Logo

Մուլահուսեյնովիչի արդյունավետ խաղերի ռեկորդային շարքը. «Նոա» - «Լեգիա» հանդիպումը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
18:37 / 12.12.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

«Նոան» Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում սեփական դաշտում 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ լեհական «Լեգիայի» նկատմամբ: 5 տուրից հետո Հայաստանի գործող չեմպիոնը Լիգայի փուլի մրցաշարային աղյուսակում 8 միավորով 17-րդ տեղում է:

FastNews-ը հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1.«Նոան» եվրագավաթների մրցաշարերում հոբելյանական՝ 30-րդ խաղն ավարտեց կամային հաղթանակով, որով ընդհատեց Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում առանց հաղթանակների 3 խաղերի շարքը: Նախորդ հաղթանակը գործող չեմպիոնը տարել էր խորվաթական «Ռիեկայի» նկատմամբ Նարդին Մուլահուսեյնովիչի խփած միակ գոլի շնորհիվ:

Եվրագավաթների մրցաշարերում «Նոան» 12-րդ հաղթանակը տոնեց: 7 խաղ ավարտվել է ոչ-ոքի, 11-ում «Նոան» պարտվել է, խփել է 47 գոլ, բաց է թողել 48 գնդակ:

2. Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում «Նոան» 13-րդ խաղն անցկացրեց՝ տանելով 5-րդ հաղթանակը: Հայաստանի չեմպիոնը 5 խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 3 պարտություն, խփել է 21 գոլ, բաց է թողել 17 գնդակ:

3. «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի տնային 3-րդ խաղում 2-րդ հաղթանակը տոնեց: Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում Հայաստանի չեմպիոնը սեփական դաշտում անցկացրած 7 հանդիպումներից 4-ում հաղթել է, 2-ում՝ պարտվել, մեկ խաղում գրանցվել է ոչ-ոքի, խփել է 9 գոլ, բաց է թողել 7 գնդակ:

4. Նախորդ մրցաշրջանի համեմատ «Նոան» ավելի հաջող է հանդես գալիս Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում՝ 5 խաղում վաստակելով 8 միավոր: Նախորդ մրցաշրջանի Լիգայի փուլում անցկացրած մեկնարկային 5հանդիպումներում «Նոան» 4 միավոր էր վաստակել:

Մեկնարկային խաղում «Նոան» սեփական դաշտում 2 անպատասխան գնդակ էր ուղարկել չեխական «Մլադա Բոլեսլավի» դարպասը, իսկ հաջորդ երկու խաղերում հյուրընկալվելիս պարտվել էր ավստրիական «Ռապիդին» (0-1) և անգլիական «Չելսիին» (0-8): 4-րդ տուրում իսլանդական «Վիկինգուրի» հետ տնային խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի, իսկ հաջորդ խաղում «Նոան» սեփական դաշտում 1-3 հաշվով զիջել էր Կիպրոսի ԱՊՕԵԼ-ին:

5. Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում ընդհանուր առմամբ անցկացրած 11 խաղում «Նոան» 3 հաղթանակ է տոնել, նույնքան խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 5 պարտություն, խփել է 12 գոլ, սեփական դարպասը բաց է թողել 21 գնդակ:

6. «Նոան» եվրագավաթների մրցաշարերում առաջին անգամ մրցեց լեհական թիմի հետ: «Լեգիան» էլ առաջին խաղն անցկացրեց Հայաստանի ներկայացուցչի հետ՝ դառնալով լեհական 5-րդ ակումբը: Լեհական թիմերի հետ եվրագավաթներում անցկացված 9 հանդիպումներում հայկական ակումբները 3-րդ հաղթանակը տարան: 2 խաղ ավարտվել է ոչ-ոքի, 4-ում մեր թիմերը պարտվել են, խփել են 11 գոլ, բաց են թողել 14 գնդակ:

7. Եվրագավաթներում հայ-լեհական ֆուտբոլային դիմակայությունում նախկինում միայն «Արարատին» էր հաջողվել հաղթահարել լեհական ակումբի արգելքը: 1995/96թթ. Գավաթակիրների գավաթի մրցաշարում արարատցիները հետխաղյա 11մ հարվածաշարում 5-4 հաշվով հաղթել էին Կատովիցեի ԳԿՍ-ին: Առաջին խաղում պարտվելով 0-2 հաշվով, արարատցիները Երևանում հաղթել էին նույնպիսի հաշվով:

Լեհական թիմի հետ մրցավեճում 2-րդ հաղթանակը տոնել էր «Գանձասար-Կապանը»՝ 2018/19թթ. Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում սեփական դաշտում 2-1 հաշվով առավելության հասնելով «Լեխի» նկատմամբ: Սակայն հաջորդ փուլի ուղեգիրը նվաճել էր մրցակիցը, քանի որ առաջին խաղում 2 անպատասխան գնդակ էր ուղարկել գանձասարցիների դարպասը:

1995/96թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում «Շիրակը» զիջել էր «Զագլեբիեին» (0-0, 0-1), իսկ 2021/22թթ. Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում «Արարատին» պայքարից դուրս էր թողել «Շլյոնսկը» (2-4, 3-3):

8. Մաթեուս Այասը բացեց գոլերի հաշիվը Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի ընթացիկ խաղարկությունում: Դա բրազիլացի ֆուտբոլիստի 3-րդ գոլն էր եվրագավաթների ընթացիկ խաղարկության հանդիպումներում:

Գոլերի հաշիվը նա բացել էր հունգարական «Ֆերենցվարոշի» հետ կայացած Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում: 2-րդ գոլն Այասի հաշվին գրանցվել էր սլովենական «Օլիմպիայի» հետ կայացած Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում:

Մաթեուս Այասը եվրագավաթների մրցաշարերում 9-րդ գոլը խփեց: Նա եվրագավաթներում հայկական ակումբների լավագույն ռմբարկուն է: 7 գոլով երկրորդ տեղում Յուսուֆ Օտուբանջոն է: Այասը գոլերից 4-ը խփել է Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում, որից 3-ը՝ նախորդ մրցաշրջանում:

9. Նարդին Մուլահուսեյնովիչը շարունակեց արդյունավետ խաղերի ռեկորդային շարքը՝ 5-րդ անընդմեջ խաղում դառնալով գոլի հեղինակ ու կամային հաղթանակ պարգևելով իր թիմին: Նա 5 գնդակով Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում հայկական ակումբների լավագույն ռմբարկուն է: Բոսնիացի հարձակվողը հավասարվեց իր թիմակից Ուլադ Օմարին, որը եվրագավաթների ընթացիկ խաղարկությանը մասնակցած հայկական ակումբների ֆուտբոլիստներից բոլորից արդյունավետ էր գործել՝ խփելով 5 գոլ:

Եվրագավաթներում նա իր գոլերի հաշիվը բացել էր խորվաթական «Ռիեկայի» հետ կայացած Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի մեկնարկային խաղում, ապա գրավել էր ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի», չեխական «Սիգմայի» և շոտլանդական «Աբերդինի» դարպասները:

Նարդին Մուլահուսեյնովիչը 5 գոլով «Ցելյեի» ֆուտբոլիստ Ֆրանկո Կովաչևիչի հետ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուն է:

10. Գոնսալո Սիլվան ընդգրկվեց եվրագավաթներում հանդես եկած ամենատարեց լեգեոնականների տասնյակում: «Լեգիայի» հետ խաղում նա 34 տարեկան 190 օրական էր: Սիլվան տասնյակից դուրս թողեց «Արարատ-Արմենիայի» նախկին ֆուտբոլիստ Յոան Գուֆրանին, որն իր վերջին խաղը եվրագավաթներում անցկացրել էր 34 տարեկան 129 օրականում:

fastnews-ads-banner