Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում «Նոան» Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 2-1 հաշվով հաղթեց Լեհաստանի գավաթակիր «Լեգիային»։
Հյուրերից հաշիվը երրորդ րոպեին բացեց Միլետա Ռայովիչը` օգտվելով «Նոայի» ավագ Գոնսալու Սիլվայի ու դարպասապահ Թիմոտի Ֆայուլուի չհամաձայնեցված գործողությունից ու կոպիտ սխալից։
Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմից 57-րդ րոպեին պատասխան գնդակը գրանցեց Մաթեուս Այասը։ Հայաստանի չեմպիոնի հաղթական գոլը 84-րդ րոպեին խփեց Նարդին Մուլահուսեյնովիչը։ Բոսնիացի ֆուտբոլիստը Լիգայի փուլում դարպասի գրավմամբ աչքի ընկավ 5-րդ խաղում անընդմեջ։
«Լեգիայից» հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը` փոխարինման մտնելով 82-րդ րոպեին։
«Նոան» Լիգայի փուլում երկրորդ հաղթանակը տարավ և 8 միավորով բարձրացավ 13-րդ տեղ` գործնականում ապահովելով տեղն անցումային փլեյ-օֆֆում։ Հայկական ակումբը վերջին` 6-րդ տուրի հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 18-ին` Լեհաստանի Լյուբլին քաղաքում մրցելով Կևի «Դինամոյի» դեմ։
«Լեգիան» 3 միավորով 29-րդն է։
Կոնֆերենցիաների լիգա, Լիգայի փուլ, 5-րդ տուր
«Նոա» (Հայաստան) - «Լեգիա» (Լեհաստան)` 2-1
Մաթեուս Այաս, 57, Նարդին Մուլահուսեյնովիչ, 84 - Միլետա Ռայովիչ, 3
Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


