FastNews-ը նախորդ հրապարակումներում ներկայացրել էր 21-րդ դարում բոլոր մրցաշարերում, ինչպես նաև Հայաստանի առաջնություններում խփած գոլերի քանակով հայկական ֆուտբոլի գլխավոր ռմբարկուներին: Այսօր կանդրադառնանք այն ֆուտբոլիստներին, որոնք 21-րդ դարում անցկացված ՀՀ առաջնություններում առավել շատ հանդիպումների են մասնակցել:
Եվ այսպես, 21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստը վերջերս ֆուտբոլային կարիերան ավարտած 37-ամյա Արտակ Գրիգորյանն է, որը 404 խաղ է անցկացրել: Նա միակ ֆուտբոլիստն է, որ 21-րդ դարի Հայաստանի առաջնություններում հատել է 400 խաղի սահմանագիծը:
Նշենք, որ նախորդ մրցաշրջանում «Փյունիկում» չեմպիոնական իր 6-րդ ոսկե մեդալին արժանացած Գրիգորյանը մտադիր էր ավարտել ֆուտբոլային կարիերան, որի մասին տեղեկացա նրա հետ ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի ունեցած պատահական հանդիպման ժամանակ: Տեղեկանալով իրեն սպասվող պատմական իադարձության մասին, փորձառու ֆուտբոլիստը որոշեց շարունակել ելույթները: Եղիշե Մելիքյանն էլ իր հերթին թիմում տիրող սուր մրցակցության պայմաններում Արտակ Գրիգորյանին հնարավորություն ընձեռեց հասնելու պատմական նվաճման:
Գրիգորյանը ֆուտբոլային իր ողջ կարիերան անցկացրել է Հայաստանում՝ մասնակցելով 17 առաջնությունների: Նրա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսվել է «Արարատում», որի կազմում նորամուտը նշել է 2008թ. ապրիլի 19-ին «Ուլիսի» հետ անցկացրած առաջնության 2-րդ տուրի խաղում: Հանդիպման 88-րդ րոպեին Վարուժան Սուքիասյանը թիմի ավագ Արթուր Մինասյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց 20-ամյա Արտակին:
Ֆուտբոլային կարիերայում իր ամենանշանակալի նվաճումներին Գրիգորյանը հասել է «Ալաշկերտում»՝ 4 անգամ արժանանալով Հայաստանի չեմպիոնի տիտղոսին, 2-ական անգամ դառնալով սուպերգավաթակիր և բրոնզե մրցանակակիր, մեկ անգամ էլ՝ Հայաստանի գավաթակիր: Արտակը ՀՀ առաջնություններում «Ալաշկերտում» անցկացրած խաղերի քանակով (207) թիմի ռեկորդակիրն է: Նրա ռեկորդը դեռ երկար տարիներ անսասան կմնա:
Հայկական ֆուտբոլի անվանի վետերաններից մեկը 21-րդ դարի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը գլխավորում է 2023թ. նոյեմբերի 10-ից: Այդ օրը «Ալաշկերտի» ավագը Fastex Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Ուրարտուի» հետ խաղում 356-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ և գերազանցեց «Շիրակի» նախկին ավագ Տիգրան Դավթյանի ռեկորդային ցուցանիշը:
21-րդ դարի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկում 2-րդ տեղում ընթացիկ առաջնության ամենատարեց մասնակից, 38-ամյա Հրայր Մկոյանն է: «Շիրակի» ավագը Հայաստանում անցկացրած 18 մրցաշրջաններում մասնակցել է առաջնության 369 խաղի: Մկոյանը կարող էր լինել 21-րդ դարում ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստը, եթե 3 մրցաշրջան (2014/15-2016/17թթ.) չբացակայեր Հայաստանից՝ հանդես գալով Իրանում:
Սակայն ներկայումս էլ գյումրեցի ֆուտբոլիստը լավ հնարավորություն ունի գերազանցելու Արտակ Գրիգորյանի ռեկորդային ցուցանիշը: Դրա համար անհրաժեշտ կլինի խաղալ նաև հաջորդ մրցաշրջանում: Գուցե այս հրապարակումը խթան դառնա Մկոյանի համար երկարաձգելու ֆուտբոլային իր հարուստ կարիերան:
Ֆուտբոլային առաջին քայլերը Մկոյանը կատարել է հարազատ Գյումրիում: Դեռ 18 տարին չլրացած, Մկոյանը նորամուտը նշեց «Շիրակում»՝ մասնակցելով 2004թ. հունիսի 12-ին Երևանում «Արարատի» հետ կայացած առաջնության 9-րդ տուրի հանդիպմանը: Խաղի 81-րդ րոպեին, երբ «Շիրակը» պարտվում էր 0-2 հաշվով, թիմի գլխավոր մարզիչ Անդրանիկ Ադամյանն Արման Տոնոյանի փոխարեն խաղադաշտ մտցրեց պատանի Հրայրին:
Այդ պահին ոչ Մկոյանի, ոչ էլ մարզադաշտում գտնվող որևէ մեկի մտքով դժվար թե անցներ, որ տարիներ անց պատանի ֆուտբոլիստը կկրեր «Արարատի» մարզաշապիկը, իսկ ավելի ուշ կրկին կվերադառնար լեգենդար թիմ արդեն ավագի կարգավիճակով: Փորձառու ֆուտբոլիստը հանդես է եկել նաև «Ուլիսում», «Միկայում», «Գանձասար-Կապանում», «Արարատ-Արմենիայում» և «Ալաշկերտում»:
21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստների եռյակը 355 խաղով եզրափակում է Գյումրիի «Շիրակի» նախկին ավագ Տիգրան Դավթյանը: Ֆուտբոլային երկարակեցությամբ աչքի ընկած Դավթյանը մասնակցել է 21-րդ դարում անցկացված առաջին 14 առաջնություններին: Նա իր ելույթներն ավարտել է 37 տարեկանում՝ 2014/15թթ. մրցաշրջանի ավարտից հետո:
Իր նախկին թիմակից, ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով (461) ռեկորդակիր Հովհաննես Թահմազյանից հետո Տիգրան Դավթյանը Բարձրագույն խմբում 400 խաղի սահմանագիծը հատած 2-րդ ֆուտբոլիստն է, որը մասնակցել է 409 հանդիպման:
Բարձրագույն խմբում Տիգրան Դավթյանը նորամուտը նշել է 20 տարեկանում Գյումրիի համանուն թիմում՝ 1999թ. մարտի 7-ին «Շիրակի» հետ կայացած առաջնության մեկնարկային խաղում (0-6) փոխարինման դուրս գալով ընդմիջումից անմիջապես հետո: Նա թիմի հիմնական խաղացողներից մեկն էր` մասնակցելով կայացած 33 հանդիպումներից 30-ին:
Հաջորդ տարի Դավթյանին հրավիրեցին «Շիրակ», որի կազմում որոշ ընդմիջումներով նա հանդես է եկել 11 մրցաշրջան` հարազատ թիմում անցկացնելով 285 խաղ, խփելով 43 գոլ:
2004թ. մրցաշրջանի ավարտից հետո նա հեռացավ հարազատ թիմից՝ բախտ որոնելով «Միկայում»: 2005-2007թթ. միկացիների կազմում անցկացրած 3 մրցաշրջանները բավական հաջող էին Տիգրան Դավթյանի համար: Նա թիմի կազմում դարձավ կրկնակի գավաթակիր, սուպերգավաթակիր, 2 անգամ արժանացավ բրոնզե մեդալի: 2008թ. նա հանդես եկավ «Ուլիսում», որից հետո վերադարձավ հարազատ կոլեկտիվ:
21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկում 4-րդ տեղում Արտակ Եդիգարյանն է: Ընթացիկ մրցաշրջանում «Գանձասարում» նորամուտը նշած 34-ամյա ֆուտբոլիստն առաջնությունում 347 խաղ է անցկացրել:
Արտակ Եդիգարյանը «Փյունիկի» մարզադպրոցի սան է: Բարձրագույն խմբում նրա նորամուտը տեղի է ունեցել 2007թ. հոկտեմբերի 3-ին «Բանանցի» հետ կայացած խաղում: Հանդիպման 75-րդ րոպեին Արմեն Գյուլբուդաղյանցը Կառլեն Մկրտչյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց 17-ամյա Եդիգարյանին:
Ընդհանուր առմամբ Եդիգարյանը 7 մրցաշրջան է անցկացրել «Փյունիկում»: Նա խաղացել է նաև «Բանանցում», «Ալաշկերտում» և «Արարատում»: Ի դեպ, հենց «Ալաշկերտում» բացահայտվեցին Եդիգարյանի ռմբարկուական հատկանիշները: Տիրապետելով հուժկու և դիպուկ հարվածների, հաջող իրացնելով տուգանային և 11մ հարվածները, Արտակը 2 մրցաշրջան անընդմեջ (2016/17թթ.՝ Միհրան Մանասյանի հետ, 2017/18թթ.) 13-ական գնդակով ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու:
21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստների թվում են նաև ընթացիկ առաջնության ևս 4 մասնակիցներ՝ Կարեն Մուրադյանը, Տարոն Ոսկանյանը, Էդգար Մալաքյանն ու Արտակ Դաշյանը, որոնք կարող են բարելավել իրենց ցուցանիշներն ու ցանկում վեր բարձրանալ: Մուրադյանն ու Ոսկանյանն առաջնության աշնանային հատվածում 300-րդ խաղի հոբելյանները նշեցին:
FastNews-ը ներկայացնում է 21-րդ դարի ՀՀ առաջնությունների 25 ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը:
Ֆուտբոլիստներ |
Խաղ |
1. Արտակ Գրիգորյան |
404 |
2. Հրայր Մկոյան |
369 |
3. Տիգրան Դավթյան |
355 |
4. Արտակ Եդիգարյան |
347 |
5. Նորայր Գրիգորյան |
319 |
6. Կարեն Մուրադյան |
307 |
7. Գևորգ Կասպարով |
306 |
8. Արամ Բարեղամյան |
304 |
9. Գագիկ Դաղբաշյան |
301 |
10. Տարոն Ոսկանյան |
300 |
11. Արտյոմ Ադամյան |
295 |
12. Գևորգ Նռանյան |
292 |
13. Արմեն Պետրոսյան |
289 |
14. Էդգար Մալաքյան |
285 |
15. Սամվել Մելքոնյան |
282 |
16. Հայկ Իշխանյան |
279 |
17. Կարեն Ալեքսանյան |
275 |
18. Անդրանիկ Բարիկյան |
274 |
19. Արա Խաչատրյան |
271 |
20. Վահագն Մինասյան |
270 |
21. Վահագն Այվազյան |
267 |
22. Արսեն Բալաբեկյան |
267 |
23. Դավիթ Գրիգորյան |
266 |
24. Արտակ Դաշյան |
265 |
25. Արթուր Յուզբաշյան |
264 |