Logo

Հենրիխ Մխիթարյանին խաղադաշտում ամենաշատը հանդիպած 10 մրցակիցները

Հեղինակ
Սուրեն Մելիքսեթյան
09:00 / 10.01.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Հայաստանի հավաքականի պատմության գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը փառահեղ կարիերայի ընթացքում բարձրակարգ մրցակիցների պակաս չի ունեցել:

Fast News-ը ներկայացնում է այն մրցակիցների անվանացանկը, որոնց Մխիթարյանն ամենաշատն է հանդիպել խաղադաշտում:

10. Վոյցեխ Շչեսնի, 12 խաղ

Մխիթարյանը 12-ական անգամ հանդիպել է նաև Ռաֆայել Լեաուին, Ալվարո Մորատային, Օլեգ Գուսևին և Մանուել Նոյերին, սակայն ստացած ժամանակը րոպեների վերածելու դեպքում Շչեսնիի դեմ ավելի շատ է մրցել: Հայ կիսապաշտպանը լեհ դարպասապահին 2 գոլ է խփել:

9. Ռոբերտ Լևանդովսկի, 12 խաղ

Լևանդովսկիի դեմ ևս Հենրիխը 12 խաղ է անցկացրել: Մխիթարյանը և Լևանդովսկին 1 անգամ հանդիպել են Հայաստանի ու Լեհաստանի հավաքականների միջև խաղում, 2-ական անգամ՝ Դոնեցկի «Շախտյորի» ու Դորտմունդի «Բորուսիայի», «Ինտերի» ու «Բարսելոնայի» միջև դիմակայություններում, ևս 7 խաղ այն ժամանակահատվածում, երբ արդեն Հենրիխն էր խաղում «Մեղուների» կազմում, իսկ Լևանդովսկին՝ Մյունխենի «Բավարիայում»:

8. Հյոն Մին Սոն, 13 խաղ

Առաջին հայացքից զարմանալի է թվում, բայց «Տոտենհեմի» աստղը նույնպես շատ հանդիպումներ է անցկացրել Մխիթարյանի դեմ: Հետաքրքիր է, որ այդ դիմակայություններում ֆուտբոլիստները տարել են 5-ական հաղթանակ: Մխիթարյանը և Սոնը միմյանց հանդիպել են Բունդեսլիգայում, Անգլիայի Պրեմիեր լիգայում, Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկությունում ու Եվրոպա լիգայում:

7. Հաքան Չալհանօղլու, 13 խաղ

Հայ և թուրք ֆուտբոլիստները այժմ «Ինտերի» կիսապաշտպանական գծում ահռելի դերակատարում ունեն, սակայն մինչև թիմակիցներ դառնալը հասցրել են 13 խաղ անցկացնել որպես մրցակիցներ: Այդ խաղերում Մխիթարյանի թիմերը 4 հաղթանակ են տարել, իսկ Չալհանօղլուն ու թիմակիցները հաղթել են 7 անգամ:

6. Թոմաս Մյուլեր, 13 խաղ

«Բավարիայի» լեգենդի դեմ Հենրիխ Մխիթարյանը հիմնականում հանդիպել է «Բորուսիայում» խաղալիս, սակայն ևս 2 անգամ ֆուտբոլիստները մրցել են Հայաստանի և Գերմանիայի հավաքականների միջև խաղերում: Ի դեպ, Գերմանիայի հավաքականի դեմ 2021 թվականի խաղը Հենրիխի համար վերջինն էր Հայաստանի ազգային թիմում:

5. Անդրեյ Յարմոլենկո, 13 խաղ

Յարմոլենկոն ու Մխիթարյանը 12 անգամ հանդիպել են Ուկրաինայի Պրեմիեր լիգայում և գավաթի խաղարկությունում: 2018/19 մրցաշրջանում էլ Մխիթարյանն «Արսենալի» կազմում 3-1 հաշվով հաղթեց Յարմոլենկոյի «Վեսթ Հեմին»: Այս ցանկում ընդգրկված ֆուտբոլիստներից Հենրիխն ամենաշատը հաղթել է հենց ուկրաինացուն (13 խաղից 8-ը):

4. Լեոնարդո Բոնուչի, 13 խաղ

Բոնուչին այս ցանկում առաջատար չէ, բայց ստացած րոպեների առումով հենց իտալացի պաշտպանի դեմ է Մխիթարյանն ամենաշատ ժամանակն անցկացրել խաղադաշտում: Համատեղ 13 խաղերից 3-ը ֆուտբոլիստներն անցկացրել են ազգային հավաքականնների պայքարում, իսկ այդ խաղերից 2-ում Մխիթարյանը գրավել է իտալացիների դարպասը:

3. Քրիստիան Էրիկսեն, 14 խաղ

Մխիթարյանն ու Էրիկսենն առաջին անգամ հանդիպել են 2013 թվականի պատմական խաղում, որտեղ Հայաստանի հավաքականը «Պարկեն» ստադիոնում 4-0 հաշվով հաղթեց Դանիայի ազգային թիմին, Հենրիխն էլ աչքի ընկավ գոլով: Առհասարակ, ֆուտբոլիստների միջև 14 խաղերից 4-ը եղել է ազգային հավաքականների մակարդակում: Վերջին անգամ էլ կիսապաշտպանները հանդիպել են 2019/20 մրցաշրջանում, երբ Հներիխը խաղում էր «Ռոմայում», Էրիկսենը՝ «Ինտերում»:

2. Թեո Էռնանդես, 14 խաղ

Մխիթարյանը «Միլանի» պաշտպանին 5 անգամ հանդիպել է «Ռոմայում» խաղալիս, 9 անգամ՝ «Ռոսոներիի» սկզբունքային մրցակից «Ինտերի» կազմում: Այդ դիմակայություններից 6-ը հաղթել են Մխիթարյանն ու թիմակիցները, 7-ը՝ «Միլանը»:

1. Սիմոն Կյաեր, 15 խաղ

Հենրիխ Մխիթարյանին խաղադաշտում ամենաշատը հանդիպած ֆուտբոլիստը դանիացի պաշտպանն է, որը կարիերան ավարտեց նախորդ տարվա ամռանը: Ինչպես Էրիկսենին, այնպես էլ Կյաերին Մխիթարյանը 4 անգամ հանդիպել է Հայաստանի ու Դանիայի հավաքականների հանդիպումների ժամանակ: 2016/17 մրցաշրջանում ֆուտբոլիստները հանդիպել են Եվրոպա լիգայում, երբ Մխիթարյանը խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում», իսկ Կյաերը՝ «Ֆեներբահչեում»: Մնացած հանդիպումները եղել են Ա Սերիայում և Իտալիայի գավաթի խաղարկությունում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա