Ռուսական ֆուտբոլի լեգենդ Անդրեյ Արշավինը հավատացած է, որ Էդուարդ Սպերցյանն ինքը պետք է որոշի, թե եվրոպական ո՛ր առաջնությունում է ցանկանում խաղալ, հայտնում է Матч ТВ-ն:
«Ես հասկանում եմ նրանց, ովքեր ասում են, որ Սպերցյանը չպետք է գնա Չեմպիոնշիփ։ Այո՛, ֆուտբոլն այնտեղ ավելի պարզ է, իսկ Սպերցյանն առանձնանում է իր հմտություններով: Այնուամենայնիվ, Անգլիան մնում է Անգլիա, և թող Սպերցյանը որոշի, թե որտեղ է ուզում գնալ:
«Սաութհեմփթոնը» նորմալ թիմ է: Նրանք միշտ կարողանում են լավ վաճառքներ անել, կատարում են լավ տրանսֆերներ: Ինչ վերաբերում է Անգլիայի Պրեմիեր լիգային, ապա ևս մեկ անգամ կրկնում եմ, որ մենք պետք է իմանանք Սպերցյանի դիրքորոշումը: Հնարավոր է՝ Սպերցյանն ընդհանրապես չի ցանկանում հանգրվանել Պրեմիեր լիգայում, այլ ուզում է գնալ, օրինակ, Իսպանիա, որտեղ ֆուտբոլը համեմատաբար մեղմ է»,- ասել է Արշավինը:
«Ինչպես տեսնում եք, ես դեռ խաղում եմ այստեղ։ Ժամանակ դեռ կա, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասել էր Սպերցյանը «Սոչիի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղից (5-1) հետո, որտեղ հայ ֆուտբոլիստը գրանցել էր դուբլ, նաև մեկ գոլային փոխանցում: Սպերցյանը ճանաչվել էր խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Հավանական գործարքին անդրադարձել էր նաև «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը. «Նախ և առաջ, նա ոչ մի տեղ դեռ չի գնացել: Նրա ապագան իր ձեռքերում է: Իհարկե, մենք ուզում ենք, որ նա մնա ու երկար ժամանակ խաղա այստեղ»:
Օգոստոսի 17-ին հայտնի է դարձել, որ «Սաութհեմփթոնը» Սպերցյանի տրանսֆերի համար բարելավված պայմաններով առաջարկ է կատարել «Կրասնոդարին»:
Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ու «Կրասնոդարի» պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի ամռանը:
Կարդացեք նաև՝


