Logo

21-րդ դարի Հայաստանի առաջնությունների 25 գլխավոր ռմբարկուները

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
18:27 / 03.02.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

FastNews-ը ներկայացրել էր 21-րդ դարում պաշտոնական մրցումներում խփած գոլերի քանակով հայկական ֆուտբոլի լավագույն ռմբարկուներին: Հիշեցնենք, որ այդ ցուցանիշով լավագույնն իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն  է, որի հաշվին 238 գոլ է գրանցված:  

Այսօր կանդրադառնանք 21-րդ դարում անցկացված ՀՀ առաջնություններում խփած գոլերի քանակով ամենաարդյունավետ ֆուտբոլիստներին: Նշենք, որ Fastex Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունը 21-րդ դարում անցկացվող 24-րդ մրցաշարն է:

21-րդ դարում Բարձրագույն խմբի առաջնություններում բոլորից արդյունավետ է գործել Արամ Հակոբյանը, որը 93 գոլի հեղինակ է դարձել: Ընդ որում Արամը մասնակցել է 21-րդ դարում անցկացված ընդամենը 7 առաջնության (2001-2003, 2005-2008թթ.): Իսկ ֆուտբոլային կարիերան նա սկսել էր 1996/97թթ. առաջնությունում Երևանի ԲԿՄԱ-ում:

Հաջորդ մրցաշրջանում արդեն «Փյունիկում» Արամը բացեց գոլերի հաշիվը Բարձրագույն խմբում: 1998-2000թթ. Արտաշատի «Դվինի» և Արարատի» «Ցեմենտի» կազմում նա ընդհանուր առմամբ 16 գոլ խփեց:

21-րդ դարն Արամ Հակոբյանը դիմավորեց Երևանի «Սպարտակում»: 2001թ. առաջնությունում նա 15 գոլ խփեց՝ արդյունավետության անձնական ռեկորդ սահմանելով: Հաջորդ մրցաշրջանում Հակոբյանը կրկնեց իր ցուցանիշը: Տեղափոխվելով «Բանանց», Արամը եղբոր՝ Արայի հետ դարձավ թիմի հարձակողական բռունցքը:  2003թ. առաջնությունում Հակոբյանը գերազանցեց արդյունավետության անձնական ռեկորդը՝ դառնալով 21 գոլի հեղինակ:

Իսկ նրա ֆուտբոլային կարիերայի աստեղային ժամը 2005-2006թթ. մրցաշրջաններն էին: 2005թ. Արամ Հակոբյանը ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, իսկ հաջորդ մրցաշրջանում 25 գնդակով դարձավ առաջնության լավագույն ռմբարկու՝ արժանանալով «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին:

Բարձրագույն խմբում Արամը ելույթներն ավարտեց 2008թ. «Ուլիսում», որի կազմում խփեց ՀՀ առաջնություններում իր կարիերայի վերջին՝ 110-րդ գոլը: Այդ գոլերից 62-ը նա խփել է «Բանանցում»՝  մինչ օրս հանդիսանալով թիմի բոլոր տարիների լավագույն ռմբարկուն:

21-րդ դարի լավագույն ռմբարկուների ցանկում 85 գնդակով 2-րդ հորիզոնականում Արտյոմ Ադամյանն է: Նա իր կարիերայի բոլոր գոլերը խփել է 21-րդ դարի առաջնություններում, թեև Բարձրագույն խմբում Երևանի «Դինամոյի» կազմում նորամուտը նշել է 2000թ.: Այդ տարի թիմի կազմում անցկացրած 25 հանդիպումներում 20-ամյա ֆուտբոլիստին այդպես էլ  չհաջողվեց վայելել խփած գոլի բերկրանքը:

Փոխարենն Ադամյանը ռմբարկուի հատկանիշներով աչքի ընկավ 2002թ. առաջնությունում՝ դառնալով 15 գոլի հեղինակ: Գոլերից 10-ը նա խփել էր առաջին շրջանում «Դինամոյում» անցկացրած 11 հանդիպումներում, 5-ը՝ երկրորդ շրջանում «Միկայի» կազմում մասնակցած 11 խաղերում: 2003 (10 գոլ) և 2005թթ. (13 գոլ) Արտյոմ Ադամյանը դարձել է «Միկայի» լավագույն ռմբարկու:

Նշենք նաև, որ Արտյոմ Ադամյանն ինքնատիպ ռեկորդի հեղինակ է: Նա Բարձրագույն խմբում ելույթ ունեցած իր 3 թիմերի բոլոր տարիների լավագույն ռմբարկուն է՝ «Դինամո»՝ 13 գոլ, «Միկա»՝ 43, «Ուլիս»՝ 29:

21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստների եռյակը 83 գնդակով եզրափակում է Արա Հակոբյանը: Մինչ նրա ֆուտբոլային կարիերային անդրադառնալը, համեմատության համար նշենք, որ 20-րդ դարում անցկացված ՀՀ 9 առաջնությունների և 1995թ. գարնանային-անցումային մրցաշարի ընդհանուր արդյունքներով լավագույն ռմբարկուների եռյակի ցուցանիշներն անհամեմատ բարձր են:

150 գոլով ցուցակը գլխավորում է ՀՀ առաջնությունների լավագույն ռմբարկու Արսեն Ավետիսյանը, որին հաջորդում են Արթուր Պետրոսյանն (125 գոլ) ու Գեղամ Հովհաննիսյանը (111 գոլ): Ընդ որում Ավետիսյանը 47 գնդակով նաև 21-րդ դարի ՀՀ առաջնությունների 25 ամենաարդյունավետ ֆուտբոլիստների ցանկում է: Եվ եթե նա 5 մրցաշրջան (2001-2005թթ.) չբացակայեր Հայաստանից՝ հանդես գալով Ռուսաստանի առաջին խմբի առաջնության մասնակից թիմերում, ապա 21-րդ դարում էլ առաջատար դիրքեր կզբաղեցներ:

Ի տարբերություն իր ավագ եղբոր և Արտյոմ Ադամյանի, Արա Հակոբյանը դեռևս 20-րդ դարավերջին, իր ֆուտբոլային կարիերայի սկզբում արդեն հասցրել էր աչքի ընկնել արդյունավետությամբ՝ ցուցադրելով ռմբարկուի ուրույն հատկանիշները: Նա երկու անգամ՝ 1998թ. Արտաշատի «Դվինում» (20 գոլ) և 2000թ. Արարատի «Արաքսում» (21 գոլ) խաղալիս ճանաչվել էր առաջնության լավագույն ռմբարկու: Ընդ որում 1998թ. 18-ամյա Արան դարձել էր ՀՀ առաջնությունների պատմության ամենաերիտասարդ լավագույն ռմբարկուն: Եվ միայն հետագայում՝ 2004թ. Էդգար Մանուչարյանին հաջողվեց գերազանցել Արա Հակոբյանի ռեկորդային ցուցանիշը՝ 21 գնդակով Գալուստ Պետրոսյանի հետ առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվելով 17 տարեկանում:

2002թ. առաջնությունում Արա Հակոբյանը 21 գնդակով դարձավ Երևանի «Սպարտակի» լավագույն ռմբարկուն, իսկ հաջորդ մրցաշրջանում արդեն «Բանանցում» աչքի ընկավ գերարդյունավետ խաղով՝ խփելով 45 գնդակ: Դա ոչ միայն ՀՀ առաջնությունների արդյունավետության բացարձակ ռեկորդ էր, այլև լավագույն արդյունքն էր եվրոպական երկրների առաջնությունների ռմբարկուների մեջ:

Արա Հակոբյանը գերազանցեց 1994թ. Արսեն Ավետիսյանի գրանցած արդյունավետության ռեկորդը՝ 39 գոլ: Ի դեպ, Արսենի այդ ցուցանիշն էլ լավագույնն էր Եվրոպայում: Եվ եթե այդ տարիներին «Ֆրանս Ֆուտբոլը» չդադարեցներ «Ոսկե խաղակոշիկի» խաղարկումը, ապա պատվավոր մրցանակը բաժին կհասներ հայ ֆուտբոլիստին:

2003թ. «Բանանցում» Արա Հակոբյանը ևս մի քանի տպավորիչ ռեկորդներ գրանցեց: Նա առաջնությունում 9 անգամ մեկ խաղում 3 և ավելի գնդակ խփեց՝ իր օգտին գրանցելով մեկական պենտա-տրիկ և պոկեր, 7 հեթ-տրիկ: Ընդ որում 4 խաղ անընդմեջ Հակոբյանը նվազագույնը 3-ական անգամ խոցել էր մրցակիցների դարպասը («Շիրակ»՝ 4 գոլ, «Արաքս», «Կոտայք», «Լեռնագործ»՝ 3-ական):

Արա Հակոբյանը  դարձավ նաև արդյունավետ խաղերի յուրօրինակ շարքի հեղինակ՝ առաջնության 11 անընդմեջ հանդիպումներում (5-15-րդ տուրեր) դաշտից չհեռանալով առանց գոլի, ընդհանուր առմամբ խփելով 24 գնդակ: Այդ մրցաշրջանում Արան մեկ այլ տպավորիչ ցուցանիշ էլ գրանցեց: Առաջնության 5-20-րդ տուրերում նա ընդհանուր առմամբ 37 գոլի հեղինակ դարձավ՝  խաղադաշտից առանց գոլի հեռանալով միայն «Փյունիկի» հետ կայացած 16-րդ տուրի մրցավեճում, որում «Բանանցը» մրցակցին զիջել էր 0-2 հաշվով՝ կրելով այդ ընթացքում իր միակ պարտությունը:

2003թ. օրացուցային տարում պաշտոնական մրցումներում խփած գոլերի քանակով (50) Արա Հակոբյանը  կրկնեց նախորդ տարում փյունիկցի Արման Քարամյանի ռեկորդային ցուցանիշը:

Արա Հակոբյանը բոլոր հնարավորություններն ուներ ճանաչվելու 21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստը, եթե 5 մրցաշրջան չբացակայեր Հայաստանից՝ հանդես գալով արտերկրում:

Ընթացիկ առաջնության մասնակիցներից Յուսուֆ Օտուբանջոն եզրափակում է լավագույն հնգյակը: Նիգերիացի հարձակվողն առաջնության աշնանային հատվածում 11 անգամ գրավելով մրցակիցների դարպասները, 76 գնդակով դարձավ Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստը՝ գերազանցելով բրազիլացի Մարկոս Պիզելիի ցուցանիշը:

Օտուբանջոն 6-րդ մրցաշրջանն է անցկացնում Հայաստանում՝ 2019/20թթ. առաջնության գարնանային հատվածում նորամուտը նշելով «Արարատ-Արմենիայում»: Այդ տարի նա առաջնության 13 հանդիպումներում 7 գոլ խփեց: Հաջորդ մրցաշրջանում «Արարատ-Արմենիայի» հարձակվողը 10 գոլով դարձավ առաջնության լավագույն ռմբարկու:

2022/23թթ. մրցաշրջանից «Փյունիկում» հանդես եկող Օտուբանջոն նոր թիմում ավելի արդյունավետ խաղ է ցուցադրում: Այդ տարի նա իր թիմակից Լուկա Յուրիչիչի հետ 17 գնդակով երկրորդ անգամ արժանացավ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին: Նախորդ առաջնությունում Օտուբանջոն արդյունավետության անձնական ռեկորդ սահմանեց՝ խփելով 21 գնդակ: Սակայն դա բավարար չէր լավագույն ռմբարկուի տիտղոսին 3-րդ անգամ արժանանալու համար, քանի որ Արթուր Միրանյանի հաշվին 23 գոլ էր գրանցված:

Յուսուֆ Օտուբանջոն բոլոր հնարավորություններն ունի դառնալու 21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստը: Արամ Հակոբյանի ցուցանիշը գերազանցելու համար նիգերիացուն անհրաժեշտ է 18 գոլ խփել: Կարծում ենք, որ հաջորդ մրցաշրջանում նա կգլխավորի ռմբարկուների ցանկը:

Ընթացիկ առաջնության մյուս մասնակից Արտակ Եդիգարյանը 64 գոլով 11-րդ տեղում է: «Գանձասարում» նրան առայժմ չի հաջողվել գոլ խփել: 49-ական գնդակով 21-րդ դարի ռմբարկուների ցանկում են նաև Արտակ Դաշյանն ու Ջոնել Դեսիրեն: Դաշյանը դեռ չի բացել գոլերի հաշիվը «Նոայում», իսկ Դեսիրեն օրերս է վերադարձել Հայաստան՝ ընդգրկվելով «Վեստ Արմենիայի» կազմում:

FastNews-ը ներկայացնում է 21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստների ցանկը:

Ֆուտբոլիստներ

Գոլ

1. Արամ Հակոբյան

93

2. Արտյոմ Ադամյան

85

3. Արա Հակոբյան

83

4. Միհրան Մանասյան

82

5. Յուսուֆ Օտուբանջո

76

6. Մարկոս Պիզելի 

75

7. Անդրանիկ Բարիկյան

72

8. Սամվել Մելքոնյան

67

9. Արթուր Քոչարյան

67

10. Նշան Էրզրումյան

66

11. Արտակ Եդիգարյան

64

12. Նարեկ Բեգլարյան

62

13. Լևոն Փաչաջյան

61

14. Նորայր Գյոզալյան

60

15. Գեղամ Հարությունյան

57

16. Արման Քարամյան

57

17. Էդգար Մանուչարյան

56

18. Արսեն  Բալաբեկյան

55

19. Գևորգ Ղազարյան

54

20. Արթուր Միրանյան      

51

21. Արտակ Դաշյան

49

22. Ջոնել Դեսիրե    

49

23. Գալուստ Պետրոսյան  

48

24. Արսեն Ավետիսյան

47

25. Տիգրան Դավթյան

47

26. Զավեն Բադոյան

47

fastnews-ads-banner