«Արարատ-Արմենիան», հերթական հաղթանակը տանելով, 34 միավորով դարձավ առաջնության աշնանային հատվածի հաղթող:
FastNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1. Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տարան 2 հաղթանակ, նույնքան խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին մեկ պարտություն: Հյուրընկալվելիս միակ հաղթանակը տարավ «Ուրարտուն»: Առաջնությունում անցկացված 73 հանդիպումներում դաշտի տերերը 33 հաղթանակ են տարել, 19 խաղում գրանցվել է ոչ-ոքի, 21 անգամ հաջողության են հասել հյուրերը:
5 խաղում խփվեց ընդամենը 9 գոլ (միջինը մեկ խաղում՝ 1,8 գոլ), որից 6-ի հեղինակները դաշտի տերերն էին: Առաջնության 73 հանդիպումներում 183 գոլ է գրանցվել (միջինը մեկ խաղում՝ 2,5 գոլ):
2. «Արարատ-Արմենիան» ընթացիկ առաջնությունում 10-րդ խաղում խաղադաշտից հաղթանակած հեռացավ՝ 4-1 խոշոր հաշվով կամային հաղթանակ տոնելով «Շիրակի» նկատմամբ: Առաջնության ամենաարդյունավետ թիմը խոշոր հաշվով առաջին հաղթանակը տարավ:

«Շիրակի» հետ ՀՀ առաջնությունների վերջին 16 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» 14 հաղթանակ է տարել, 2 խաղ ավարտել է ոչ-ոքի: Վերջին հաղթանակն «Արարատ-Արմենիայի» նկատմամբ «Շիրակը» տարել է 2020թ. հունիսի 20-ին: Գյումրիում կայացած այդ խաղի ելքը վճռել էր շիրակցի Մորի Կոնեի խփած միակ գոլը:
Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը 34 միավորով դարձավ առաջնության աշնանային հատվածի հաղթող: Նախորդ մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» 15 հանդիպումներում վաստակած 31 միավորով ընթանում էր 4-րդ տեղում:
3. «Շիրակն» առաջնությունում խոշոր հաշվով 3-րդ պարտությունը կրեց: Շիրակցիները մինչև այդ 4 անպատասխան գնդակ էին ընդունել «Նոայից», 0-5 հաշվով էլ զիջել էին «Ուրարտուին»:
4. «Ուրարտուն» առաջնությունում անպարտելի խաղերի քանակը հասցրեց 9-ի: Այդ հանդիպումներում Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը 19 միավոր է վաստակել՝ տանելով 5 հաղթանակ, 4 խաղ ավարտելով ոչ-ոքի, 7 անգամ դարպասը պահելով անառիկ: Նախորդ առաջնության 15 հանդիպումներում «Ուրարտուն» Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ 32 միավոր էր վաստակել, ինչը 3-ով գերազանցում է թիմի ներկայիս արդյունքը::
5. «Փյունիկը» 2-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ կրկին դարպասն անառիկ պահելով: «Արարատի» հետ առաջնության վերջին 11 հանդիպումներում «Փյունիկն» անպարտելի է՝ տոնելով 9 հաղթանակ, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ «Արարատը» տոնել է 2022թ. հոկտեմբերի 9-ին սեփական դաշտում Ռուդիկ Մկրտչյանի խփած միակ գոլի շնորհիվ:
6. «Վանն» ընդհատեց 3 անընդմեջ հաղթանակների շարքը՝ գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Նոայի» հետ: 3 տարուց ավելի է, ինչ «Վանն» առաջնության հանդիպումներում չի կարողանում հաղթել «Նոային»՝ կրելով 7 պարտություն, 5 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակը «Նոայի» նկատմամբ «Վանը» տոնել է 2022թ. մայիսի 21-ին Չարենցավանում կայացած խաղում՝ 1-0:

7. ԲԿՄԱ-ն ընդհատեց 4 անընդմեջ պարտությունների շարքը՝ «Գանձասարի» հետ խաղում գրանցելով գոլազուրկ ոչ-ոքի:
8. Բրունո Միշելը 3-րդ անընդմեջ խաղում խաղադաշտից առանց գոլի չհեռացավ՝ մեկական անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Նա 13 գնդակով դարձավ առաջնության աշնանային հատվածի լավագույն ռմբարկուն: Հետաքրքիր է, որ նախորդ առաջնության նույն ժամանակահատվածում բոլորից արդյունավետ էր գործել «Ուրարտուի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Իվան Իգնատևը, որը ևս 13 գոլ էր խփել:
Միշելը 5 գոլով գերազանցում է առաջնության լավագույն ռմբարկուների ցանկում 2-րդ տեղը զբաղեցնող Կարեն Նալբանդյանին: Նրա խփած գնդակը Հայաստանի առաջնություններում «Ուրարտուի» հանդիպումներում գրանցված հոբելյանական՝ 2300-րդ գոլն էր: Դրանցից 1430-ը գրանցվել է «Ուրարտուի» օգտին:
9. Տուրում նշանակված 11մ 3 հարվածներից ոչ մեկը դիպուկ չիրացվեց: Գանձասարցի Պետրոս Ավետիսյանն ընթացիկ առաջնությունում 2-րդ անգամ շեղ հարվածեց: Նա վրիպել էր նաև «Վանի» հետ կայացած խաղում:
Ալաշկերտցի Կարեն Նալբանդյանի հարվածը հետ էր մղել «Ուրարտուի» դարպասապահ Ալեքսանդր Միշիևը, իսկ շիրակցի Լյովա Կարապետյանը հաղթող էր դուրս եկել «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Խուան Բալանտայի հետ մենամարտում: Նալբանդյանն ընթացիկ առաջնությունում մինչև այդ դիպուկ էր իրացրել բոլոր 5 հարվածներն էլ, Բալանտան էլ 11մ հարվածով 2 անգամ գրավել էր ԲԿՄԱ-ի դարպասը:

10. «Գանձասարի» երկու ֆուտբոլիստներ հաճելի հոբելյաններ նշեցին: Աննան Մենսահը Fastex Պրեմիեր լիգայում 150-րդ խաղն անցկացրեց, իսկ Արման Խաչատրյանը ՀՀ առաջնություններում 100-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ: Ալաշկերտցի Յուրի Գարեգինյանն էլ Fastex Պրեմիեր լիգայում 200-րդ խաղի հոբելյանը նշեց:


