Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի թիմին, որն ամբողջ երկրորդ խաղակեսն անցկացրեց 10 խաղացողով:
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեի «Տոշե Պրոեսկի Արենա» ստադիոնում կայացած հանդիպման առաջին խաղակեսում դաշտի տերերն ունեին խաղային ոչ մեծ առավելություն և ստեղծեցին մի քանի գոլային պահեր, սակայն Հայաստանի հավաքականին մի քանի անգամ գոլից փրկեց «Նոայի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը։
Խաղակեսի վերջում դաշտի տերերը մնացին 10 ֆուտբոլիստով. կարմիր քարտ ստացավ և դաշտից հեռացվեց ռումինական «Ունիվերսիտատա Կռայովայի» պաշտպան Գյոկո Զայկովը։
Երկրորդ խաղակեսում ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը փորձում էր օգտվել քանակական առավելությունից, սակայն այդպես էլ չկարողացավ լրջորեն սպառնալ մրցակցի դարպասի ուղղությամբ։
Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականն աչքի էր ընկնում հուսալի պաշտպանությամբ, իսկ 70-րդ րոպեին բացեց հաշիվը: Թիմի ավագ Էնիս Բարդին հյուրերի դարպասը գրավեց տուգանայինից կատարած տպավորիչ հարվածով։ 78-րդ րոպեին կատալոնական «Ժիրոնայի» հարձակվող Բոյան Միյովսկին էլ հակագրոհի արդյունքում դրեց հանդիպման վերջակետը։
Բլագոյա Միլևսկիի գլխավորած թիմն առաջին հաղթանակը տարավ և 4 միավորով գլխավորեց չորրորդ խմբի մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի հավաքականը 3 միավորով երկրորդ տեղում է, Լատվիան նույնքան միավորով երրորդն է, իսկ Ֆարերյան կղզիների հավաքականը 1 միավորով եզրափակում է խումբը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում մեկնարկել է սեպտեմբերի 7-ին և Երևանում 4-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Լատվիայի նկատմամբ։ Հյուսիսմակեդոնացիներն առաջին տուրում ոչ-ոքի էին խաղացել Ֆարերյան կղզիների հավաքականի հետ։
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 10-ին և մրցակցի խաղադաշտում կմրցի Ֆարերյան կղզիների դեմ։
Ազգերի լիգա, C դիվիզիոն, երկրորդ տուր
Չորրորդ խումբ
Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան` 2-0 (տեսանյութ)
Էնիս Բարդի, 70, Բոյան Միյովսկի, 78
Հեռացում` Գյոկո Զայկով (Հյուսիսային Մակեդոնիա), 45+4
Հայաստան. Օգնյեն Չանչարևիչ, Կամո Հովհաննիսյան, Գեորգի Հարությունյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիզիր (Գոռ Մանվելյան, 86), Նաիր Թիկնիզյան (Էդգար Գրիգորյան, 66), Ուգոչուկվու Իվու, Էդուարդ Սպերցյան, Լուկաս Սելարայան (Հովհաննես Հարությունյան, 73), Էդգար Սևիկյան (Վահան Բիչախչյան, 66), Հրանտ-Լեոն Ռանոս (Արթուր Սերոբյան, 46)։


