Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ն Լիգայի փուլի չորրորդ տուրում ընդունեց մրցաշրջանն այդ պահին 15 անընդմեջ հաղթանակով սկսած, Գերմանիայի չեմպիոն «Բավարիային» և պարտվեց 1-2 հաշվով:
Մյունխենյան գրանդից առաջին խաղակեսում դուբլ գրանցեց կոլումբացի վինգեր Լուիս Դիասը, որն առաջին կեսին ավելացված 7-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ: Ընդմիջման գնալուց առաջ Դիասը կոպիտ խախտում կատարեց Աշրաֆ Հաքիմիի դեմ պայքարում: Մարոկկացին վնասվածքի պատճառով փոխարինվեց:
ՊՍԺ-ից 74-րդ րոպեին հաշիվը կրճատեց պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Նևեշը: Փարիզցիներն ավելին անել չկարողացան:
Ի դեպ, 25-րդ րոպեին էլ վնասվածքի պատճառով փոխարինվել է փարիզյան գրանդի առաջատար, «Ոսկե գնդակի» գործող դափնեկիր Ուսման Դեմբելեն:
«Բավարիան» 12 միավորով հավասարվեց առաջատար Լոնդոնի «Արսենալին», որը քիչ առաջ 4-րդ անընդմեջ հաղթանակն էր տարել: ՊՍԺ-ն 9 միավորով այս պահի դրությամբ երրորդն է:
Անգլիական «Լիվերպուլն» էլ օրվա մյուս թոփ դիմակայությունում «Էնֆիլդում» ընդունեց Մադրիդի «Ռեալին» և հաղթեց 1-0 հաշվով: Խաղի միակ գոլը 61-րդ րոպեին խփեց արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիստերը:
Մինչև գոլը հյուրերի դարպասապահ Տիբո Կուրտուան 7 սեյվ էր կատարել:
«Ռեալի» կազմում 81-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, որին «Էնֆիլդում» դիմավորեցին սուլոցներով:
«Լիվերպուլը» և «Ռեալը» 9-ական միավորով 5-6-րդ տեղերում են, լրացուցիչ ցուցանիշներով զիջում են ՊՍԺ-ին և «Ինտերին», որը նոյեմբերի 5-ին կընդունի «Կայրաթին»:
Հաղթանակներ տարան նաև Մադրիդի «Աթլետիկոն», Լոնդոնի «Տոտենհեմը» և «Մոնակոն»:
Թուրինի «Յուվենտուսն» էլ Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ տնային խաղում գրանցեց 1-1 հաշիվը, նույն հաշիվը գրանցվեց նաև Հունաստանի չեմպիոն «Օլիմպիակոսի» և նիդերլանդական ՊՍՎ-ի միջև մրցավեճում:
«Տոտենհեմը» 8 միավորով 7-րդն է, «Սպորտինգը»` 7 միավորով 10-րդը, «Աթլետիկոն»` 6 միավորով 14-րդը, «Յուվենտուսը»` 3 միավորով 23-րդը:
Չեմպիոնների լիգա, Լիգայի փուլ, չորրորդ տուր
ՊՍԺ (Ֆրանսիա) - «Բավարիա» (Գերմանիա)` 1-2
Ժոաու Նևեշ, 74 - Լուիս Դիաս, 4, 32
Հեռացում` Լուիս Դիաս, 45+7 («Բավարիա»)
«Լիվերպուլ» (Անգլիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)` 1-0
Ալեքսիս Մաքալիստեր, 61
«Յուվենտուս» (Իտալիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)` 1-1
Դուշան Վլահովիչ, 34 - Մաքսիմիլիանո Արաուժո, 12
«Տոտենհեմ» (Անգլիա) - «Կոպենհագեն» (Դանիա)` 4-0
Բրենան Ջոնսոն, 19, Ուիլսոն Օդոբեր, 51, Միկի վան դե Վեն, 64, Ժոաու Պալինյա, 67
Հեռացում` Բրենան Ջոնսոն, 57 («Տոտենհեմ»)
«Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) - «Յունիոն Սենտ Ժիլուազ» (Բելգիա)` 3-1
Խուլիան Ալվարես, 39, Քոնոր Գալահեր, 72, Մարկոս Լյորենտե, 90+6 - Ռոս Սայքս, 80
«Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)` 0-1
Ֆոլարին Բալոգուն, 43
Հեռացում` Յոսթեյն Գունդերսեն, 82 («Բուդյո-Գլիմտ»)
«Օլիմպիակոս» (Հունաստան) - ՊՍՎ (Նիդերլանդներ)` 1-1
Ժելսոն Մարտինշ, 17 - Ռիկարդո Պեպի, 90+3
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


