«Նոայի» մարզիչ Զլատկո Բաշիչը ներկա էր Fastex Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Արարատ» – «Նոա» հանդիպման (0-3) հետխաղային ասուլիսին: Նա խոսեց 2 հարձակվողով խաղալու և թիմում նորամուտը նշած Արամ Խամոյանի մասին: Հայաստանի չեմպիոնի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը որակազրկված էր ու խաղին հետևում էր տրիբունայից:
«Ինչպես ցանկացած խաղ ընթացիկ մրցաշրջանում, այս խաղը ևս շատ դժվար ու կարևոր էր մեզ համար։ Առաջին կեսի վերջին 15 րոպեներին թե՛ հարձակման, թե՛ պաշտպանական գծում սկսեցինք լավ հանդես գալ։ Կարող էինք ավելի շատ գոլ խփել, բայց այս պահի համար մենք ուրախ ենք նաև այս արդյունքով:
Տվյալ խաղի օրինակով՝ 2 հարձակվողով հետագայում խաղալու վերաբերյալ դեռ կտեսնենք: Մեր ծրագիրն էր այս խաղում լինել վտանգավոր և զարմացնել մրցակցին: Ամեն խաղում ադապտացվում ենք, բայց առաջին հերթին մեր կազմով ենք առաջնորդվում, հետո նոր՝ մրցակցի:
Արամ Խամոյանն իր նորամուտի խաղում արժանի էր մեկնարկային կազմում լինելուն: «Նոային» միանալու օրվանից շատ լավ էր մարզվում, հատկապես վերջերս: Արժանի էր խաղաժամանակ ստանալուն և իրեն լավ դրսևորեց: Ապագայի վերաբերյալ էլ ամեն ինչ կախված է նրանից»,- ասել է խորվաթ մասնագետը:
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


