Logo

ԱԱԱ. Գարսիաների ու Մբապեի գոլերը «Ռեալին» դուրս բերեցին կիսաեզրափակիչ

02:00 / 06.07.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» նվաճեց ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչի վերջին ուղեգիրը: Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչում 3-2 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»:

10-րդ րոպեին հաշիվը բացեց իսպանացի հարձակվող Գոնսալո Գարսիան: 21-ամյա ֆուտբոլիստը երրորդ խաղն անընդմեջ գոլ խփեց, իսկ ընդհանուր առմամբ ԱԱԱ-ում չորրորդ անգամ աչքի ընկավ դարպասի գրավմամբ: Իսպանացին այս պահի դրությամբ մրցաշարի գլխավոր ռմբարկուի կոչումը կիսում է արգենտինացի վինգեր Անխել Դի Մարիայի հետ, որի արդեն նախկին թիմը` Լիսաբոնի «Բենֆիկան», ավարտել է ելույթները: Նույնքան գոլ ունի նաև Ռիադի «Ալ Հիլալի» բրազիլացի հարձակվող Մարկոս Լեոնարդոն, որի թիմը ևս ավարտել է ելույթները:

«Բորուսիայի» դեմ խաղում «Արքայական ակումբի» երկրորդ գոլը 20-րդ րոպեին խփեց իսպանացի եզրային պաշտպան Ֆրան Գարսիան:

Երկրորդ խաղակեսին ավելացված ժամանակի երկրորդ րոպեին «Բորուսիայից» գոլ խփեց գերմանացի հարձակվող Մաքսիմիլիան Բայերը, սակայն երկու րոպե անց «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն վերականգնեց երկու գնդակի առավելությունը: Կիլիանը դարպասի գրավմամբ աչքի ընկավ շրջադարձ հարվածով, իսկ գոլը նվիրեց ավտովթարի զոհ դարձած Դիոգու Ժոտային:

Հաջորդ գրոհի ժամանակ Սերու Գիրասին 11-մետրանոց վաստակեց «Բորուսիայի» համար. վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ ստացավ մադրիդյան ակումբի նորեկ, իսպանացի պաշտպան Դին Հաուսենը: 11-մետրանոցն իրացրեց Գիրասին, որը ևս չորս գոլ ունի մրցաշարում:

Իսպանական գրանդը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթակիր ֆրանսիական ՊՍԺ-ի հետ, որը ժամեր առաջ 2-0 հաշվով հաղթել էր Մյունխենի «Բավարիային»: Ավելի վաղ կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել էին բրազիլական «Ֆլումինենսեն» և ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հաղթող Լոնդոնի «Չելսին»:

Աշխարհի ակումբային առաջնություն, քառորդ եզրափակիչ

«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)` 3-2

Գոնսալո Գարսիա, 10, Ֆրան Գարսիա, 20, Կիլիան Մբապե, 90+4 - Մաքսիմիլիան Բայեր, 90+2, Սերու Գիրասի, 90+8 (11մ)

Հեռացում` Դին Հաուսեն, 90+6 («Ռեալ»)

Աշխարհի ակումբային առաջնության խաղերը, սկսած փլեյ-օֆֆից, հեռարձակվում են «Ֆասթ Սպորտ»-ով:

fastnews-ads-banner