Հուլիսի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահը հանրությանը բացահայտել է Ռուբեն Շահվերդյանի բազմակողմանի ժառանգությունը՝ ներկայացնելով նկարչի 125-ամյակին նվիրված խոշոր ցուցահանդես:
«Ռուբեն Շահվերդյան. Նախշապատումներ» ցուցահանդեսին ներկայացված ստեղծագործական ժառանգությունը արևելյան զգայականության, հայկական պատկերագրական ավանդույթների և արդիական ձևամտածողության եզակի համադրություն է։ Այն ներառում է վարպետի մոտ 90 աշխատանք՝ գեղանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, կերամիկա և նկարչի հայտնի դեկորատիվ ափսեները: Ազգային պատկերասրահի հավաքածուի աշխատանքներից բացի, ցուցահանդեսում ներկայացված են նաև Ժողովրդական արվեստի թանգարանի և մասնավոր հավաքածուների ստեղծագործություններ:
Ցուցահանդեսը եզակի է նրանով, որ ստեղծագործություններից շատերը լայն հանրությանը ներկայացվում են առաջին անգամ: Ինչպես նշել են կազմակերպիչները, ստեղծագործությունների զգալի մասը երկար տարիներ գտնվել է թանգարանային հավաքածուներում և նախկինում երբեք չի ցուցադրվել:
Նկարիչը կենդանության օրոք ունեցել է միայն մեկ անհատական ցուցահանդես, ինչը ներկայիս ցուցահանդեսը դարձնում է նրա ժառանգության առաջին լայնածավալ հետահայացը:


