Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը Եվրո-2024-ի որակավորման փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի նկատմամբ 1-0 հաշվով արտագնա հաղթանակից հետո հետխաղային ասուլիսում կիսվել է տպավորություններով, հաղորդում է VNews-ի թղթակիցը:
«Նախևառաջ, շնորհավորում եմ իմ թիմին հաղթանակի և շատ կարևոր երեք միավորի համար։ Հանդիպման ընթացքում մենք ունեինք խաղային առավելություն, սակայն բաց թողեցինք մի շարք գոլային պահեր։ Հայաստանի հավաքականը պայքարեց, կռվեց մինչև վերջ և ցուցադրեց բավականին ագրեսիվ ու լավ ֆուտբոլ։ Ամեն դեպքում, մենք ավելի փորձառու թիմ ենք։ Հույս ունեմ ձեր թիմին տեսնել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում։
Ես երեկ ասել էի, որ ձեր թիմն ունի շանսեր, քանի որ Հայաստանի հավաքականը շատ լավ է խաղում ու պայքարում է։ Կփորձենք հաջորդ խաղերում էլ հասնել հաղթանակի։
Հայաստանի հավաքականի կազմում շատ լավ խաղաց Իվուն, լավ տպավորություն թողեց նաև Տիկնիզյանը, որը շատ ակտիվ էր ձախ եզրում, բայց լավագույնը դարպասապահն էր, նա որսում էր ամեն բան ու մի քանի անգամ ձեր թիմին փորկեց գոլից։ Կարծում եմ՝ նա հանդիպման լավագույն խաղացողն է։
Կարծում եմ՝ Հայաստանի հավաքականը կարող է պայքարել ուղեգրի համար, սակայն մինչև մեր դեմ պատասխան խաղը պետք է հաղթեք Լատվիային և Ուելսին։
Շնորհակալություն Հայաստանին հյուրընկալության համար, այսօր շատ լավ հանդիպում էր։ Բոլորիդ մաղթում եմ ամենայն բարիք»,- նշեց Զլատկո Դալիչը, որի գլխավորությամբ Խորվաթիայի հավաքականը նախորդ երկու աշխարհի առաջնություններում դարձել է փոխչեմպիոն (2018թ․) ու բրոնզե մեդալակիր (2022թ․)։
Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղի միակ գոլը 13-րդ րոպեին խփել էր գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Անդրեյ Կրամարիչը՝ աչքի ընկնելով անկյունայինի խաղարկման արդյունքում։
4 խաղ անցկացրած Խորվաթիայի հավաքականը երևանյան հաղթանակից հետո վաստակեց 10 միավոր և գլխավորեց D խմբի մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի նաև Թուրքիայի հավաքականը, որն անցկացրել է 5 հանդիպում և երկրորդն է։ Հայաստանի հավաքականը 5 խաղից հետո 7 միավորով երրորդ տեղում է։ Ուելսը (4 խաղ) վաստակել է 4 միավոր, իսկ խմբի հետնապահ Լատվիան պարտվել է բոլոր 4 խաղերում։