Logo

Թրենդային դեդլայն. հավանական թրեյդեր NBA-ում

Հեղինակ
Վահե Գևորգյան
19:15 / 04.02.2025Բասկետբոլ
Բացառիկ
null

Այո՛, գիտեմ, որ շոկի մեջ եք, գիտեմ, որ Դոնչիչ-Դևիս թրեյդից ավելի անհավանական գործարք դժվար թե տեսնենք այս թրեյդային դեդլայնի ընթացքում: Բայց շուկան արդեն պայթեցրել են, ուստի նորանոր թրեյդերն ու միգուցե ոչ պակաս շոկային գործարքները դեռ առջևում են:

2025 թվականի փետրվարի 6՝ NBA-ի թիմերի համար կարևորագույն ամսաթիվ է, դեդլայն, որից առաջ ֆրանշիզաների ֆրոնտ-օֆիսները պետք է ավարտեն գործարքներն ու ուժեղացնեն կազմերը, որոշներն էլ վաճառքի հանեն խաղացողներին՝ սպասելով 2025 թվականի դրաֆթին: Արդեն 2 ամիս է՝ թրեյդային խոսակցությունների կենտրոնում «Մայամի Հիթի» աստղ Ջիմի Բաթլերն է: Բայց «Սլովենացի հրաշագործի» անսպասելի թրեյդը «Լոս Անջելես Լեյքերս» խառնեց բոլորի խաղաքարտերը: Հիմա Բաթլերն այլևս բոլորի ուշադրության կենտրոնում չէ, բայց այն, որ նրան նույնպես կփոխանակեն, ժամանակի հարց է:

ՋԻՄԻ ԲԱԹԼԵՐ

ՀԱՎԱՆԱԿԱՆ ԹՐԵՅԴԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ «ՖԻՆԻՔՍ ՍԱՆԶ», «ԳՈԼԴԵՆ ՍԹԵՅԹ ՈՒՈՐԻՈՐԶ»

Բաթլերի ժամանակը Մայամիում մոտենում է ավարտին: Ուղղակի ի տարբերություն Նիկո Հերիսոնի («Դալաս Մևրիքսի» գլխավոր մենեջեր)՝ Փեթ Ռայլին խելահեղ և ոչ շահավետ գործարք չի ցանկանում իրականացնել: Օրեր առաջ ինսայդեր Քրիս Հեյնսը հայտնեց, որ «Ուորիորզն» ու «Հիթը» մոտ են համաձայնության հասնելուն: Սակայն Բաթլերը գործակալի միջոցով հայտնել է «Գոլդեն Սթեյթի» ֆրոնտ-օֆիսին, որ չի երկարաձգի «Մարտիկների» հետ ավարտվող պայամանագրի ժամկետը: Բաթլերը ցանկանում է տեղափոխվել «Ֆինիքս Սանզ». ահա և վերջ: Միգուցե «Սանզը», «Ուորիորզն» ու «Հիթը» իրականացնեն այս դեդլայնի խելահեղ գործարքներից ևս մեկը:

Ինսայդեր Ջեյք Ֆիշերի տեղեկություններով՝ «Արևայինները» թրեյդի համար հասանելի են դարձրել Քևին Դյուրանտին: Քեյդին կարող է վերամիավորվել Քարիի հետ, Բաթլերը՝ վերջապես ուղևորվել Արիզոնա, իսկ Ուիգինսը, մեկ երիտասարդ բասկետբոլիստ ու դրաֆթ-փիքեր՝ «Մայամի»:

«Ֆինիքս Սանզ»

Բիլի պայմանագիրը կարծես ոչ մի թիմ չի ցանկանում վերցնել, իսկ Քեյդիին իրենց թիմում տեսնելու հավակնորդներն շատ են: Միգուցե «Սանզի» ֆրոնտ-օֆիսում մտորում են Բաթլերին ու Բիլին մեկ համակարգում ընդգրկելու մասին, բայց միևնույն է Դյուրանտի թրեյդը դեռևս քիչ հավանական է:

«Գոլդեն Սթեյթ Ուորիորզ»

Բաթլերի համար պայքարից դեռևս ամբողջովին դուրս չի եկել նաև «Ուորիորզը»: Չնայած խաղացողի կամակորությանը՝ «Մարտիկները» միգուցե փորձեն իրականացնել գործարքը win-now սխեմայով, իսկ հետո ազատվեն Ջիմբոյից և ազատ գործակալների շուկայում փնտրեն նոր աստղ:

ՋՈՆ ՔՈԼԻՆԶ

ՀԱՎԱՆԱԿԱՆ ԹՐԵՅԴԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ «ՍԱԿՐԱՄԵՆՏՈ ՔԻՆԳԶ». «ԳՈԼԴԵՆ ՍԹԵՅԹ ՈՒՈՐԻՈՐԶ»

Թրեյդային շուկայում բավական ցածր գնով ու բարձր արդյունավետությամբ բիգմենը, որը նաև 3-միավորանոցներ է իրացնում, իրական նվեր է: Վերակառուցվող «Յուտա Ջազը» դեմ չէ դրաֆթ-փիքերի ու երիտասարդ խաղացողների դիմաց Քոլինզից հրաժարվելուն: Կալիֆոռնիական երկու թիմեր հավակնում են Ջեյսիին ձեռք բերելուն:

«Սակրամենտո Քինգզ»

Թրեյ Լայլզի հետ հեռուն չես գնա: Դա շատ լավ հասկանում է «Քինգզի» ղեկավարությունը: Դեարոն Ֆոքսի թրեյդից ստացած 6 դրաֆթ-փիքերը «Արքաները» կարող են մասամբ օգտագործել՝ կազմն ուժեղացնելու համար: Քոլինզը համապատասխանում է «Քինգզի» արագ բասկետբոլին և գերազանց համալրում կլինի մարզիչ Դագ Քրիստիի սխեմայում: 

«Գոլդեն Սթեյթ Ուորիորզ»

Արևմուտքն էլ ավելի է ուժեղացել. Դոնչիչը՝ «Լեյքերս», Դևիսը՝ «Մեվս», Ֆոքսը՝«Սփըրս»: Սան Ֆրանցիսկոյում պետք է գործի անցնեն, այլապես Սթեֆ Քարիի վերջին փրայմ տարիները կանցնեն թիմում, որն առավելագույնը պայքարում է փլեյ-ին գոտու համար: Քոլինզն ընթացիկ մրցաշրջանում միջինում 18 միավոր է վաստակում, տիրում է 8 անդրադարձի և 46 տոկոս արդյունավետությամբ նետում է հեռվից: Նաև հուսալի է թրանզիշն-գրոհների և փիքընռոլ ու փիքընփափ խաղարկումների համար: «Մարտիկներին» հաստատ չի խանգարի նման հարձակվողի առկայությունը:

ԲՐԵՆԴՈՆ ԻՆԳՐԵՄ

ՀՆԱՐԱՎՈՐ ԹՐԵՅԴԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ «ՓՈՐԹԼԵՆԴ ԹՐԵՅԼ ԲԼԵՅԶԵՐՍ», «ՇԱՌԼՈԹ ՀՈՌՆԵԹՍ»

Չավարտվող վնասվածքներն ու առաջատարների բացակայությունը վերջնականապես բզկտել են «Նյու Օռլեանս Պելիկանսին»: Թիմը նախավերջինն է Արևմտյան կոնֆերենցիայում և միգուցե ձախողված մրցաշրջանն օգտագործի՝ կազմը վերափոխելու համար: Առաջին անունը, որին կարող են թրեյդել «Հավալուսները», Բրենդոն Ինգրեմն է: Առողջ Ինգրեմը 20/5/5 սթաթլայն գրանցող բասկետբոլիստ է, որի խաղաոճը շատ նման է Քևին Դյուրանտի գեյմսթայլին (իզուր չէ, որ նրան անվանում են Durant v.2): Մնում է՝ ծնկի կրկնվող վնասվածքները հանգիստ թողնեն Բրենդոնին, հենց դա է մի շարք թիմերի խանգարում թրեյդային առաջարկ ուղարկել Նյու Օռլեան:

«Փորթլենդ Թրեյլ Բլեյզերս» 

Դեմիեն Լիլարդի հեռանալուց հետո թիմն այդպես էլ չի գտել գլխավոր աստղի: Անֆերնի Սայմոնսն ավելի լավն է երկրորդ աստղի դերում, Դենի Ավդիյան դեռ աճելու շատ տեղ ունի, իսկ Ջերամի Գրենթն էլ թերևս սխալ պահին սխալ տեղում հայտնված բասկետբոլիստներից է: Հենց նա և Դեանդրե Էյթոնը կարող են լինել Բրենդոն Ինգրեմի գործարքի կիզակետում: «Բլեյզերները» կստանան էլիտ-սքորերի, որն իր շուրջը կհավաքի մյուս՝ երիտասարդ խաղընկերներին:

«Շառլոթ Հոռնեթս»

Չառլզ Լիի գլխավորությամբ թիմը մեծ աճ է գրանցել: Երբ Լամելո Բոլն ու Բրենդոն Միլերն առողջ են, «Հոռնեթսը» գեղեցիկ ու տպավորիչ բասկետբոլ է խաղում: Բայց նրանց ևս մեկ մասնիկ է պակասում՝ իրապես մրցակցային թիմ դառնալու համար: Ինգրեմը կարող է դառնալ այդ մասնիկը, առավել ևս, երբ հաշվի ենք առնում, որ «Հոռնեթսն» ունի դրաֆթ-ակտիվներ ու խաղացողներ՝ «Պելիկանսի» աստղին ստանալու համար:

ՔԵՄԵՐՈՆ ՋՈՆՍՈՆ

ՀԱՎԱՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ «ՕՔԼԱՀՈՄԱ ՍԻԹԻ ԹԱՆԴԵՐ», «ՄԵՄՖԻՍ ԳՐԻԶԼԻՍ»

2 տարվա պայմանագիր, տարեկան ընդամենը 22.5 միլիոն դոլար աշխատավարձ: 28-ամյա Քեմ Ջոնսոնի համար որս են կազմակերպել Արևմտյան կոնֆերենցիայի թոփ-թիմերը: Լիգայի լավագույն շութերներից մեկն իդեալական տարբերակ է փլեյ-օֆֆյան ու չեմպիոնական հավակնություններով թիմերի համար: 42 տոկոս արդյունավետություն կորագծից, 49 տոկոս՝ խաղից, 89-ն էլ՝ տուգանային գծից: Քեմ Ջոնսոնին թիմում ունենալն էապես բարձրացնում է թիմային տոկոսն ու միջինում ապահովում 4-ից 5 դիպուկ 3-միավորանոց:

«Օքլահոմա Սիթի Թանդեր»

Արևմտյան կոնֆերենցիայի առաջատարը չեմպիոնության հավակնորդ դառնալու համար պետք է բարելավի արդյունավետությունը կորագծից: «Թանդերը» 16-րդն է լիգայում 3-միավորանոցների իրացման տոկոսով: Ժամանակակից բասկետբոլում, այն էլ NBA-ի փլեյ-օֆֆում սա կարող է թանկ արժենալ «Ամպրոպներին»: Եթե Սեմ Փրեսթին («Թանդերի» գլխավոր մենեջեր) կարողանա ավարտին հասցնել Ջոնսոնի գործարքը, ապա «Թանդերը» կդառնա արևմուտքի ամենազորեղ ուժերից մեկը, եթե ոչ ամենազորեղը:

«Մեմֆիս Գրիզլիս» 

Նույնը վերաբերում է «Մեմֆիս Գրիզլիսին»: Լիգայի ամենաարագ թիմը, Դեզմոնդ Բեյնի կողքին Քեմ Ջոնսոնին ավելացնելով, կարող է մրցակցություն առաջարկել «Թանդերին»: Թեյլոր Ջենքինսը հիանալի է բասկետբոլիստի ուժեղ կողմերը նրա գլխավոր զենքը դարձնելու գործում, Քեմ Ջոնսոնը դժվար թե բացառություն դառնա:

fastnews-ads-banner