլերը» պարտվեցին 1-2 հաշվով:

3. «Դինամո» Կիև

Ուկրաինական գրանդի դեմ 13 խաղում Մխիթարյանը տարել է 7 հաղթանակ, գրանցել 2 ոչ-ոքի և կրել 4 պարտություն: Հենրիխը «Դինամոյին» 3 գոլ է խփել: Հիշարժան է 2012/13 մրցաշրջանում «Շախտյորի» և «Դինամոյի» միջև հանդիպումը, որը «Հանքափորները» 2-1 հաշվով հաղթեցին Մխիթարյանի դուբլի շնորհիվ:

2. «Յուվենտուս»

«Ծեր Սինյորայի» դեմ 15 խաղում Մխիթարյանն ընդամենը 2 հաղթանակ է տարել և կրել է 8 պարտություն: Հենոն թուրինյան գրանդին 1-ական անգամ հաղթել է «Ռոմայում» և «Ինտերում» խաղալիս: Նույն ակումբների կազմում 1-ական անգամ էլ Մխիթարյանը գրավել է «Յուվենտուսի» դարպասը:

1. «Միլան»

«Ռոսոներին» այն ակումբն է, որին Մխիթարյանն ամենաշատն է հանդիպել. 16 խաղ, 8 հաղթանակ, 1 ոչ-ոքի և 7 պարտություն: Կիսապաշտպանը «Միլանին» 4 գոլ է խփել, որոնցից 3-ը՝ միլանյան մեծ դերբիում, 1-ն էլ՝ «Արսենալի» կազմում Եվրոպա լիգայի խաղում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա