Logo

Այսօր սիրված դերասան Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է

16:34 / 01.04.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ապրիլի 1-ը հայ թատրոնի և կինոյի մեծագույն դեմքերից մեկի՝ Խորեն Աբրահամյան ծննդյան օրն է։

Խորեն Աբրահամյանը ծնվել է 1930 թվականին Երևանում: Նա դարձել է հայկական մշակույթի այնպիսի ներկայացուցիչ, որի ստեղծագործական ուղին մինչ այսօր շարունակում է ներշնչել նոր սերունդներին։ Դպրոցական տարիներին ներգրավված է եղել բռնցքամարտի մայրաքաղաքային հավաքականի կազմում, ցանկացել է կամ ճարտարապետ, կամ գրականագետ դառնալ: Սակայն խորեոգրաֆիկ դպրոցում, ապա նաև Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանում սովորելը եղավ ճակատագրական:

Արվեստի ճանապարհը շարունակեց 1946-ին՝ ընդունվելով Գեղարվեստաթատերական ինստիտուտի նախապատրաստական կուրս, այնուհետև՝ ինստիտուտ: Ասում են՝ թատերական ինստիտուտ գնացել է մոր ազդեցությամբ: Իստիտուտն ավարտելուց հետո հանդես է եկել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն-ում՝ կերտելով տասնյակ հիշարժան կերպարներ, ավելի ուշ դարձել է գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար: Զուգահեռ աշխատել է նաև Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

Աբրահամյանի դերակատարումները առանձնանում էին խոր հոգեբանական վերլուծությամբ, հզոր ձայնով և բացառիկ բեմական ներկայությամբ։ Նա մեծ հաջողություններ է գրանցել նաև կինոյում՝ հանդես գալով մի շարք ֆիլմերում, որոնք դարձել են հայկական կինոարվեստի ոսկե ֆոնդի մաս։ Իր կատարած աշխատանքի համար արժանացել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը:

Խորեն Աբրահամյանը ոչ միայն դերասան էր, այլև հասարակական գործիչ, ով իր արվեստով և դիրքորոշմամբ կարևոր դեր ուներ հասարակության մշակութային զարգացման մեջ։ Նրա անունը հավերժ կմնա հայ արվեստի պատմության մեջ՝ որպես նվիրվածության, տաղանդի և ազգային ինքնության խորհրդանիշ։ Նա իր արվեստով կարողացավ խոսել սերունդների հետ՝ առանց սահմանների ու ժամանակի։

fastnews-ads-banner