Հայաստանի ազգային հավաքականը Չեռնոգորիայի հետ ընկերական խաղում գրանցած ոչ-ոքիով (2-2) ընդհատեց խոշոր հաշվով կրած 3 անընդմեջ պարտությունների շարքը:
FastNews-ը հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1. Հայաստանի ազգային հավաքականն իր պատմության մեջ ամենաարագ գոլը խփեց: Էդուարդ Սպերցյանը Բալշա Պոպովիչի պաշտպանած դարպասը գրավեց 24-րդ վայրկյանին: Նախորդ ռեկորդի հեղինակը Յուրա Մովսիսյանն էր, որը 2013թ. հունիսի 11-ին Կոպենհագենում դանիացիների հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղի 26-րդ վայրկյանին գրավել էր Ստեֆան Անդերսենի պաշտպանած դարպասը:
2. ՀՀ հավաքականն ընկերական 89-րդ հանդիպումն անցկացրեց՝ գրանցելով 19-րդ ոչ-ոքին: Մեր ֆուտբոլիստները 26 հաղթանակ են տոնել, 44 անգամ պարտվել են, խփել են 99 գոլ, բաց են թողել 162 գնդակ: Ընկերական հանդիպումներում վերջին հաղթանակը Հայաստանի հավաքականը տարել է մեկ տարի առաջ՝ հունիսի 7-ին Երևանում 2-1 հաշվով պարտության մատնելով ղազախներին:
3. Հայաստանի հավաքականին կրկին չհաջողվեց սեփական դարպասն անառիկ պահել: Վերջին 31 հանդիպումներում մրցակիցներին մշտապես հաջողվել է խոցել Հայաստանի հավաքականի դարպասը՝ ընդհանուր առմամբ խփելով 68 գոլ: Այդ հանդիպումներից միայն 5-ում է հավաքականը հաղթել, 6-ն ավարտել է ոչ-ոքի, 20-ում պարտվել է, որից 6-ը՝ խոշոր հաշվով, խփել է 34 գոլ: Այս ցուցանիշը Հայաստանի հավաքականի պատմության մեջ յուրօրինակ հակառեկորդ է:
Վերջին անգամ հավաքականը գոլ բաց չի թողել 2022թ. հունիսի 4-ին Երևանում Իռլանդիայի հետ Ազգերի լիգայի խաղում (1-0), որտեղ դարպասը պաշտպանում էր Դավիթ Յուրչենկոն:
4. Հայաստանի և Չեռնոգորիայի հավաքականների 4-րդ հանդիպման ժամանակ առաջին ոչ-ոքին գրանցվեց: Չեռնոգորիայի Նիկշիչ քաղաքում կայացած հանդիպումը մրցակիցների միջև 2-րդ ընկերական խաղն էր: Առաջինը տեղի էր ունեցել 2022թ. մարտի 24-ին Երևանում: Մեր հավաքականին հաղթանակ էր պարգևել Վահան Բիչախչյանի խփած միակ գոլը:
5. Իսկ մրցակիցների միջև կայացած առաջին երկու հանդիպումներն ընտրական բնույթ են կրել: Հայաստանի և Չեռնոգորիայի հավաքականներն ընդգրկվել էին 2018թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի E խմբում: 2016թ. նոյեմբերի 11-ին Երևանում կայացած խաղը, որում ՀՀ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր նորամուտն էր նշում Արթուր Պետրոսյանը, դրամատիկ ավարտ ունեցավ:
Առաջին խաղակեսում մրցակցին զիջելով 0-2 հաշվով, մեր հավաքականն ընդմիջումից հետո քամբեք իրականացրեց՝ Արտակ Գրիգորյանի, Վարազդատ Հարոյանի և ավելացված ժամանակում Գևորգ Ղազարյանի խփած գոլերի շնորհիվ կամային հաղթանակ տոնելով:
2017թ. հունիսի 10-ին Պոդգորիցայում կայացած խաղում Չեռնոգորիայի հավաքականը 4-1 հաշվով ռևանշի հասավ: Մեր հավաքականից միակ գոլը խաղավերջում խփեց Ռուսլան Կորյանը:
6. Էդուարդ Սպերցյանը հավաքականում անցկացրած իր վերջին 3 խաղերում (նա չէր մասնակցել վրացիների հետ կայացած հանդիպումներին) խաղադաշտից առանց գոլի չի հեռացել՝ 4 անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Առաջին գոլը նա խփել էր անցյալ տարվա նոյեմբերի 17-ին Ռիգայում լատվիացիների հետ կայացած Ազգերի լիգայի մրցախաղում:
Սպերցյանը հավաքականում առաջին անգամ դուբլի հեղինակ դարձավ: Նա գոլերի թիվը հասցրեց 9-ի և Էդգար Մանուչարյանի ու Տիգրան Բարսեղյանի հետ հավաքականի ռմբարկուների ցանկում բաժանում է 6-8-րդ տեղերը:
7. Մեկամյա ընդմիջումից հետո Արսեն Բեգլարյանը կրկին պաշտպանեց Հայաստանի հավաքականի դարպասը: Նախորդ անգամ նա խաղադաշտ էր դուրս եկել անցյալ տարվա մարտի 22-ին Կոսովոյի հավաքականի հետ Երևանում կայացած ընկերական խաղում՝ 82-րդ րոպեին փոխարինելով Ստանիսլավ Բուչնևին: Բեգլարյանը հավաքականում 17-րդ խաղն անցկացրեց, որոնցում 26 գոլ է բաց թողել:
8. Ստյոպա Մկրտչյանը հավաքականում հոբելյանական՝ 20-րդ հանդիպումն անցկացրեց: Հետաքրքիր է, որ նրա նորամուտը կայացել էր 2022թ. մարտի 24-ին Չեռնոգորիայի հավաքականի հետ Երևանում անցկացված ընկերական խաղում, որում երիտասարդ պաշտպանը մեկնարկային կազմում էր և մասնակցել էր ամբողջ հանդիպմանը:
9. Չեռնոգորցիների հետ խաղում ՀՀ հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստը Վարազդատ Հարոյանն էր, որը 92-րդ հանդիպումն անցկացրեց: Հարոյանի ցուցանիշը 4-րդն է Սարգիս Հովսեփյանից (132 խաղ), Հենրիխ Մխիթարյանից (95) և Ռոման Բերեզովսկուց (94) հետո:
10. ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներ Դանիել Աղբալյանն ու Արայիկ Էլոյանը նորամուտը նշեցին Հայաստանի ազգային հավաքականում: 1992թ. մինչ օրս հավաքականում 245 ֆուտբոլիստներ են խաղադաշտ դուրս եկել: Նախորդ խաղերում Ջոն վան'տ Սխիպի օրոք հավաքականում նորամուտն էին նշել Նիկոլաս Կալուկյանն ու Թոմաս Ադորյանը: