Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբում Պորտուգալիայի հավաքականն ընդունեց Իռլանդիայի ազգային թիմին և ավելացված ժամանակում հաղթանակ կորզեց 1-0 հաշվով:
75-րդ րոպեին 11-մետրանոցից վրիպեց լեգենդար Կրիշտիանու Ռոնալդուն. իռլանդացիների դարպասապահ Կուիվին Կելեհերը ոտքով հեռացրեց գնդակը:
Հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին «Ալ Հիլալի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշը խփեց խաղի միակ գոլը: Սա Նևեշի առաջին գոլն է Պորտուգալիայի հավաքականում անցկացրած 60 խաղում: Ի դեպ, Նևեշը խաղում է «21» համարով, նախկինում խաղային այս համարով հանդես էր գալիս Դիոգու Ժոտան:
Ավելի վաղ այս խմբի մյուս խաղում Հայաստանի ազգային հավաքականը Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում» 0-2 հաշվով պարտվել էր Հունգարիայի թիմին:
Այսպիսով՝ Պորտուգալիան 3 խաղից հետո 9 միավորով առաջատարն է, Հունգարիան 4 միավորով երկրորդն է, Հայաստանը` 3 միավորով երրորդը, Իռլանդիան` 1 միավորով չորրորդը:
Հոկտեմբերի 14-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Իռլանդիային, Հունգարիան` Պորտուգալիային:
Պորտուգալիա - Իռլանդիա խաղին զուգահեռ E խմբում հանդիպում անցկացրեց Եվրոպայի չեմպիոն Իսպանիան, որը տանը 2-0 հաշվով հաղթեց Վրաստանին, I խմբում Իտալիան հյուրընկալվելիս 3-1 հաշվով առավելության հասավ Էստոնիայի թիմի դեմ պայքարում:
ԱԱ-2026, եվրոպական գոտու ընտրական մրցաշար
F խումբ
Պորտուգալիա - Իռլանդիա` 1-0
Ռուբեն Նևեշ, 90+1
Չիրացված 11-մետրանոց` Կրիշտիանու Ռոնալդու, 75 (Պորտուգալիա)
E խումբ
Իսպանիա - Վրաստան` 2-0
Յերեմի Պինո, 24, Միկել Օյարսաբալ, 64
Չիրացված 11-մետրանոց` Ֆերան Տոռես, 29 (Իսպանիա)
Բուլղարիա - Թուրքիա` 1-6
Ռադոսլավ Կիրիլով, 13 - Արդա Գյուլեր, 11, Վիկտոր Պոպով, 49 (ինքնագոլ), Քենան Յիլդիզ, 51, 56, Զեկի Չելիկ, 65, Իրֆան Քան Կահվեչի, 90+3
I խումբ
Էստոնիա - Իտալիա` 1-3
Ռաունո Սապինեն, 76 - Մոյզե Քին, 4, Մատեո Ռետեգի, 38, Պիո Էսպոսիտո, 74
Չիրացված 11-մետրանոց` Մատեո Ռետեգի, 30 (Իտալիա)
K խումբ
Սերբիա - Ալբանիա` 0-1
Ռեյ Մանայ, 45+1
Լատվիա - Անդորրա` 2-2
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


