Logo

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը չորս գոլ խփեց և վստահ հաղթանակ տարավ

21:53 / 07.09.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վստահ հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբում։ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմն առաջին տուրում ընդունեց Լատվիայի հավաքականին ու հաղթեց 4-1 հաշվով։

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղի մեկնարկում կողմերը շատ արագ փոխանակվեցին մեկական գնդակով։ Հայաստանի հավաքականին 6-րդ րոպեին առաջ մղեց լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, սակայն ընդամենը 3 րոպե անց անկյունայինի խաղարկումից հետո ռուսական «Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանի ինքնագոլից հետո հաշիվը հավասարվեց։

35-րդ րոպեին դաշտի տերերը դարձյալ առաջ անցան հաշվի մեջ։ Հայ ֆուտբոլիստների պրեսինգի արդյունքում լատվիացիների պաշտպան Կասպար Դուրգան, փորձելով հետ փոխանցում կատարել դարպասապահին, գրավեց սեփական դարպասը։ Թիմերն ընդմիջման գնացին 2-1 հաշվի պայմաններում։

48-րդ րոպեին Հայաստանի հավաքականի առավելությունը մեծացրեց Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ֆաթեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։

52-րդ րոպեին Սելարայանը կարող էր անհավանական գոլ խփել, բայց նրա` սեփական կիսադաշտից կատարած հարվածից հետո մրցակցին փրկեց դարպասաձողը։

Հանդիպման վերջակետը 86-րդ րոպեին դրեց «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որն աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Հրանտ-Լեոն Ռանոսի կատարած փոխանցումից հետո։ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվողն ասիստ կատարեց դաշտ դուրս գալուց 2 րոպե անց։ Քիչ անց Ռանոսը կարող էր դառնալ նաև գոլի հեղինակ, սակայն նրա հարվածը շեղ ստացվեց սուր անկյունից։ 

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 10-ին և Սկոպյեում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի թիմի հետ։ C դիվիզիոնի չորրորդ խմբի առաջին տուրի մյուս խաղում Ֆարերյան կղզիներն ու Հյուսիսային Մակեդոնիան չէին պարզել հաղթողին` 1-1։

Հիշեցնենք, որ պաշտոնական խաղերում Հայաստանի հավաքականը նախորդ հաղթանակը տարել էր 2023թ․ հունիսի 19-ին՝ Եվրո-2024-ի ընտրական փուլում հաղթելով նույն լատվիացիներին (4-1)։

Ազգերի լիգա, C դիվիզիոն, առաջին տուր

Չորրորդ խումբ

Հայաստան - Լատվիա` 4-1

Վահան Բիչախչյան, 6, Կասպար Դուրգա, 35 (ինքնագոլ), Լուկաս Սելարայան, 48, Էդուարդ Սպերցյան, 86 - Գեորգի Հարությունյան, 9 (ինքնագոլ)

Հայաստան. Օգնյեն Չանչարևիչ, Կամո Հովհաննիսյան, Անդրե Չալըշըր (Սերգեյ Մուրադյան, 75), Վարազդատ Հարոյան, Գեորգի Հարությունյան, Նաիր Թիկնիզյան, Ուգոչուկվու Իվու, Էդուարդ Սպերցյան, Արթուր Սերոբյան (Ժիրայր Շաղոյան, 66), Վահան Բիչախչյան (Էդգար Սևիկյան, 66), Լուկաս Սելարայան (Հրանտ-Լեոն Ռանոս, 84)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ