Շվեդական «Բրոմապոյկարնայի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Կալիզիրը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ Ազգերի լիգայի երկրորդ տուրի արտագնա հանդիպումից առաջ ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հետ ներկայացել է նախախաղային ասուլիսին:
«Երջանիկ ենք, որ առաջին տուրում հաղթել ենք Լատվիայի հավաքականին: Շատ լավ է, որ այս պահին առաջին տեղում ենք մրցաշարային աղյուսակում: Այնուամենայնիվ, յուրաքանչյուրին խաղ առանձին պատմություն է: Ամեն հանդիպման մոտենում ենք որպես առաջին խաղ:
Ամբողջությամբ պատրաստ եմ վաղվա խաղին, բնականաբար վերջին խոսքը մարզիչինն է:
Առաջին տուրում հաղթանակից հետո փորձում ենք շատ չոգևորվել և համեստորեն մոտենալ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին: Իհարկե, առաջին տուրի արդյունքից հետո ճնշում կլինի, բայց պետք է այնպես անենք, որ դա չխանգարի»,- ասել է 34-ամյա ֆուտբոլիստը:
Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 10-ին Սկոպյեի «Տոշե Պրոեսկի Արենայում», կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին և կլինի Fast Sports հեռուստաալիքի ուղիղ եթերում։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում մեկնարկել է սեպտեմբերի 7-ին և Երևանում 4-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Լատվիայի նկատմամբ։ Հյուսիսմակեդոնացիներն առաջին տուրում հյուրընկալվելիս 1-1 հաշվով էին ավարտել Ֆարերյան կղզիների դեմ խաղը:


