Գերմանիայի ազգային հավաքականը տնային Եվրոպայի առաջնությունում դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Բունդեսթիմը 1/8 եզրափակիչում Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում մրցեց Դանիայի հավաքականի դեմ և հաղթեց 2-0 հաշվով:
Խաղի մեկնարկից երեք րոպե անց անկյունայինի խաղարկումից հետո Գերմանիայի հավաքականի կազմում գլխի հարվածով հաշիվը բացեց Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նիկո Շլոտերբեկը, սակայն մրցավարը խախտում նկատեց և գոլը չեղարկեց:
Հետագայում գերմանացիները լավ պահեր ունեցան, բոլոր դեպքերում տպավորիչ սեյվեր կատարեց Դանիայի հավաքականի դարպասապահ Կասպեր Շմեյխելը:
Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով 35-րդ րոպեին հանդիպումը դադարեցվեց: Անգլիացի մրցավար Մայքլ Օլիվերը ֆուտբոլիստներին ուղեկցեց հանդերձարաններ:
25 րոպե անց հանդիպումը վերսկսվեց: Դանիացիները խաղակեսի վերջնամասում հաշիվը բացելու լավ հնարավորություն ունեցան, սակայն արագ հակագրոհի արդյունքում Մանուել Նոյերի դեմ մեն-մեակ դուրս եկած Ռասմուս Հոյլունը չկարողացավ գնդակն ուղարկել դարպասը:
Երկրորդ խաղակեսի մեկնարկից չորս րոպե անց տուգանայինի խաղարկումից հետո դանիացիներին հաշվի մեջ առաջ մղեց անգլիական «Քրիսթալ Փելասի» պաշտպան Յոաքիմ Անդերսենը, սակայն մրցավարը խաղից դուրս վիճակի պատճառով չեղարկեց գոլը:
Երեք րոպե անց Անդերսենը դանիացիների տուգանային հրապարակում ձեռքով փակեց գնդակի ճանապարհը, Օլիվերը VAR-ով դրվագը դիտելուց հետո նշանակեց 11-մետրանոց, որը դիպուկ իրացրեց Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Կայ Հավերցը:
15 րոպե անց Շլոտերբեկը սեփական կիսադաշտից կտրող փոխանցումով Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալային դուրս բերեց Շմեյխելի դիմաց, 21-ամյա ֆուտբոլիստն էլ դրեց խաղի վերջակետը՝ 2-0: Մուսիալան երեք գոլով հավասարվեց Եվրո-2024-ի լավագույն ռմբարկուին՝ ֆրանսիական «Մեցի» և Վրաստանի հավաքականի հարձակվող Ժորժ Միկաուտաձեին:
Ի դեպ, ավելացված ժամանակում գերմանացիները ևս մեկ գոլ խփեցին, սակայն խաղից դուրս վիճակի պատճառով չեղարկվեց:
Յուլիան Նագելսմանի գլխավորած հավաքականը քառորդ եզրափակիչում կմրցի Իսպանիա - Վրաստան զույգի հաղթողի դեմ:
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչի առաջին դիմակայությունում Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականը 0-2 հաշվով պարտվել էր Շվեյցարիային:
Եվրո-2024, 1/8 եզրափակիչ
Գերմանիա - Դանիա՝ 2-0 (տեսանյութ)
Կայ Հավերց, 53 (11մ), Ջամալ Մուսիալա, 68


