Խորվաթիայի ֆուտբոլային միությունը (HNS) երկարաձգել է պայմանագիրն ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչի հետ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
56-ամյա մասնագետի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականի աշխարհի առաջնության ավարտը, որը կկայանա ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում: 2024 թվականին Գերմանիայում կանցկացվի Եվրոպայի առաջնությունը:
«Չնայած այն հաջողություններին, որոնց մենք հասել ենք, ես ահռելի ցանկությունում ունեմ շարունակելու աշխատանքս Խորվաթիայի հետ և հավատում եմ, որ առջևում դեռ շատ մեծ խնդիրներ ենք լուծելու: Հունիսին կփորձենք հաղթել Ազգերի լիգան, իսկ հաջորդ ամառ ցանկանում ենք մասնակցել Եվրոպայի առաջնությանը»,- ասել է Դալիչը:
Հիշեցնենք, որ Դալիչը Խորվաթիայի հավաքականը գլխավորել է 2017 թվականին: Նրա գլխավորությամբ խորվաթները 2018 թվականի աշխարհի առաջնությանը դարձել են արծաթե մեդալակիր, իսկ 2022 թվականին՝ նվաճել բրոնզե մեդալ: